Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱԿԱՆ ՌՈՒԲԼԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱԿԱՆ Է

Փետրվար 13,2009 00:00

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, իր իսկ խոսքերով, ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը ԱՊՀ երկրների եւ Ռուսաստանի հետ սկսի առեւտրային գործարքներ կատարել ռուսական ռուբլով:

\"\"
Ըստ Հ. Բագրատյանի,
ռուբլու գոտին Հայաստանի համար փրկություն է:

 

\"\"Տ. Սարգսյանը ասում է, որ ռուբլու գոտի մտնելը քննարկվել է դեռ 3 տարի առաջ:

 

 

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, վերջերս անդրադառնալով մեր երկրի վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությանը, հայտարարել էր, որ ֆինանսական ճգնաժամի երկրորդ փուլում, այսինքն՝ այս տարվա փետրվար-մարտ ամիսներին, ներկայումս գրանցված 25%-ի փոխարեն, գործազրկության մակարդակը մեր երկրում կհասնի 40-45%-ի: Ըստ Հ. Բագրատյանի՝ Հայաստանի վրա ճգնաժամի ուղղակի ազդեցության հետեւանքը կլինի նաեւ այն, որ հայկական դրամը կարժեզրկվի, հասնելով 400-ից մինչեւ 850 դրամ՝ 1 դոլարի դիմաց:

Խոսելով Հայաստանում դրամի արժեւորման խնդրի մասին՝ տնտեսագետն ասել էր, որ մեր պետությունը տրանսֆերտներ ստացող երկրից կամաց-կամաց վերածվում է դոլար արտահանող երկրի, մինչդեռ նախկին վարչապետի ներկայացմամբ. «Միանշանակ, վարչապետ Տիգրան Սարգսյանը ոչ պատկերացում ունի այս ամենի մասին, ոչ էլ ցանկություն՝ որեւէ բան հասկանալու: Սա նրա հերթական «լոլոն» է, որով նա մեզ կկերակրի եւս 6 ամիս»: Ճգնաժամից դուրս գալու լավագույն ելքերից մեկը, պարոն Բագրատյանի համոզմամբ, այն է, որ Հայաստանը մտնի ռուբլու գոտի:

Տնտեսագետի այս կանխատեսումների առնչությամբ, «Առավոտը» փորձեց պարզաբանումներ ստանալ Կենտրոնական բանկից եւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանից: ԿԲ լրատվական ծառայությունից պատասխանեցին, որ վերջին 10 տարիների ընթացքում բանկը արժույթի վերաբերյալ ընդհանրապես մեկնաբանություններ չի տալիս. «Բացի այդ, ռադիկալ օպոզիցիոն քաղաքական գործչի կողմից արված դատողությունները մենք չենք մեկնաբանում: Բագրատյանը քաղաքական հայտարարություն է արել, որը զուրկ է որեւէ հիմնավորվածությունից: Կենտրոնական բանկը քաղաքականությունից դուրս կառույց է: Ինքը քաղաքական գործիչ է եւ մեկնաբանություններն էլ արել է քաղաքական նպատակներով: Ուստի խնդրում ենք, որ ինքն էլ հիմնավորի եւ պարզաբանի իր հայտարարությունները: Իսկ Կենտրոնական բանկը շարունակում է վարել օրենքով սահմանված գների կայունության ապահովման քաղաքականությունը»:

«Առավոտը» պարոն Բագրատյանի կանխատեսումների վերաբերյալ փորձեց ստանալ նաեւ վարչապետի մեկնաբանությունները, որն էլ իր լրատվական ծառայության ղեկավարի միջոցով «Առավոտին» փոխանցեց. «Եթե ռուբլու գոտի մտնել՝ նկատի է առնվում երկրների միացումը եվրոգոտու սկզբունքով, ապա այսօր դրա մասին խոսելը վաղ է, իսկ եթե ռուբլու գոտի ասելով նկատի ենք ունենում երկրներ, որոնք Ռուսաստանի հետ առեւտրային գործարքներ կատարելիս որպես հաշվարկային արժույթ պետք է օգտագործեն ռուբլին, ապա դա բավականին իրատեսական հեռանկար է եւ Հայաստանը շահագրգռված է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հաշվարկները լինեն ազգային արժույթով, ոչ թե ամերիկյան դոլարով կամ եվրոյով, քանի որ դա հանգեցնում է արժութային ռիսկի դիվերսիֆիկացիայի եւ նվազեցնում է գործարքային ծախսերը»:

Չնայած նրան, որ Հայաստանի՝ ռուբլու գոտի մտնելու հավանականության վերաբերյալ Կենտրոնական բանկից «Առավոտին» փոխանցեցին, որ դա իրենց խնդիրը չէ եւ նման բան կարող է լինել միայն քաղաքական որոշման արդյունքում, սակայն վարչապետն այս հարցի վերաբերյալ ճիշտ հակառակ պարզաբանումը տվեց, հայտնելով, որ ՀՀ Կենտրոնական բանկը դեռեւս 3 տարի առաջ նման առաջարկով դիմել է ԱՊՀ երկրների միջեւ ստեղծված Միջպետական բանկին. «Եթե ԱՊՀ երկրների պետական բանկերը իրենց համար ռուբլին ընդունեն որպես ռեզերվային արժույթ եւ սկսեն գործարքներ կատարել այդ արժույթով, ապա դա հենց առաջին քայլն է, որպեսզի ԱՊՀ երկրների միջեւ առեւտրային գործարքների հաշվարկները կատարվեն ռուբլով: Դա նշանակում է, որ Հայաստանի ԿԲ-ն պետք է ընդունի ռուբլին որպես ռեզերվային արժույթ: Իսկ հետագայի համար դա նշանակում է, որ մեր առեւտրային բանկերը կարող են ռուբլով հաշվեհամարներ ունենալ ԿԲ-ում եւ այլն»: Վարչապետի խոսքերով, այդ նախագծի իրականացումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի, եւ Հայաստանը լրջորեն հետաքրքրված է, որպեսզի ռուբլին օգտագործվի որպես հաշվարկային արժույթ, որի միջոցով հնարավոր կլինի առեւտրային գործարքներ կատարել ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ԱՊՀ երկրների հետ. «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դա դառնա իրականություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել