Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ ԵՎ ՔՈՉԱՐՅԱՆԻ

Փետրվար 13,2009 00:00

\"\"ԲՀԿ 4-րդ համագումարում կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստանը» «սկսում է նոր փուլ, նոր գործնական քայլեր՝ ուղղված թիմային աշխատանքի արդյունավետության բարձրացմանը»:

Կառավարության նիստերի դահլիճի մուտքը եւ ներսը խստորեն հսկում էին անվտանգության աշխատակիցները, լրագրողներին ներս էին թողնում նախապես ցուցակագրված լինելու դեպքում, ներսում նվագում էր լարային քառյակը, ԲՀԿ-ականները բոլորը փողկապներով էին, կոստյումներով եւ սափրված: Ժամը 14-ից տասը րոպե առաջ դահլիճում արդեն տեղ չկար, հյուրերը՝ ՌԴ-ից, Չինաստանից, Խորվաթիայից, Ուկրաինայից, նստած էին առաջին շարքերում: Նրանք բոլորն էլ սրտագին ողջունեցին համագումարը եւ առանձին-առանձին գրկախառնվեցին Գագիկ Նիկոլաեւիչի հետ: Չինաստանի ներկայացուցիչն ասաց. «Գագիկ Ծառուկյանը բարի եւ լավ ղեկավար է»: Առաջին շարքերում էին նաեւ իշխանական կոալիցիայի անդամ կուսակցությունների առաջին դեմքերը, այդ թվում՝ ԱԺ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը եւ նույն կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը: Մոտ 15 րոպե դահլիճում լռություն էր, թվում էր՝ ճանճը տզզար՝ կլսվեր, օդում քարացել էր լուռ սպասում: 14:10-ին նախագահականի կողմից դահլիճ մտան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նրանց մուտքով սկսվեց այն համագումարը, որից ոմանք «լրջագույն» անակնկալներ էին սպասում:

Որպես արդեն կատարված իրողություն՝ կարող ենք փաստել, որ ԲՀԿ 4-րդ համագումարը սկսվեց եւ ավարտվեց առանց անակնկալների, ավելին, այն նման էր բոլոր ժամանակների կուսակցական համագումարներին՝ երկար-բարակ ելույթներ, երկարատեւ եւ բուռն ծափահարություններ, բրեժնեւյան ողջագուրանքներ, կուսակցության նախագահի միաձայն վերընտրություն եւ՝ ոչինչ ավելին: Թերեւս, անակնկալ կարելի է համարել այն, որ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը նույնքան երկար էր եւ ընդգրկուն, որքան պետք է լիներ կուսակցության նախագահի խոսքը:

Սակայն ներքաղաքական խնդիրներից ոչ ոք կոնկրետ չխոսեց: Սերժ Սարգսյանի ելույթը, որը տեղ-տեղ գրեթե բանավոր խոսք էր, շոշափեց տնտեսական հարցեր եւ ԼՂ թեման: Համաշխարհային տնտեսական ճգնաժամից խոսելով՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ պետք է ամեն ինչ անել՝ պահպանելու «մեր բիզնեսը»: Անդրադարձավ նաեւ «սոցիալական պոպուլիզմին», որին, ըստ նախագահի՝ «պետք է հակադրենք մեր պրոֆեսիոնալիզմը ու կոմպետենտությունը, միայն այդ ճանապարհով մենք կարող ենք հաղթող դուրս գալ, իսկ հաղթել այս դեպքում նշանակում է ամեն ինչ անել, որպեսզի համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը մեր երկրի վրա հնարավորինս նվազ լինի»: Ասաց, որ մամուլի էջերում «քննարկումների հիմնական թեման է՝ տեսնես, թե ի՞նչ են վաճառել, որ կարողացել են այս միջոցները ներգրավել: Մեկը հրապարակավ մի անհեթեթություն է ասում, թե Ղարաբաղը վաճառեցին ու միջոցներ ներդրեցին: Մեկ ուրիշը մեկ այլ անհեթեթություն է մեջտեղ բերում, երրորդը՝ հերքելով այս երկու անհեթեթությունների տրամաբանական լինելը, ինքն իրեն հարց է տալիս՝ բա էդ դեպքում ի՞նչ են վաճառել, որ կարողացել են այս միջոցները ներգրավել: Սա, իհարկե, շատ-շատ զավեշտալի է, բայց միեւնույն ժամանակ նաեւ տխուր է, շատ տխուր: Ես հույս ունեմ, որ ի վերջո այս քննարկումները մի օր կգան տրամաբանական հուն, եւ հերյուրանք արտադրող մարդիկ կհոգնեն այս գործելաոճից, թեեւ, անկեղծորեն ձեզ ասեմ, իմ այդ հույսը շատ մեծ չի, որովհետեւ հերյուրանքներ արտադրելն ու տարածելը այսօր շատ մարդկանց մոտ դարձել է կենսակերպ, ապրուստ հայթայթելու միջոց, քաղաքականության մեջ, ըստ իրենց, մնալու միակ հնարավորություն»: ՀՀ նախագահը հայտարարեց նաեւ, որ ԼՂ ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, եւ այն կյանքի է կոչել, ասաց, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի մաս կազմել. «Դրա համար չկան ոչ իրավական, ոչ պատմական հիմքեր եւ ոչ էլ, որ ամենից կարեւորն է՝ ԼՂ քաղաքացիների ցանկությունը: ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը մենք համարում ենք այլընտրանք չունեցող ճանապարհ»: Ըստ Սերժ Սարգսյանի, ոմանք փորձում են ԼՂ հարցի շուրջ բանակցությունները ներկայացնել որպես սակարկություն. «Նրանք խորապես սխալվում են՝ գոնե մի շատ պարզ պատճառով՝ ԼՂՀ-ն՝ մեր հայրենի հողը, գին չունի, իսկ եթե գին չունի, ուրեմն սակարկելն անիմաստ է»: ԲՀԿ-ականներին այս միտքը դուր եկավ եւ ծափահարեցին:

«Մեր ուղիները խաչաձեւվեցին պատմական առումով շատ կարեւոր եւ պատասխանատու ժամանակահատվածում, մենք ունեցանք մարտի 1-ի ողբերգություն: Խարանը, որ մեր պետության առջեւ ծառացած է, մենք բոլորս դրանում պատասխանատվության մեր բաժինն ունենք: Մենք բոլորս պատասխանատվություն ունենք, ինչպես նշեց հանրապետության նախագահը՝ խաղաղության եւ կայունության գործը միասին կերտելու գործում»,- հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ու ավելացրեց. «Մեզ իմաստնություն եւ խոհեմություն եմ մաղթում»։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ողջունելով ԲՀԿ համագումարը, ասաց. «ԲՀԿ-ն կարճ ժամանակում ստեղծեց իր ձեռագիրը, իր նկարագիրը, իր բնավորությունը, եւ այս առումով գնահատում եմ ԲՀԿ գոյությունը մեր քաղաքական կյանքում»: Ասաց, որ իրենց կոալիցիան ձեւավորվեց «հայկական հզոր պետականություն ունենալու նպատակով, քաղաքական կյանքում կայունություն հաստատելու նպատակով»:

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ ստեղծելով քաղաքական կոալիցիա՝ իրենք հիմք դրեցին «քաղաքական կայունության» եւ կարողացան «միասնաբար նպաստել, որ մեր երկիրը զերծ մնա տարբեր կարգի զանգվածային անկարգություններից ու ցնցումներից»: Ի դեպ, այս կարգի հայտարարությունները համագումարի մասնակիցները ծափերով չէին ողջունում: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ մարտի 1-ից հետո քաղաքացիական հանդուրժողականության դիրքերից ԲՀԿ-ն դրսեւորել է ազնիվ եւ սկզբունքային կեցվածք, եւ մարդիկ հավատացել են կուսակցությանը: Ասաց նաեւ. «Ես հավատում եմ իմ ուժերին, հավատում եմ յուրաքանչյուրիդ հնարավորություններին: Գիտեք, որ իմ խոսքը գործ է, եւ մեր գործի հաջողությունը մեր միասնության մեջ է: Աստված թող լինի մեր գործերի պահապան»:

Հ. Գ. Համագումարն ընդունեց երկու հայտարարություն՝ ներքաղաքական իրավիճակի եւ ղարաբաղյան հարցի վերաբերյալ: Սրանց մասին առավել մանրամասն՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել