ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը փետրվարի 12-ին Եվրամիության անդամ երկրների՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին ներկայացրեց եվրոպական հարեւանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի շրջանակում 2009-11 թվականներին իրականացվելիք գերակա խնդիրները եւ առաջնահերթ միջոցառումները: Քաղաքական բնույթի գործողությունների շարքում ներառված են Հայաստան-ԵՄ քաղաքական երկխոսության զարգացումը, միջազգային հարաբերություններում համագործակցության խթանումը: Նախատեսվում են Հայաստանում եվրաինտեգրացիայի վերաբերյալ տեղեկատվական ռազմավարության ծրագրի մշակում եւ իրագործում: Հստակ քայլեր կձեռնարկվեն Հայաստան-ԵՄ երկրներ մուտքի վիզաների տրամադրման կարգի պարզեցման ուղղությամբ: Իրավական բնույթի գործողությունների շարքում նախատեսված են դատաիրավական համակարգի բարեփոխումներ, արդարադատության մատչելիության ապահովում, ՀՀ-ԵՄ անդամ երկրների դատական եւ իրավապահ համակարգերի միջեւ համագործակցության մեխանիզմների կատարելագործում, կոռուպցիայի դեմ պայքար, այդ թվում՝ հակակոռուպցիոն նոր ռազմավարության ընդունում եւ կոռուպցիայի դեմ պայքարի ազգային ծրագրի մշակում եւ իրականացում եւ այլ միջոցառումներ: Ենթակառուցվածքային բնույթի գործողությունների թվում են ՀՀ-ում ԵՄ տեղեկատվական կենտրոնի ստեղծումը, տեղեկատվական հասարակության զարգացումը, տրանսպորտային անվտանգության համակարգի ազգային ռազմավարության մշակումն ու իրագործումը եւ այլն: Այս բաժնի գործողությունների թվում են նաեւ ՏՐԱՍԵԿԱ եւ այլ միջազգային եւ տարածաշրջանային ծրագրերում ակտիվ ներգրավվածության ապահովումը, համագործակցության խորացումը, էներգետիկ անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված գործունեության իրականացումը, տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացումը, միջուկային էներգիայի եւ միջուկային անվտանգության բնագավառում ՀՀ-ԵՄ համագործակցության խորացումը: Հումանիտար բնույթի գործողություններին համապատասխան՝ նախատեսվում են ՀՀ-ԵՄ միջեւ մշակութային, կրթական, տեխնիկական եւ գիտական կապերի խորացում, ՀՀ գիտության եւ կրթության համակարգերում բարեփոխումների իրականացում: Շրջակա միջավայրի, առողջապահության եւ սոցիալական բնույթի գործողությունների շրջանակներում նախատեսվում են աղքատության կրճատման մեխանիզմների կատարելագործում, աշխատանքային օրենսգրքի բարելավում, կենսաթոշակային համակարգի բարեփոխումների շարունակականության ապահովում: Բարեփոխումներ կիրականացվեն նաեւ առողջապահության եւ բնապահպանության ոլորտներում: Ֆինանսատնտեսական եւ առեւտրային բնույթի գործողությունների խումբը ներառում է ՀՀ-ԵՄ տնտեսական կապերի խորացմանը միտված գործողություններ, բարեփոխումներ մաքսային, հարկային համակարգերում եւ այլն: ՀՀ-ում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերը հայտարարել է, որ ներկայացված փաստաթուղթը շատ արդյունավետ է ու նախատեսում է ՀՀ-ԵՄ համագործակցություն բոլոր ոլորտներում: