ԵՊՀ-ն շարունակ զարմացնում է
Երեւանի պետական համալսարանում հերթական սկանդալն է պայթել. տնտեսագիտության ֆակուլտետի տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ, 54-ամյա պրոֆեսոր Հարություն Մարզպանյանը նույն բուհի երկրորդ կուրսի անչափահաս ուսանողուհի Լ. Ա.-ի հետ այժմ բացակայում է հանրապետությունից:
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը կատարվածի առնչությամբ որեւէ պարզաբանում չտվեց, ասելով, որ կոռեկտ չի համարում քննարկման առարկա դարձնել ինչպես Հ. Մարզպանյանի, այնպես էլ ԵՊՀ մյուս դասախոսների անձնական կյանքը: Վերջում էլ ավելացրեց, որ այդ հարցը դեռ պիտի քննարկվի ֆակուլտետում, այնուհետեւ ավելի «վերեւ», որից հետո նոր կարող են համապատասխան պարզաբանումներ տրամադրել՝ անուղղակի հաստատելով մեր ունեցած տեղեկատվության հավաստիությունը:
Տնտեսագիտության ֆակուլտետի փոխդեկան Կարեն Եղոյանը հրաժարվեց մեկնաբանություններ անելուց: «Ավելի լավ է՝ ես ոչինչ չասեմ, դեկանին հարցրեք՝ հիմա տեղում է»,- «խորհուրդ» տվեց նա:
Տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանից եւս պարզաբանում խնդրեցինք: Նա հեռախոսով փոխանցեց, որ, իսկապես, փաստը տեղի է ունեցել եւ արդեն 4-րդ օրն է՝ պարոն Մարզպանյանը աշխատանքի չի գալիս: «Ես երկուշաբթի օրը դեկանատի նիստ էի նշանակել, ինձ տեղեկացրին, որ նա (Հարություն Մարզպանյանը- Գ. Հ.) հիվանդության պատճառով է բացակայում աշխատանքից: Հետագայում հայտնի դարձավ, որ պարոն Մարզպանյանը ուսանողուհու հետ բացակայում է հանրապետությունից: Ավելին, նրանք դիմում-բացատրություն են ներկայացրել ռեկտորատ՝ անորոշ ժամանակով արձակուրդ ձեւակերպելու խնդրանքով»,- «Առավոտին» հայտնեց դեկանը:
Հիշեցնենք, որ Հ. Մարզպանյանը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի ֆավորիտն էր, եւ ժամանակին հենց նրան էին ուզում դեկան դարձնել: Ու երբ 2008-ի հունիսի 20-ին, հակառակ Արամ Սիմոնյանի ջանքերի, Հ. Սարգսյանը վերընտրվել էր դեկանի պաշտոնում, ռեկտորը իր համար ոչ հաճելի թեկնածուին պաշտպանողների հետ փորձել էր հաշվեհարդար տեսնել այլ ճանապարհով. ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի 4 դասախոսների՝ Սարգիս Ղանթարջյանին, Հայկ Ղազարյանին, Ռուբեն Դավթյանին ու Սեդրակ Հովհաննիսյանին, ծանուցագիր էր ուղարկել այն մասին, որ թոշակի տարիքի պատճառով ազատված են աշխատանքից:
Ընդհանրապես, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ու նրա կողմնակիցները հայտնի են իրենց «յուրօրինակ» գործելաոճով՝ ծառայել այն ուժին, որն իշխանության գագաթին է եւ ամեն գնով «սեւացնել» մյուսներին: Պատահական չէ, որ ժամանակին քաղաքական հայացքների եւ ԵՊՀ ղեկավարությանը քննադատելու համար աշխատանքից ազատվել է այդ բուհի դոցենտ Սասուն Սարիբեկյանը, նույն պատճառով՝ Համալսարանական կրթության զարգացման վարչության պետ, արաբագիտության ամբիոնի վարիչ Սամվել Կարաբեկյանը եւ այլք: Հիշեցնենք նաեւ, որ ԵՊՀ-ի ՀՀԿ-ական ռեկտորը նախագահական ընտրությունների շրջանում ԵՊՀ աշխատողներին սպառնալիքներով քշում էր այդ ուժի թեկնածուի հանրահավաքներին, հավաքագրում աշխատողների անձնագրերի համարները, Լեւոն Տեր-Պետրոսյանին արատավորող բովանդակությամբ գրքեր ու սկավառակներ տարածում իր ենթակաների միջոցով: Նրան էլ այս գործում աջակցում էր «ներքին» լրտեսական ցանցի աշխատանքների ղեկավար, ՀՀԿ-ական պրոռեկտոր Արսեն Քարամյանը: