Չնայած դիմորդների աճին, Սիսիանի նախկին քաղաքապետը վաճառել է քաղաքի երաժշտական դպրոցը:
Մեկ տարի անց Սիսիանի Է. Ասյանի անվան երաժշտական դպրոցը նշելու է հիմնադրման 50-ամյակը: Տարեց սիսիանցիները ուրախությամբ են հիշում 1960թ. այն օրը, երբ Սիսիանի Կուլտուրայի տանն առաջին անգամ վայելեցին դաշնամուրի հնչյունները: Մեկ դաշնամուր եւ մեկ սենյակ ունեցող կառույցին հետագայում փոխարինեց Սիսիանի կենտրոնական հրապարակի մատույցներում գտնվող երկհարկանի մեծ շինությունը: Տարուց ավելի է, որ դպրոցի ուսուցիչները լսել են շենքի մի մասի վաճառվելու մասին: «Առավոտի» հետ զրույցում այդ լուրը հաստատեցին ե՛ւ դպրոցի տնօրեն Մաքսիմ Նավասարդյանը, ե՛ւ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: Տնօրեն Մաքսիմ Նավասարդյանն ասաց. «Այս խոսակցությունը գնում է տարուց ավելի, մինչեւ հիմա տերը հանդես չի եկել, հիմա այդ սենյակներում մենք դաս ենք անցկացնում, թեպետ գիտեմ, որ արդեն վաճառված է»: Քաղաքապետը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Խոսել եմ տնօրենի հետ, ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ է կատարվել, բայց կասկածում եմ ճշտության մեջ», իսկ հետո հավելեց, որ կադաստրի պետական կոմիտեի կողմից արդեն հաստատված է, որ տարածքը պատկանում է քաղաքացի Վարդան Գրիգորյանին: Քաղաքապետը մտադիր է դիմել դատարան, ու ամեն ինչ անելու է, որ վաճառքը չեղյալ համարվի: Շենքը պատկանում է Սիսիանի քաղաքապետարանին, իսկ վաճառքն իրականացվել է նախկին քաղաքապետ Լավրենտի Սարգսյանի օրոք:
Երաժշտական դպրոցը բազմաթիվ խնդիրներ ունի: Դասասենյակները ջեռուցվում են էլեկտրական փոքր սալիկներով եւ քանի որ ցուրտ է լինում, գործիքները սառչում են ու փչանում: Ինչպես նշեց ուսմասվար Գայանե Վարդանյանը. «Շենքն ունի վերանորոգման, ջեռուցման կարիք, վերջին անգամ վերանորոգվել է «Բարի լոտոյով» շահած գումարով՝ մոտ տասը տարի առաջ: Գործիքները դպրոցի հիմնադրման օրվանից չեն նորացվել, 2 գործիք է ավելացվել, որոնք էլ անորակ էին, պետք չեկան, չունենք ամենաանհրաժեշտը՝ նոտակալներ, մեթոդական ծրագրեր, գրականություն: Այն մեթոդական ծրագիրը, որից օգտվում ենք՝ մոտ 35 տարվա է: Հիմա ամեն ինչ զարգանում է, իսկ մենք դոփում ենք նույն տեղում: Նոյեմբերին Երեւանից մասնագետներ եկան, իրենց հետ գրականություն էին բերել, բայց շատ բարդ էր, նախատեսված՝ բուհերի համար»:
Չնայած այս պայմաններին, ուսմասվարի խոսքերով՝ «Աշակերտների թվի խնդիր չունենք: Անցյալ տարի ունեցել ենք 29 շրջանավարտ, այս տարի ընդունվել է 50-ը: Աճը պայմանավորված է նրանով, որ ժողնվագարանների բաժինը մեծ մասամբ անվճար է, թեպետ մեր դպրոցում այժմ միայն քանոնի բաժնում ունենք անվճար սովորող աշակերտներ, եւ ընդունվածներից 20-ը հենց քանոնահար են: Մնացած բաժինների համար կամ գործիքներ չկան, կամ մասնագետներ չունենք: Ուդի, քամանչայի մասնագետ կա, այս դեպքում էլ դիմորդ չունենք, եթե լինեն՝ այդ բաժինները կբացվեն: Մյուս կողմից էլ՝ հիմա խնդիր է, որ կես դրույքով չենք կարող ուսուցիչ պահել, այսինքն՝ աշակերտների թիվն էլ պիտի բավարար լինի, եթե մեկ աշակերտ լինի, պարզ է, որ բաժինը չի բացվի»: Այսօր երաժշտական դպրոցում բոլոր մասնագիտությունների գծով սովորում է 150 աշակերտ՝ ե՛ւ Սիսիանից, ե՛ւ մոտակա գյուղերից: Դպրոցի տնօրենը նկատել է, որ դպրոցում օրեցօր ավելանում է աշակերտների թիվը, իսկ հարցիս՝ արդյո՞ք դասասենյակները բավականացնում են, պատասխանեց. «Առայժմ բավականացնում է, բոլոր սենյակները, այդ թվում՝ վաճառվածները, զբաղված են, բայց հետո հնարավոր է, որ աշակերտները ավելանան: Այդ դեպքում՝ չի բավականացնի»:
Երաժշտական դպրոցի սաները Սիսիանում հաճախ են հանդես գալիս համերգներով, իսկ քաղաքից դուրս չեն գնում: Ջութակահար Գ. Վարդանյանը նեղսրտում է, որ աշակերտների մեծ մասն անտարբեր է, պարապելու ցանկություն չունի, երաժշտական դպրոց հաճախում է ստիպողաբար՝ որպես արտադպրոցական մի հաստատություն: «Այստեղից է այն տխուր վիճակը, որ ունենում ենք մասնավորապես դասական համերգների ժամանակ»,- ասում է տիկին Գայանեն եւ հիշում, թե ինչպիսին էր մշակույթի տան դահլիճը անցյալ տարվա ամռանը, երբ Հ. Չեքիջյանի երգչախումբը ելույթ էր ունեցել ու հիասթափված լքել Սիսիանը՝ նշելով, որ նույնիսկ Թուրքիայում 6 օր շարունակ համերգ են տվել՝ լեփ-լեցուն դահլիճում:
Դպրոցի աշխատակիցներից հետաքրքրվեցինք՝ նոր քաղաքապետ ունենալուց հետո փոփոխություններ նկատե՞լ են, պատասխանեցին, որ նորությունն այն է եղել, որ մարզի մնացած քաղաքներում՝ Կապանում, Գորիսում սոլֆեջիոյի մասնագետների դրույքաչափը 16 ժամ է սահմանվել, մասնագիտականը՝ 18 ժամ, իսկ Սիսիանում 22 ժամ է, որի համար ստանալու են 33 հազար դրամ: