«ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ»՝ նոր մեկնաբանմամբ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունն օրեր առաջ ավարտեց «Լոնդոն-Երեւան ԿՕ» ապահովագրական ընկերության աշխատակիցների եւ ոստիկանության տեսուչի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Գործն ուղարկվել է Երեւանի քրեական դատարան:
«Լոնդոն-Երեւան ԿՕ» ապահովագրական ընկերությունում ապահովագրվել են նաեւ նախկինում իբր վթարի ենթարկված մեքենաներ: Ըստ հատուկ քննչական ծառայության ձեռք բերած ապացույցների՝ ապահովագրական ընկերության մասնագետներ Արտեմ Ղարիբյանը, Վահան Սահակյանը, «Գագիկ-Ավագ Ավագյաններ» ընկերության տնօրեն Գագիկ Ավագյանը, Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) 1-ին գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչ Սուրեն Սարգսյանի հետ համաձայնության են գալիս կեղծ տվյալների հիման վրա ընկերությունից գումարներ ստանալու մասին:
Արտեմ Ղարիբյանը Վահան Սահակյանի հետ «ՎԱԶ-2106» մակնիշի 01 UU 274՝ առանց վնասվածքների մեքենայի մասին տեղեկությունները ներկայացնում են ընկերությանը՝ ապահովագրելու նպատակով: Մեքենան ապահովագրվում է: Սակայն հետագայում ՃՈ աշխատակիցների շնորհիվ ներկայացվում են նաեւ կեղծ տվյալներ՝ մեքենան իբր վթարի ենթարկված լինելու, ըստ այդմ ապահովագրական հատուցում ստանալու համար: Նշված մեքենայի փոխարեն ապահովագրական ընկերություն է ներկայացվում նույն գույնի եւ նույն մակնիշի՝ առանց վնասվածքների մեքենա, վերոնշյալ համարանիշով: Ապահովագրական ընկերությանը նրա աշխատակիցները նմանատիպ մի քանի գործարքների արդյունքում հասցրել են 16 միլիոն 380 հազար 647 դրամի վնաս:
Մեկ այլ հնարքի «ապահովագրիչները» դիմել են «Տոյոտա Պռադո» մեքենայի վարորդի հետ: 50 LU 006 պետհամարանիշի ավտոմեքենան նրանք կանգնեցրել են մայրաքաղաքի Տիչինա փողոցի 166 տան դիմաց, մայթեզրի սյանը հենված: Ըստ նախաքննական մարմնի, «իրական վթարի տպավորություն ստեղծելու նպատակով», ապահովագրական ընկերության աշխատակիցները վարորդ Ներսես Ներսիսյանին հորդորում են ոստիկանությունում հայտարարություն տալ եղած-չեղած վթարի մասին: Ապահովագրական ընկերությունն էլ տեղեկացվում է ոստիկանությունից այդ մասին: Ավտոմեքենայի «քելեխի» գումարը կազմում է 5 միլիոն 371 հազար 801 դրամ, որը հանցակիցները ստանում եւ բաժանում են միմյանց միջեւ:
Այս գործով անցնող տնօրեն Գագիկ Ավագյանն էլ, որն ունի «Մերսեդես-Բենց Ե230» ավտոմեքենա, գումարի համար որպես վարորդ կեղծ բացատրություն է տալիս տեղի չունեցած վթարի մասին: «Բա չես ասի, գնացի… «Մերսեդեսով», ունեցա վթար մի այլ «Մերսեդեսից», «Կիկոսի մահը» հեքիաթի մոտիվներով, իսկ ՃՈ ոստիկանները, որոնք իրական վթարների դեպքում խաղեր են տալիս, այս դեպքում ջանասիրաբար ստորագրում են «վթարի դեպքի վայրի» սխեմայի տակ, վարորդ-տնօրենին ներկայացնում են բժշկական զննության՝ սթափությունը որոշելու համար: Ի դեպ, Գ. Ավագյանը ապահովագրական ընկերությունից ստանում է 2 «մերսեդեսներին» պատճառված նյութական վնասի գումարը, որը կազմել էր 7.167.636 դրամ:
Ըստ ՀՀ ՀՔԾ-ի, այս գործով փետրվարի 2-ին անջատվել է Մանուկ Խաչատրյանի մասը եւ այն առանձին վարույթում է: Նա հետախուզվում է եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: