Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փետրվարի 5-ի «Առավոտի» առաջնորդող հոդվածը՝ «Մաֆիայի մանրակերտը», բազմաթիվ արձագանքներ ունեցավ:

Փետրվար 13,2009 00:00

Ներկայացնում ենք դրանց մի փոքր մասը:

Գառնիկ. – Շատ մեղմ եք նկարագրում նման «տնօրենների եւ ուսուցիչների» պահվածքը: Մարզային դպրոցներում խայտառակ եւ բարձիթողի վիճակ է: «Ուսուցիչների» լկտիությանն ու ցինիզմին սահման չկա. աշակերտներից ու ծնողներից գումար, նվերներ պահանջելը, «քեֆեր», երեկույթներ կազմակերպել ու անցկացնել՝ պարտադիր իրենց մասնակցությամբ: Ու ամենակարեւորը՝ տգիտությամբ «փայլում» են…

Չեմ ուզում կեղծել անունս, իսկ ներկայանալ չեմ կարող. – Քննարկումս փոքր-ինչ դրամատիկ է: 8 տարի առաջ նյութական ապահովություն ստեղծելու պատճառով մեկնեցի «օտար ափեր»՝ երեխաներիս թողնելով մանկահասակ տարիքում: Հիշում եմ, երբ նրանք դպրոցից գալիս էին եւ խնդրում իրենց գումար տալ՝ տարբեր առիթների կապակցությամբ: Ես նայում էի երեխաներիս աչքերին եւ չէի կարող մերժել, որպեսզի նրանց արժանապատվությունը պահպանվեր դասարանում, բայց միեւնույն ժամանակ դա իրենց սննդի գումարն էր: Իսկ ամեն ամսվա այն օրերին, երբ նրանց պետք էր հատկացնել «ֆոնդի գումար», ես սարսափ էի ապրում, քանի որ… Տարիներ են անցել, երեխաներս մեծացան առանց մայր… Աստծո օգնությամբ կարգին մարդիկ ձեւավորվեցին, բայց ես հիշում եմ նրանց աչքերի մեջ վախը, որ կարող է հնարավորություն չունենան գումար փոխանցել պահանջողին…:

Սերո. – Ու հենց այդ դպրոցներն ու մանկավարժներն են դաստիարակում ներկա ու ապագա «մաֆիոզներին»: Մեր այսօրվա դպրոցը ուղղակի այլասերում է սերնդին, անկախ այն բանից՝ դրան զուգահեռ գոնե հաջողվո՞ւմ է լավ մաթեմատիկա կամ աշխարհագրություն սովորեցնել, թե՞ ոչ: Հատուկենտ են այնպիսի ուսուցիչները, որ ոչ միայն լավ մասնագետ են, այլեւ իրոք կիրթ դրսեւորման ձեւ ունեն, իրենց կարծիքն ու անհամաձայնությունը քաղաքակիրթ ձեւով կարող են տեղ հասցնել: Մեծ մասը իսկապես Ձեր նկարագրած «դեբոշիրի» ու «բազարչու» խոսք ու վարք ունի, որը դրսեւորվում է նաեւ դպրոցում՝ լինի աշակերտների, նրանց ծնողների, թե կոլեգաների հետ փոխհարաբերություններում:

Վարդան Ասատրյան. – Ձեր բարձրացրած հարցը շատ ցավոտ է ու օրակարգային, սակայն, մի փոքր շեղվելով ընդհանուր թեմայից, ցանկանում եմ մի ավելի մասնավոր եւ ավելի արտառոց երեւույթի մասին հայտնել մտահոգությունս: Ապրում եմ Նորք-Մարաշ համայնքում, սակայն ստիպված եմ ամեն օր երեխաներիս այլ թաղամասի դպրոց հասցնել: Պատճառն այն է, որ Նորքի այն դպրոցը, որը մոտ է մեր տանը, որտեղ ինքս եմ սովորել, եւ որը բարի համբավ ուներ, այժմ բացարձակորեն չի համապատասխանում դպրոց անվանը: Խոսքը նախկին 124, այժմ՝ թիվ 22 դպրոցի մասին է, որի տնօրենն է տիկին Արմինե Արմենակյանը: Խոնարհվելով նրա զոհված ամուսնու՝ Արմեն Արմենակյանի հիշատակի առաջ, որին Նորքում շատերն էին սիրում, չեմ կարող չասել, որ նրա կինը, օգտագործելով հանգուցյալ ամուսնու բարի անունը եւ երկար տարիներ կառչելով տնօրենի պաշտոնին, ուղղակի այլանդակել է ամբողջ դպրոցը: Չգիտես թե ինչ չափանիշներով ընտրված վայ-մանկավարժները ոչ միայն «բետեէռի» դեր են կատարում, այլեւ խարխափում են բացարձակ տգիտության մեջ: Հետեւանքը՝ դպրոցի աշակերտների տարեցտարի նոսրացող քանակն է, եւ շատ ծնողներ ինձ նման ստիպված են ամեն օր Նորքի անտանելի տրանսպորտային պայմաններում իրենց երեխաներին հասցնել քաղաքի այս կամ այն դպրոց: Այսօր հատկապես կենտրոնի եւ Նոր Նորքի դպրոցներում շատ կգտնեք Նորքում ապրող աշակերտների: Հարց է առաջանում՝ ի՞նչ է անում քաղաքապետարանը, ո՞ւր է նայում նախարարությունը, ի՞նչ է, Նորքի բնակիչները շա՞տ պետք է տառապեն այս իրավիճակից, ի վերջո ո՞վ պետք է պատասխան տա բարի համբավ ունեցող դպրոցի փչացման համար:

Արմինե Զալյան. – Պարոն Աբրահամյան, Դուք շատ ցավոտ ու արդիական հարց եք բարձրացրել, այո, մեր իրականության ամենից թույլ օղակներից մեկը դպրոցն է, որը հանդիսանում է ե՛ւ երեխայի ճակատագրի, ե՛ւ ողջ պետության առողջ ապագայի ստեղծման գրավականը: Հայաստանի դպրոցներում տիրում է կաշառակերություն, տգիտություն, որը, ցավոք, շարունակվում է նաեւ բուհերում: Ուզում եմ հարցնել՝ ովքե՞ր են պատասխանատու այս իրավիճակի համար, եւ մինչեւ ե՞րբ է շարունակվելու այն:

Արամայիս. – Պարոն Աբրահամյան, չեմ կարծում, որ բոլոր դպրոցներում է առկա այդ խնդիրը, Դուք բոլոր դպրոցներին եւ բոլոր տնօրեններին մեղադրում եք սարսափելի ծանր հանցագործության մեջ: Չի կարելի:

Վահագն.- Այո, ցավալի է, բայց փաստ է, որ այսօր դպրոցները նման են 37 թվականի դպրոցներին, երբ հենց ուսուցիչներն ու դպրոցների տնօրեններն են դարձել իշխանության գործիք, ես զարմանում եմ, թե դրանից հետո ինչպես են իրենք իրենց հարգում նման մանկավարժները եւ ի՞նչ խղճով են մատաղ սերնդին սովորեցնում ու պատմում, ասենք, Սամվելի ու Նժդեհի մասին…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել