53-ամյա Էմմա Սարգսյանը նախընտրում է ուրիշի տներում մաքրություն անել, քան փողոցում նստել ու օրումեջ ոստիկանների կշտամբանքին արժանանալ:
Արդեն քանի տարի տիկին Էմմայի «աշխատավայրը» փողոցն է:
«Ինձ հեչ էլ հաճելի չէ այստեղ նստել ու սեմուշկա ծախել: Որ մի գործ լինի՝ կգնամ կաշխատեմ: Բայց ստիպված եմ անում: Առանց այն էլ իմ հարազատներին դուր չի գալիս, աղջիկս նեղվում է, նույնիսկ լաց լինում, բայց ես այլ տարբերակ չունեմ: 1 տարի գրանցված էի գործազուրկների կենտրոնում, բայց ոչ մի գործ չառաջարկեցին: Լավ, էս երկրում մի հատ գործ չկա՞, որ կենտրոնը չճարեց»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Էմմա Սարգսյանը: Նա արդեն քանի տարի է՝ օպերայի տարածքում արեւածաղկի սերմ է վաճառում: Ճիշտ է, տիկին Էմմային ոստիկանները անօրինական առեւտուր իրականացնելու համար արդեն մի քանի անգամ բաժին են տարել, բայց նա կրկին նույն գործով է զբաղված, քանի որ դա ընտանիքը կերակրելու միակ միջոցն է: Է. Սարգսյանի պատմելով՝ վերջին մի քանի տարին գործն այնքան էլ լավ չէ, քանի որ խանութներում փաթեթավորված արեւածաղկի սերմերի վաճառքը «խփել է իր գործին»:
«Էս եղածն էլ, որ առել եմ՝ դրել եմ ծախելու, պարտքով եմ առել: Մարդիկ կան, որ խոսում են, իբր սեմուշկա ծախելով «Մերսեդես» են առնում: Մի հատ թող գան տեսնեն՝ ոնց ենք աշխատում ու ապրում, նոր նման բաներ ասեն»,- ասաց տիկին Էմման: Նրա խոսքերով՝ մարդիկ էլ կան, իրեն կշտամբում են, թե ինչո՞ւ է հենց օպերայի տարածքում վաճառում. «Իբր օպերայի տեսքը գցում եմ, բայց ես այս տարածքը, որտեղ նստում եմ, միշտ ավլում եմ, մաքուր եմ պահում: Մի անգամ թաղապետն էլ այստեղով անցավ, տեսավ ու ասաց, որ ինձ հենց դրա համար են թողում, որ աշխատեմ: Ո՞ւմ եմ խանգարում, խելոք նստած եմ: Ով ուզում է, որ այլեւս այստեղ չնստեմ, թող նախ ինձ մի հատ գործ առաջարկի, հետո նման բան ասի»:
Է. Սարգսյանի պատմելով՝ շատ հաճախ է պատահում, որ ոստիկանները իր «բարիքներից» օգտվում են, բայց փողը չեն տալիս. «Մի քանի անգամ էս տարածքի ոստիկաններից մեկը եկել մի քանի բաժակ վերցրել է ու մուննաթով գնացել, մի բան էլ սպառնացել, որ ինձ այստեղից կվտարի: Բայց էլի այս տարածքը նայող կարմիր բերետավորներից մեկը, ղարաբաղցի տղա ա, լավ մարդ ա, էդ ոստիկանին բռնեց ու ջղայնացավ՝ ասաց, որ մյուս անգամ տենց բան չանի: Հայերից խեր չեմ տեսել: Անցնում են՝ թարս նայում, բայց մի քանի տուրիստներ կան, որ գալիս են Հայաստան՝ ինձ ու էրեխիս միշտ մի բան բերում են, օգնում են»:
Մինչ արեւածաղկի սերմ վաճառելը, տիկին Էմման մի սփյուռքահայի բնակարանում մաքրություն է արել եւ իր խոսքերով լավ վարձատրվել է. «Բայց մարտի մեկի դեպքերից հետո էդ մարդիկ հիասթափված թողեցին-գնացին Հայաստանից: Շատ կուզեմ էլի մի մաքրության գործ առաջարկեն, մեծ հաճույքով կանեմ: Չեմ ուզում ստեղ նստեմ»: Մեզ հետ զրույցում Է. Սարգսյանը պատմեց, որ առողջական խնդիրներ ունի, բայց չի կարողանում դիմել պոլիկլինիկա, որպեսզի հաշմանդամության կարգ ստանա. «Ասում են՝ կարգը հաստատելու համար շատ փող ա պետք, ես էլ ռիսկ չեմ անում գնամ: Որ կարգ ստանամ՝ գոնե մի 2 կոպեկ նպաստ կտան: Եթե հարազատներս չլինեն, չգիտեմ ոնց էինք յոլա գնալու: Ախպերս շատ է ինձ օգնում: Աղջիկս արդեն 17 տարեկան է, եւ շատ ծանր է տանում, որ սեմուշկա եմ ծախում: Արդեն մտածում եմ ուրիշ գործ ճարելու մասին»: