Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՆՈՒՆ՝ ԲԱՐՁՐ ՈՒ ՎՍԵՄ

Փետրվար 13,2009 00:00

\"\"Ուսուցիչներին վարկաբեկելու քաղաքականությո՞ւն, թե՞ դառն իրականություն

Ես այն քչերից մեկն եմ, որ մանկուց չեմ երազել ուսուցչուհի դառնալ: Ոչ այն պատճառով, որ չեմ սիրել իմ ուսուցիչներին: Ճիշտ հակառակը՝ առ այսօր ես նրանց (գրեթե բոլորին) հիշում եմ մեծագույն սիրով ու երախտագիտությամբ՝ նրանք ինձ այնքա՜ն բան են տվել: Ոչ էլ այն պատճառով, որ այդ տարիքից արդեն հասկանում էի, որ երեխաների հետ աշխատելն ամեն մեկին չի տրված: Պատճառը շատ ավելի անձնական-եսասիրական էր. ես խանդում էի ուսուցչուհի մայրիկիս, որն իր աշակերտների մասին ավելի շատ էր խոսում, նրանց հոգսերով ավելի շատ էր ապրում, քան՝ իմ: Համենայնդեպս, այն ժամանակ ինձ այդպես էր թվում:

Չեմ կարծում, թե հիմա շատ բան է փոխվել: Չեմ կարծում, թե ուսուցիչների մոտ վերացել է նախկին նվիրվածությունը աշակերտներին: Նրանք էլի իրենց օրվա հիմնական մասը նվիրում են մե՛ր երեխաներին, եւ, տուն գնալով, ավելի քիչ էներգիա ու ժամանակ են ունենում՝ սեփական երեխաների համար: Սակայն այսօր նրանց վարկը, նրանց բարի համբավը ծայրահեղ ընկած է: Եթե իմ՝ դպրոցում ուսանելու տարիներին ուսուցիչը բարձր հեղինակություն վայելող, շրջապատում մեծ հարգանք ու մեծարում ունեցող մարդ էր, ապա այժմ նա ասոցացվում է կաշառակերության, ընտրակեղծիքների եւ այլ դատապարտելի երեւույթների հետ:

Ու այստեղ, կարծում եմ, բոլորիս մեղքը կա, ոչ միայն՝ ուսուցիչների:

Ես շատ լավ հիշում եմ, որ դեռ 20-25 տարի առաջ, երբ մեր ուսուցիչները «բարձր ու վսեմ» էին, մենք էլ էինք յուրաքանչյուր Մարտի 8-ի, Ամանորի, Ուսուցչի տոնի կապակցությամբ գումար հավաքում եւ մեր ուսուցիչներին նվերներ մատուցում, մենք էլ էինք «ավել-սավոկի», վարագույրի, «մաստիկայի» եւ այլ կենցաղային հարցեր լուծելու համար գումար հավաքում, «վերջին զանգին» ու քննություններին խնջույքի սեղան պատրաստում եւ այլն, եւ այլն… Սակայն այն ժամանակ չէին տարփողվում «դրամահավաքություն», «կաշառակերություն» եւ այլ տերմինները: Մեր ծնողներն ամեն պատի տակ չէին դժգոհում, որ ուսուցչին Մարտի 8-ին հուշանվեր գնելու համար փող են հավաքում, եւ այդ դժգոհություն-բամբասանքը չէր նստում մեր՝ երեխաներիս ենթագիտակցության մեջ, եւ ուսուցիչները չէին վարկաբեկվում տարվա մեջ մի քանի փունջ ծաղիկի կամ մի երկու տուփ շոկոլադի համար: Այսօրվա երեխաներն այնքան են տանը, բակում, հեռուստատեսությամբ եւ այլ ձեւերով լսում, որ ուսուցիչները կաշառակեր են, «յախք, էլի փող են հավաքում», «դե զզվցրիք, էլի, հերիք չի գրքերի համար փող տամ» (կարծես, ուսուցչի գրպանն է մտնում դասագրքերի փողը) եւ այլն, որ ենթագիտակցաբար հասկանում են՝ այն մարդը, որ իր դիմաց կանգնած է դասասենյակում, խոցելի է, կարելի է նրան վիրավորել, չհարգել, եւ եթե ի պատասխան ինչ-որ բան ասի կամ անի, կարելի է մեղադրել կաշառակերության կամ խտրականություն դնելու մեջ:

Մեր երեխաներին հանձնում ենք նրանց՝ օրվա մեջ առնվազն 5-6 ժամով: Մենք, որ հաճախ չենք դիմանում մեր 2-3 երեխաների քմահաճույքներին, չե՞նք մտածում, թե ուսուցիչն ինչպես է կարողանում դիմակայել միանգամից 20-30 երեխայի կամակորություններին: Իսկ որ այս սերունդը շատ ավելի կամակոր եւ անբարեկիրթ է, կարծում եմ, շատերը կհամաձայնեն:

Գիտեմ, որ հիմա շատերը կընդդիմանան ինձ՝ «բայց ուսուցիչներն իսկապես կաշառք են ուզում, որ բարձր գնահատական դնեն, չնայած կարգին դաս չեն անում, տնօրենը գումար է ուզում, որ բացակայությունները հաշվի չառնի ու ցածր չդնի, ուսուցիչներն իրենք էլ են երեխաներին վատ խոսքեր ասում, «ֆակուլտատիվի» չմնացող երեխային բարձր չեն դնում, անընդհատ «ֆոնդի» գումար են հավաքում, երեխաների միջեւ խտրականություն են դնում՝ որի ծնողն «իրենց լավ է նայում», նրան լավ են վերաբերվում, «վերեւներին» քծնելու համար պատրաստ են ամեն ինչի, իրենք են կեղծում բոլոր ընտրությունները, իրենց շողոքորթ-հարմարվողական կերպարով մեր երեխաներին են դաստիարակում» եւ այլն, եւ այլն:

Ես դա չեմ ժխտում: Այո, կան նման դեպքեր: Գուցե՝ շատ-շատ: Բայց ես մի բան հաստատ գիտեմ. ամենաբարի երեխային եթե օրը քսան անգամ ասես, որ նա անտանելի չար է, կարճ ժամանակ անց իսկապես կդառնա այդպիսին, բարոյական ամենաբարձր սկզբունքների տեր մարդուն եթե զօրուգիշեր մեղադրես անբարոյականության մեջ, ի վերջո, նա կհավատա դրան եւ կդառնա այդպիսին… Եվ հետո՝ թող երեխան բարի լինի դասերից չբացակայի, եւ դու ստիպված չես լինի գումարով լուծել այդ հարցը, ու հետո դժգոհել, թող երեխան ամեն օր դասը պատրաստած լինի եւ իրեն բարեկիրթ պահի, եւ չեմ կարծում, թե որեւէ ուսուցիչ, եթե, իհարկե, նա պաթոլոգիա չունի, մտածված կերպով երեխային վատ կվերաբերվի եւ բարձր գնահատականի համար փող կուզի… Եթե առավոտից իրիկուն վարկաբեկում ենք ուսուցչին, նա այդպիսին էլ դառնում է, դրանով լավություն չենք անում որեւէ մեկին:

Եղած խնդիրների համար բազմաթիվ լուծումներ կան, սակայն ամենակարեւորը ուսուցիչներին քաղաքականությունից, կուսակցականությունից, բոլոր տեսակի ընտրությունների կազմակերպում-անցկացումից ամբողջովին զերծ պահելն է: Եթե դրան գումարվեն նաեւ այլ, համակարգային լուծումներ, հարցը շատ ավելի քաղաքակիրթ եւ ճիշտ ձեւով կլուծվի, քան համատարած կերպով ուսուցիչներին վարկաբեկելու դեպքում:

Հ. Գ. Ծանոթ ուսուցչուհիներիցս մեկը պատմեց, որ երբ համարձակվել է նկատողություն անել դասի ժամանակ բջջայինով խոսող 7-րդ դասարանցի մի տղայի, վերջինս մատ է թափ տվել՝ «Արա, քեզ խելոք պահի, թե չէ հեսա «Թեժ գիծ» կզանգեմ»: Իսկ մի քանի տարուց կզարմանանք, թե՝ այս ինչ «ստուկաչների» ու «կլյաուզնիկների» սերունդ է մեծանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել