Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑ՝ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Փետրվար 13,2009 00:00

Երեւանի միջազգային դպրոցում շարժվում են սեփական «օրենքներով», ուսման վարձն էլ հասնում է տարեկան $18 հազարի:

\"\"Դուգ Շիփերթը հայերիս
«շատ ջերմ» է համարում:

 

 

\"\"Ֆրանսերենի դասաժամ՝ ավագ դպրոցում:

 

 

\"\"Այս գրադարանից օգտվում են անգամ 4 տարեկան երեխաները:

 

«Հարգիր ինքդ քեզ, որպեսզի մյուսները եւս դա անեն», «Մոռացիր վիրավորանքը, բայց միշտ հիշիր բարությունը», «Դպրոցի՝ սեփական գրադարանի մասին հոգ տանելու աստիճանը ցույց է տալիս այն, թե որքան է տվյալ դպրոցը հոգ տանում ընդհանրապես կրթության մասին». այսպիսի եւ այլ «օրենքներով» են շարժվում Երեւանի միակ միջազգային դպրոցում, որտեղ յուրաքանչյուր պատին կարելի է փակցված տեսնել այն սկզբունքները, որոնք առաջնային են հավասարապես աշակերտների եւ ուսուցիչների համար: Դպրոց մուտք գործելիս՝ առաջինն աչքի է ընկնում տարբեր երկրների դրոշների անկյունը, նախամուտքի պատերին փակցված՝ դպրոցի «կենսագրության» մասին պատմող նկարները, եւ մի գունազարդ տուփ, որը նախատեսված է ուսուցիչների ու ծնողների կողմից դժգոհությունների եւ առաջարկությունների համար: Մի խոսքով՝ Երեւանի Աշտարակի խճուղի 2ա հասցեում գործում է փոքրիկ «Ամերիկա», որտեղ շարժվում են բացառապես արտասահմանյան, հիմնականում՝ ամերիկյան «օրենքներով»: «Առավոտը» եւս հաղորդակից դարձավ այդ օրենքներին՝ հյուրընկալվելով դպրոցում: Տնօրեն Դուգ Շիփերթը տեղեկացրեց, որ Երեւանի միջազգային դպրոցը հիմնադրվել է 1995-ին, այժմ այնտեղ սովորում է 3-17 տարեկան 70 աշակերտ. «Այսպիսի դպրոց գործում է աշխարհի 37 երկրում, դրանք հիմնականում տեղակայված են մայրաքաղաքներում, քանի որ մեր աշակերտների մեծամասնությունը պատկանում է դիվանագիտական համայնքներին, այսինքն՝ մեզ մոտ հաճախում են դեսպանների կամ դեսպանատան աշխատակիցների զավակները: Երեւանյան միջազգային դպրոցի սաները ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Գերմանիայի, Հունաստանի դեսպանատան աշխատակիցների երեխաներն են: Հայտնի է, որ դիվանագետներն աշխատանքի բերումով ճամփորդում են երկրեերկիր, ուստի նրանց երեխաները տեղափոխվում են տարբեր երկրներում գործող միջազգային դպրոցներ՝ առանց ընդմիջումների շարունակելով ուսումը: Դա հնարավոր է, քանի որ բոլոր այդ դպրոցներում ե՛ւ ուսումնական պլանները, ե՛ւ դասագրքերն են նույնը»: Հետաքրքրվեցինք՝ հայաստանցի երեխաները կարո՞ղ են ցանկության դեպքում սովորել այս դպրոցում: Պարոն Շիփերթը պատասխանեց. «Ընդունում ենք ազգությամբ հայ միայն այն երեխաներին, որոնք ունեն Հայաստանից բացի՝ այլ երկրի քաղաքացիություն: Ի դեպ, մտածում ենք նաեւ որոշ փոփոխություններ կատարել եւ հետագայում մեր դպրոց թույլ տալ ընդունվել նաեւ հայաստանցիներին, բայց դա ՀՀ կառավարությունից է կախված: Այս ուղղությամբ Հայաստանի եւ Ամերիկայի կառավարությունների միջեւ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են»: Երեւանի միջազգային դպրոցի «օրենքներից» մեկն էլ այն է, որ ուսուցումը իրականացվում է անգլերեն լեզվով, աշակերտները կարող են ընտրություն կատարել այլընտրանքային հայերեն, ֆրանսերեն եւ ռուսերեն լեզուների միջեւ, հնարավոր է շուտով այս ցանկում իր տեղը զբաղեցնի նաեւ գերմաներենը: Հարցրինք, թե շա՞տ են հայերենով հետաքրքրվողները: Տնօրենը պատասխանեց. «Աշակերտների մեծամասնությունը նախընտրում է ֆրանսերենը, քանի որ նրանց գերակշռող մասը դիվանագետների երեխաներ են, իսկ դիվանագիտական լեզուն ֆրանսերենն է: Կան նաեւ հայերեն ուսումնասիրողներ»: Նկատենք, որ հայաստանյան օրենքներին չենթարկվող այս դպրոցում ուսուցումը կազմակերպվում է նախադպրոցական, տարրական, միջին եւ ավագ դպրոցների մակարդակներում, ավարտական վկայականներն էլ տրվում են՝ կախված աշակերտների՝ այս կամ այն առարկայից հավաքած կրեդիտների քանակից: Օրինակ՝ կան գործնական, ակադեմիական եւ կոչումով ակադեմիական դիպլոմներ: Ավարտական այս վկայականները «ճանաչվում են» աշխարհի ցանկացած բուհ ընդունվելու համար: Մեր այն հարցին՝ թե դիվանագիտական «ծագում» ունեցող երեխաներին ի՞նչ մասնագետներ են դասավանդում, պարոն Շիփերթը պատասխանեց. «Մեր ուսուցիչները հիմնականում Ամերիկայից, Կանադայից եւ Ավստրալիայից են եկել: Ընդունում ենք նաեւ հայ մասնագետների, որոնք դասավանդում են տարբեր հայաստանյան բուհերում եւ օգնում մեր ուսուցիչներին»: Հետաքրքրվեցինք՝ որքա՞ն է ուսման վճարը: Տնօրենը պատասխանեց. «Քանի որ մեր ուսուցիչներին վճարում ենք ամերիկյան չափանիշներով՝ տարեկան շուրջ $30 000, ապա ուսման վարձն էլ է համապատասխանում այդ նորմերին: Օրինակ՝ 5 տարեկան երեխայի ուսումը տարեկան կազմում է $15 000»: Ամերիկացի մանկավարժից հետաքրքրվեցինք՝ ՀՀ-ում որեւէ խնդրի հետ բախվե՞լ է: Նա պատասխանեց. «Միակ խնդիրն այն էր, որ ես 40 տարի դպրոցի տնօրեն էի աշխատում եւ անցա թոշակի, ու շատ էի ձանձրանում: Այդ տեսանկյունից լավ էր, որ եկա այստեղ աշխատելու: Սակայն օտար երկրում գործելը դժվար է, քանի որ մթնոլորտն ու մարտահրավերներն են այլ: Բայց դուք՝ հայերդ, չափազանց ջերմ եք, ընկերական, երբեւէ հայերի հետ խնդիրներ չեմ ունեցել»: Քանի որ Դուգ Շիփերթը ներկայումս բնակվում է Հայաստանում, հետաքրքրվեցինք՝ հարեւանների հետ ինչպե՞ս է «լեզու գտնում»: Նա ծիծաղով պատասխանեց. «Եթե անգլերեն կարողանում են որոշ բաներ հասկացնել, շփվում եմ»: Ամերիկացի մանկավարժը տխրում է, որ մեր երկրում չի կարողանում գտնել իրեն անհրաժեշտ որոշ բանջարեղեններ, որ իրենք շատ են օգտագործում, իսկ այստեղ ընդհանրապես չեն վաճառվում: Փոխարենը հավանում է Հայաստանի հացը, որը թարմ է եւ փափուկ՝ համեմատած ամերիկյանի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել