Անցնող եւ մեզանից անդարձ հեռացող օրերի մեջ երբեմն ծալքեր են լինում, ուր համատարածի փոշին չի թափանցում: Դա այն վայրն է կամ տեղը, ուր մարդն այլեւս դադարում է իր մարմնին ծառայելուց եւ ծառայում է որպես հոգու ակունք, երբ անխռովության մեջ նա արարվում է եւ շարունակ ու դարձյալ վերածնվում: Անշուշտ, նրա հոգին հեքիաթի թռչունի նման հիմա թռել-հասել է լույս ոլորտներին, բայց գիրն ու դիմապատկերը շարունակում են պահպանել մեզանից հեռացած հոգու զարմանալի կենդանի հիշատակը…
Հին Հայաստանում մի մեծահարուստ հարյուր ոսկի է նվեր ուղարկում Տիր աստծո տաճարին եւ շարունակ սպասում է, որ տաճարականները պետք է իրենից շնորհակալություն հայտնեն: Անցնում են ամիսներ, սակայն նվիրատուն տաճարից չի լսում ոչ մի արձագանք, եւ մի օր, սրտնեղած, ինքն է մտնում տաճար ու հարցնում, թե՝ ինչո՞ւ իր նվերի համար շնորհակալություն չեն հայտնում: Տաճարի գլխավոր քուրմը ուշադիր լսում է նվիրատուին եւ երկար լռությունից հետո հարգանքով պատասխանում՝ կարծում եմ, թերեւս, դուք պիտի շնորհակալ լինեք տաճարին, որ ձեր նվիրատվությունը ընդունել է…
Երեկ Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան օրն էր, եւ գրողի շիրմի շուրջ հավաքվածները, ես չեմ խոսում ճառ արտասանողների մասին, խունկ ծխեցին նրա հիշատակին, եւ այդ պահին էր, որ ես հիշեցի Տիր տաճարի եւ նվիրատուի մասին ու հասկացա, որ ոչ թե Մեծն Հրանտը պիտի շնորհակալ լիներ մեզանից, այլ մենք՝ մեզ թողած նրա պայծառ գրականության համար: Ես չգիտեմ, թե ի՞նչ կապեր կան սիրո եւ բարության միջեւ: Գիտեմ, սակայն, որ հետչարենցյան շրջանում այն, ինչ կեսբերան էր ասված, ճմրթված-ծալծլված էր, թող ինձ ներեն մեր երեւելի մեծերը, ամբողջացրեց Հրանտ Մաթեւոսյանը: Ոչ միայն ձեւակերպեց մերօրյա հայրենիքը, այլ նաեւ մեզ՝ հայրենիքում: Նա խոսեց բնության եւ երկնքի օրենքների մասին ու մարդու մասին, որ ապրում էր երկնքի եւ երկրի միջեւ: Ես հաստատ չգիտեմ՝ ինչ կապ կա սիրո եւ բարության միջեւ, բայց մի բանում վստահ եմ՝ Մեծն Հրանտի՝ մեզ թողած գրականությունը ե՛ւ բարություն է, ե՛ւ սեր, իսկ գրականությունն այդ ասում է՝ Տե՛ր եղիր քո երկրին, մի՛ խաթարիր երկրի կյանքը ներսից ու դրսից եւ հարգի՛ր քո երկրի իշխանությունը, որպեսզի իշխանություն ունենաս, եւ հույսդ դիր միայն քեզ վրա: