Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 13,2009 00:00

Աբդուլա Գյուլը ժամանել է Մոսկվա

\"\"Ռուսաստանը առանցքային դեր ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Այդ մասին «Վեստի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, որը երեկ սկսել էր պետական այցը Ռուսաստան, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Թուրքիան, ըստ Գյուլի, «մեծ նշանակություն է տալիս Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպմանը, որի ավարտին ընդունվեց հռչակագիր՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին»: «Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը այդ հարցում առանցքային դեր ունի, քանի որ նա նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է,- ընդգծել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով:- Կովկասում հակամարտությունների կարգավորման գործում ցանկացած դրական զարգացում անմիջապես դրական ազդեցություն է ունենում տարածաշրջանի բոլոր երկրների վրա, ինչպես եւ իրադարձությունների ցանկացած բացասական շրջադարձ բացասաբար է անդրադառնում տարածաշրջանային բոլոր խաղացողների վրա»: «Թուրքիան արդեն բավական վաղուց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղիներ է փնտրում եւ օգտագործում է երկխոսության ցանկացած հնարավորություն»,- վստահեցրել է Աբդուլա Գյուլը եւ որպես օրինակ վկայակոչել Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի կապակցությամբ իր Երեւան կատարած այցելությունը՝ «շատ լավ եւ օգտակար» գնահատելով այցի շրջանակներում իր հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Պահուստային ֆոնդը կծախսվի՞

Շատ հնարավոր է, որ Ռուսաստանը կծախսի անցած տարիների ընթացքում նավթի բարձր գների շնորհիվ կուտակած գումարները, եւ դա տեղի կունենա ավելի արագ, քան նախատեսվում էր: Պահուստային ֆոնդը կարող է ծախսվել արդեն այս տարվա ընթացքում: Ըստ «Նեզավիսիմայա գազետա» թերթի՝ այդ հետեւությունը կարելի է անել ՌԴ նախագահ Մեդվեդեւի տնտեսական գծով խորհրդական Արկադի Դվորկովիչի հայտարարություններից: Ըստ վերջինիս՝ պահուստային ֆոնդի միջոցով ծածկվող բյուջեի դեֆիցիտը 2009-ին կարող է կազմել ՀՆԱ-ի 10%-ը, մինչդեռ ինքը՝ ֆոնդը կազմում է ՀՆԱ-ի մոտ 12%-ը: Դվորկովիչի հայտարարությունը նորություն էր մասնագետների մեծամասնության համար: Մինչ այդ, իշխանության ներկայացուցիչները խոսում էին շատ ավելի փոքր բյուջետային դեֆիցիտի մասին: Ավելին, 2008 թվականին նախագահ Մեդվեդեւի կողմից ստորագրած այս տարվա բյուջեի մասին օրենքում ենթադրվում էր, որ բյուջեն կլինի պրոֆիցիտով, այսինքն՝ եկամուտները կգերազանցեն ծախսերը, սակայն այդ օրենքի իրատեսությանը չէին հավատում նույնիսկ դրա հեղինակները: Արդեն նոյեմբերի վերջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարեց, որ ոչ մի պրոֆիցիտ էլ չի լինելու: Այնուհետեւ դեֆիցիտի պաշտոնական գնահատականները սկսեցին աստիճանաբար բարձրանալ ՀՆԱ-ի 1%-ից մինչեւ 6%, եւ հիմա էլ հայտարարվեց 10%-ի մասին: Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը պայմանավորված է նախ եւ առաջ նավթի գների կտրուկ անկմամբ:

Բակիեւը նույնպես դեմոկրատ է

\"\"Չորեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը հայտարարեց, որ պատրաստ է 2010 թվականին վերընտրվել նախագահի պաշտոնում: Սակայն նա ավելացրեց նաեւ, որ Ղրղըզստանում շատ մարդիկ կան, որոնք արժանի են նախագահ դառնալու: «Դա 1-2 հոգի չէ, բայց նրանց անունները ես չեմ տալու»,- նշեց Բակիեւը: Նա խոսեց նաեւ ժողովրդավարության մասին, ասելով, որ Ղրղըզստանում դեմոկրատիա կա այնքան, որքան կարող է տանել հասարակությունը: Բակիեւը վստահություն հայտնեց, որ ժողովրդավարության այդպիսի մակարդակ ԱՊՀ ոչ մի երկրում չկա: Նա ասաց նաեւ, որ երկրին անհրաժեշտ է ընդդիմություն, քանի որ, առանց նրա, իշխանությունն ընդհանրապես չի զբաղվի իր գործով: «Ես ողջունում եմ կառուցողական ընդդիմությունը, այնտեղ կան մարդիկ, որոնք ուզում են երկիրը փրկել: Նրանցից ոմանք մաս են կազմում իշխանության: Իսկ նրանց, ով ուզում է նախագահ դառնալ, ես ասում եմ՝ սպասի՛ր, ժամանակը կգա: Եվ եթե ժողովուրդն ընտրի՝ խնդրեմ»,- հայտարարել է Բակիեւը: Ղրղըզստանի նախագահը անդրադարձավ նաեւ ամերիկյան ռազմաբազայի փակման խնդրին: Իր այդ որոշումը նա հիմնավորեց մի քանի պատճառով՝ վարձակալման ցածր գներով, ամերիկացիների կողմից Ղրղըզստանի քաղաքացու սպանությամբ, բնապահպանական խնդիրներով: Սակայն, ըստ Բակիեւի, իր երկրի կարծիքը արեւմտյան գործընկերները հաշվի չեն առել: «Վրեմյա նովոստեյ» թերթի տեղեկություններով, Վաշինգտոնը հասկացնել տվեց, որ չի պատրաստվում պնդել ռազմաբազայի պայմանագրի երկարացումը եւ ցանկություն չունի դրա համար ավելի բարձր գին վճարել, քան վճարում էր մինչ օրս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել