Մամուլում եղան բազմաթիվ հրապարակումներ, թե ՕԵԿ պատգամավորներն ինչո՞ւ են Ամանորին մեկնել Դուբայ: Կուզենայի տալ մի քանի պարզաբանումներ:
Նախ եւ առաջ տեղին է ընդգծել, որ մենք Արաբական Միացյալ Էմիրություններ ենք մեկնել ոչ թե 18, այլ 8 հոգով, ոչ թե Ամանորին, այլ՝ փետրվարի սկզբին: Ոչ թե նոր ենք սկսել համակիրների հետ աշխատել արտերկրում, այլ՝ դեռ տարիներ առաջ: Վերջին տարիներին մեր համակիրների կողմից տարբեր երկրների քաղաքներում հիմնվել են հասարակական կազմակերպություններ, համակիրների ակումբներ, ներկայացուցչություններ եւ այլն:
Համակիրների առաջին ակումբը բացել ենք դեռեւս 2005թ. Մոսկվայում՝ «Պրեզիդենտ» հյուրանոցում կազմակերպելով համապատասխան հանդիպում: Համոզված եմ՝ բոլորը գիտեն, որ այդ ժամանակ Արթուր Բաղդասարյանն Ազգային ժողովի նախագահն էր, այսօր արդեն՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը: Արտերկրում ստեղծվող մեր համակիր շրջանակները՝ լինեն ակումբներ, հասարակական կազմակերպություն կամ ներկայացուցչություն, պայմանավորված են այդ երկրների օրենսդրությամբ, նպատակահարմարությամբ եւ այլ գործոններով: Աշխարհասփյուռ հայության գերակշիռ մասն ընկերներ ու ազգականներ ունի Հայաստանում, այդ թվում՝ ՕԵԿ-ից, որոնք ուշադիր հետեւում են մեր երկրում տեղի ունեցող գործընթացներին: Եվ նման կապի ստեղծումը երկու կարեւոր նպատակ ունի՝ տաք պահել կապը հայրենիքի եւ սփյուռքի մեր հայրենակիցների միջեւ, ինչպես նաեւ՝ նրանց մասնակից ու ներգրավող դարձնել Հայաստանի ռազմավարական զարգացման մեջ՝ կազմակերպելով հավաքներ ՀՀ-ում, քննարկումներ, կլոր սեղաններ ազգային խնդիրների շուրջ:
Չմոռանանք, որ հայ ավանդական կուսակցությունները՝ ՀՅԴ-ն, ՀՌԱԿ-ը, Հնչակյան կուսակցությունը, վաղուց են աշխատում այս ուղղությամբ ու շատ կարեւոր հայապահպան առաքելություն իրականացնում: ՕԵԿ-ը, որպես անկախ Հայաստանի ավելի քան տասնամյա քաղաքական կենսագրություն ունեցող ուժ, փորձում է առկա դրական փորձն օգտագործելով՝ նաեւ իր նոր խոսքն ասել իրավական երկրի եւ ժողովրդավարական գաղափարախոսություն դավանող իր հայրենակիցներին: Եվ ամենեւին էլ կարեւոր չէ, թե ինչ պաշտոն է զբաղեցնում կուսակցության նախագահը երեկ կամ այսօր. մեր նպատակը մի կողմից՝ Հայաստանի բարի համարումն է արտերկրում, մյուս կողմից՝ մեր գաղափարակից հայրենակիցների հետ սերտ կապի պահպանումը հայրենիքի հետ՝ նաեւ մեր միջոցով:
Այսօր, եթե Գերմանիայի քաղաքացին իր երկրի օրենսդրության սահմաններում հիմնում է հասարակական կազմակերպություն եւ համագործակցում մեզ հետ, ի՞նչ կա այստեղ արտառոց: Ավելի՛ն, արդեն մի քանի տարի է՝ ՕԵԿ-ը համաշխարհային քրիստոնեա-դեմոկրատական եւ ժողովրդական կուսակցությունների միության անդամ է, ինչը մեզ հնարավորություն է ընձեռում ներկայացնել ու պաշտպանել մեր երկրի շահերն աշխարհի խոշորագույն միություններից մեկում: Բնականաբար, այս ամենը բխում է մեր երկրի ու պետության շահերից, ու սա եւս մի առիթ է՝ համագործակցելու մեր հայ հայրենակիցների հետ, որոնք նաեւ ակտիվ հանրային կամ քաղաքական գործունեությամբ են զբաղվում իրենց երկրներում:
Դաշնակցականները, ռամկավարները, հնչակները տարբեր երկրներում ունեն իրենց կազմակերպությունները եւ ծավալում են հայանպաստ գործունեություն: Ի՞նչ է, դա վա՞տ է, չի՞ բխում մեր ազգային շահերից: Ներկայումս միայն Ֆրանսիայում գործում են 500-ից ավելի հայկական հասարակական կազմակերպություններ, որոնցից շատ-շատերը համագործակցում են կամ կարող են համագործակցել մեր երկրում գործող տարբեր հասարակական կազմակերպությունների կամ քաղաքական կառույցների հետ: Ի՞նչ է, այդ համագործակցությունը չի՞ բխում մեր ազգային շահերից: Վերջերս Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն իրենց հետ համագործակցող կազմակերպությունների հետ միասին ԱՄՆ-ում կազմակերպեցին դրամահավաք, ինչպես նաեւ՝ տարբեր երթեր ու ցույցեր: Կուզենայի հարցս ուղղել սահմանադրական իրավունքի մասնագետին. այս ամենը հակասահմանադրակա՞ն է, թե՞ ոչ: Օրինակները բազմաթիվ են, սակայն բավարարվենք այսքանով: