Ալավերդիում գործող մարտարվեստի դպրոցը երեխաներին փողոցից կտրելու եւ նրանց մեջ լավ որակներ սերմանելու եզակի հաստատությունն է:
Վարդան Գալստյանը եւ Մերի Խարազյանը վստահ են, որ իրենց սաները
մարտարվեստի հմտությունները ի չարս չեն օգտագործի:
Ալավերդի քաղաքում 1992-ից գործում է ՀՀ եւ Անդրկովկասի «Դզիսսեն Քեմփո» մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ, «Դզիսսեն Քեմփոյի» ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի սեւ գոտի 6-րդ դան, ալավերդցի Վարդան Գալստյանի «Դզիսսեն Քեմփոյի» մարտարվեստի դպրոցը: Վարդան Գալստյանը 2000թ. ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցել է «Դզիսսեն Քեմփո» մարտարվեստի ֆեդերացիա» հ/կ-ն, որի կենտրոնը նույնպես Ալավերդին է:
Անցած 16 տարիներին մարտարվեստի սենսեյ (ուսուցիչ) Վարդան Գալստյանի շնորհիվ դպրոցը Ալավերդու երեխաների ու երիտասարդների համար դարձել է ուժի եւ գեղեցկության ձեւավորման ու դրսեւորման օջախ: Վարդան Գալստյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց դպրոցը ստեղծելու իր նկատառումները. «Նպատակ ենք ունեցել՝ մարտարվեստի լավագույն տարրերի ուսուցմանը զուգընթաց, մեր քաղաքի երեխաների ու պատանիների մեջ մարդկային լավագույն հատկանիշներ ձեւավորել, բնությունից ստացած նրանց ֆիզիկական ուժը զարգացնել՝ ի շահ նրանց առողջության եւ դաստիարակության»:
Դպրոցը ստեղծվել է տքնաջան աշխատանքով: Ուսուցիչը ավերակ շինությունը իր ձեռքերով է վերակառուցել: Պայմանները, իհարկե, կատարյալ չեն, սակայն կարելի է աշխատել: Դպրոցի ստեղծման հենց առաջին տարիներին «Դզիսսեն Քեմփո» մարտարվեստը Ալավերդիում մեծ մասսայականություն է վայելել, 1992-ից սկսած՝ պատանիների մեծ հոսք կար դեպի մարտարվեստի դպրոց: Քանի դեռ արտագաղթը չէր սկսվել, քաղաքի ներքին հատվածում գործում էր «Դզիսսեն Քեմփոյի» 3-4 խումբ, Սարահարթ թաղամասում գործում էր 2 խումբ, դպրոցի աշակերտների թիվը հասնում էր 500-ի: 1996-ին թիվը հասել է մինչեւ 600-ի: Վարդան Գալստյանը մարտարվեստի խմբեր է ունեցել Աքորիում, Օձունում, Թումանյանում եւ այլ համայնքներում: Վարդան Գալստյանի դպրոցում մարտարվեստի մկրտություն են ստացել 5 հազարից ավելի պատանիներ ու աղջիկներ:
«Սկզբում ուսուցման որակը այն չէր: Իսկ 2000թ.-ից հետո, երբ ես գնացի Մոսկվա՝ վերապատրաստման, եւ ստեղծեցինք «Դիզսսեն Քեմփո» ՀՀ ֆեդերացիան, պարապմունքների արդյունքները նկատելիորեն բարձրացան»,- մեզ հետ զրույցում խոստովանեց Վ. Գալստյանը: Դպրոցում այժմ մարզվում է 60 մարզիկ՝ 3 խմբերով: Ինչպես ասվեց, Վարդան Գալստյանը նաեւ «Դզիսսեն Քեմփոյի» Անդրկովկասի ֆեդերացիայի նախագահն է. «Ադրբեջանի հետ գործ չունեմ, սակայն Վրաստանում եւ Հայաստանում առանց մեր թույլտվության՝ իրավունք չունեն «Դզիսսեն Քեմփոյի» դպրոց բացել»,- ասաց նա:
Այժմ Ալավերդու, Վանաձորի, Երեւանի, Թբիլիսիի մարտարվեստի դպրոցներում աշխատում են սենսեյի աշակերտները, որոնք միջազգային կարգի սեւ գոտի 2-րդ եւ 3-րդ դաների որակավորում ունեն: Երեխաներին մարզելու գործում Վարդան Գալստյանին օգնում են հենց նրա աշակերտները՝ Արկադի Յարալյանը, Արմեն Մարտիրոսյանը, Արա Դավիթավյանը, Արարատ Գրիգորյանը եւ ուրիշներ: Ալավերդցի Մերի Խարազյանը 1993-ին, 10 տարեկան հասակում ընդունվել է «Քեմփոյի» դպրոց եւ կարճ ժամանակ անց լուրջ հաջողություններ գրանցել: 1995-2001թթ. դարձել է ՀՀ բազմակի չեմպիոն տարբեր մարտարվեստներից՝ դզիսսեն քեմփո, սանդա ուշու, կոբուդո, ջիու- ջիթսու, մարտական կարատե, կոնտակտ կարատե դո եւ այլն: Մերի Խարազյանը 2003 եւ 2004թթ.-ին մասնակցելով միջազգային առաջնություններին՝ դարձել է «Դզիսսեն Քեմփոյի» կրկնակի չեմպիոն, «Քիք բոքսինգի եւ ճապոնական օկտագոնի» Կովկասի չեմպիոն եւ գավաթակիր, իսկ 2006-ին՝ «Թեքվոն դոյի» միջազգային չեմպիոն, 2003, 2005, 2006, 2007 թթ.՝ աշխարհի քառակի չեմպիոն եւ գավաթակիր տարբեր մարտարվեստներից, ԱՊՀ չեմպիոն, ինչպես նաեւ Եվրասիայի քառակի չեմպիոն: «Այս ամենի համար ես պարտական եմ իմ ուսուցչին, մենք միասին քրտնաջան աշխատում ենք՝ աշխարհի առաջնությունների ժամանակ կանգնել առաջին հարթակում եւ բարձր պահել մեր ազգային արժանապատվությունը»,- ասաց Մերին: Մերին այժմ հասարակական կարգով օգնում է Վարդան Գալստյանին՝ անվճար մարզում է դպրոցի սաներին եւ իր փորձն ու հմտությունը փոխանցում նրանց:
«Դզիսսեն Քեմփոյի» աշխարհի առաջնություն անցկացվում է 5 տարին մեկ անգամ: Այս տարի այն լինելու է, եւ այդ առաջնությանը մերոնց պաշտոնապես հրավիրել են: Ալավերդու ոստիկանապետը եւ զինկոմը դպրոցին մշտապես առաջարկում են իրենց աջակցությունը, այնուհանդերձ՝ միջազգային մրցումների մեկնելիս դպրոցը մշտապես զգում է հովանավորների կարիք: «Տարիքային փոքր խմբերում շատ լավ մարզիկներ ունենք, որոնք միջազգային մրցապայքարների մասնակցելիս կարող են լուրջ հաջողություններ գրանցել, հաստատ չեմպիոններ կդառնան, Ալավերդիում երիտասարդների այլ զբաղմունք չկա, շատ հարմար է նրանց ուշադրությունը մարզվելու վրա կենտրոնացնելը»,- ասաց մարտարվեստի ուսուցիչը: Դպրոցի մասին բարձր կարծիքի են այնտեղ մարզվող երեխաների ծնողները: Նրանց խոսքով, երեխաները նախ շատ առողջ են մեծանում, նկատելի կոփված են, բնավորության շատ լավ գծեր են ձեռք բերում եւ, որ ամենակարեւորն է՝ կտրված են փողոցից: Ծնողները համոզված են, որ մարտարվեստի դպրոցում երեխաները ստանում են ուժ, կամք, վստահություն, կարող են պաշտպանել իրենց եւ մերձավորներին ու հաստատ՝ իրենց ուժը վատ նպատակների չեն ծառայեցնի: