Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՂԱՂԱԿՈՂ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ՝ «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ

Փետրվար 13,2009 00:00

\"\"Ռեկորդակիր են Սեւանա լճի առափնյա տարածքում գործող «Քարակերտ», «Մայամի» եւ «Լավանդա Սիթի» «օբյեկտները»

«Առավոտի» տրամադրության տակ են ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից «Սեւան» ազգային պարկում կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Պարզվում է՝ վերահսկողականը հայտնաբերել է ՀՀ օրենսդրության պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնց մի մասի վերաբերյալ ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը տեղեկացրել էր իր տարեվերջյան ասուլիսում: Նա մասնավորապես հայտնել էր, որ շուրջ 36 սուբյեկտների մոտ հայտնաբերել է 620 մլն դրամի խախտում։ Իսկ «ճչացող» խախտումներ կատարած սեւանյան սուբյեկտներից նշել էր «Քարակերտ», «Մայամի» եւ «Լավանդա Սիթի» կենտրոնների անունները։ Վերահսկողական ծառայությունը պարզել էր նաեւ, որ Սեւանում հող վարձակալած 942 սուբյեկտներից գրեթե կեսի մոտ թղթաբանական խախտումներ են՝ չկա պետական գրանցում, բյուջե հարկ չի մուծվել շուրջ 30 մլն դրամ, իսկ կոնկրետ «Լավանդա Սիթիի» եւ «Մայամիի» նկատմամբ կիրառվել է 17 մլն դրամի տույժ-տուգանք։

Ըստ ուսումնասիրության արդյունքների` ՀՀ բնապահպանության նախարարի գլխին էլ են «սեւ ամպեր» կուտակվել. նրա կողմից մինչ օրս չի ապահովվել «Uեւան» ազգային պարկի տարածքի քարտեզագրումը, գոտիավորման uխեմայի կազմումը, uահմանների ու պահպանական գոտու ճշտումը, եւ դրանք ՀՀ կառավարության կողմից հաuտատվելուց հետո, հողամաuերի ու ամրացված այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:

Հաջորդ խախտումն այն է, որ «Սեւան» ազգային պարկում վարձակալության եւ կառուցապատման իրավունքով քաղաքացիների եւ իրավաբանական անձանց հետ կնքված պայմանագրերի մեծ մասը չի ստացել պետական գրանցում, մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 449 հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ այն պայմանագրերը, որոնցից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, կնքված են համարվում այդ իրավունքի գրանցման պահից:

Կամ՝ մի շարք հողաշինարարական փաթեթներում բացակայել են տեղանքի իրադրության հատակագծերը, մրցութային հանձնաժողովի որոշ հայտարարություններում առհասարակ ոչ մի տեղեկություն չի հրապարակվել հողամասի չափի, գտնվելու վայրի, մեկնարկային գնի վերաբերյալ:

«Սեւան» ազգային պարկում նոր պայմանագրեր են կնքվել անգամ այնպիսի վարձակալների հետ, որոնց մեծ մասը պայմանագրի կնքման պահին ունեցել է վարձավճարների խոշոր ապառքներ, բացի այդ, հատկացված հողամասերում իրականացրել է ապօրինի կառուցապատում: Հավելենք, որ «Սեւան» ազգային պարկում 983 քաղաքացիների եւ իրավաբանական անձանց հետ կնքած վարձակալության պայմանագրերից 472-ը պետական գրանցում չի ստացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել