Երեւանի քաղաքապետարանը երեկ թույլատրել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանին փետրվարի 28-ին ժ. 17:00-ին միջոցառում անցկացնել Մյասնիկյանի արձանի մոտ:
Ինչ վերաբերում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի ներկայացրած իրազեկմանը՝ մարտի 1-ին Մատենադարանին հարող տարածքում կամ Հյուսիսային պողոտայի հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին, որն ավարտվելու է երթով՝ քաղաքապետարանի կայքէջում նշված է. «Իրազեկումը քննարկվել է Երեւանի քաղաքապետարանում: Չնայած կազմակերպչի ներկայացուցիչը պատշաճ ձեւով ծանուցվել է իրազեկման քննարկման օրվա եւ ժամի մասին, սակայն քննարկմանը չի մասնակցել, եւ այն կայացել է նրա բացակայությամբ»: Արդյունքում ընդունված որոշմամբ՝ արգելվել է իրազեկման մեջ նշված վայրերում հանրահավաքի, այնուհետեւ՝ երթի անցկացումը: Եվ արդեն հաստատված ավանդույթի համաձայն՝ առաջարկվել է նախատեսվող հանրահավաքն անցկացնել «Դինամո» մարզահամալիրին հարող տարածքում:
Մինչդեռ ՀԱԿ-ի ներկայացուցիչները պնդում են, թե ըստ օրենքի՝ քաղաքապետարանը պետք է իրենց դիմումին պատասխաներ 72 ժամվա ընթացքում: Երեկ առավոտյան ժամը 9-ին այդ ժամկետն ավարտվել է, եւ իրենք մերժման մասին որոշում չեն ստացել: Ըստ օրենքի՝ այդ դեպքում իրազեկումը համարվում է ընդունված: Ուստի ՀԱԿ-ը պատրաստվում է հանրահավաք կազմակերպել Մատենադարանի մոտ, իսկ դրանից հետո՝ նաեւ երթ անցկացնել դեպի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածք՝ հարգելու 2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների հետեւանքով սպանված 10 մարդկանց հիշատակը: