Ըստ Արմեն Աղայանի՝ եթե Ադրբեջանը երկար ժամանակ պատերազմ չսկսի, ուրեմն ընդունել է իր պարտությունը:
«Ես ուշադրությամբ հետեւում եմ ազատագրված տարածքներին վերաբերող բոլոր զարգացումներին, նորահայտ սպառնալիքներին, մասնակցում եմ դրանք կանխելուն ուղղված գործունեությանը, համագործակցում եմ խնդրով մտահոգ խմբերի հետ, անկախ նրանից, թե որ ճամբարին են նրանք պատկանում»,- այսպես արձագանքեց «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության նախկին քարտուղար Արմեն Աղայանը «Առավոտի» դիտարկմանը՝ տարաձայնությունների արդյունքում հեռացել եք ընկերներից, մինչդեռ դարձյալ օրակարգում է ազատագրված տարածքների վերադարձի հարցը, եւ այդ ուղղությամբ պայքարը շարունակվում է: Մեր զրուցակիցը գտնում է, որ ազատագրված տարածքները հանձնելու վտանգն ավելի մեծ էր 2001-ի գարնանը՝ քիուեսթյան համաձայնության շրջանում, երբ պատրաստվում էր համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաեւ 2005-ի վերջին, երբ ԼՂՀ հարցով սկսեց զբաղվել Միջազգային ճգնաժամային խումբը ու պատրաստեց «Ճանապարհային քարտեզը»: Հարցի ներկա սրացումը նա կապում է ներհայաստանյան իրողությունների հետ. «Սերժ Սարգսյանը շատ է ցանկանում ինքը դառնալ ԼՂ հարցը լուծողը եւ Թուրքիայի հետ հաշտվողը: Իրականում նրա վրա չկա որեւէ ճնշում, առավել եւս՝ ոչ լեգիտիմ լինելու պատճառով: Ճիշտ է, նա ընտրված չէ, սակայն բոլորը արդեն սեղմել են նրա ձեռքը՝ որպես ՀՀ նախագահի: Չկան նաեւ միջազգային նախադրյալներ, որ հատուկ հենց այդ օրերին ճնշումն ավելանար: Պարզապես Ռուսաստանը, տեսնելով Հայաստանի նոր ղեկավարության զիջելու պատրաստակամությունը, փորձեց ինքը վերահսկել գործընթացը եւ այդ առիթով ավելացնել իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում: ԱՄՆ-ի կողմից ուժեղ ճնշումը, ինչի մասին «ավետում էր» Տեր-Պետրոսյանը, ընդհանրապես բացակայում էր, ԱՄՆ-ն շատ ավելի կարեւոր խնդիրներ ուներ այդ օրերին: Իրականում առաջին նախագահը առիթը օգտագործեց անիմաստ դարձած շարժումը դադարեցնելու համար: Աննախադեպ է, որ խնդրի դիվանագիտական կարգավորման նախաձեռնություն դրսեւորեց ՀՀ ղեկավարությունը: Ս. Սարգսյանը շատ է ուզում բացել թուրքական սահմանը եւ վերացնել Ադրբեջանի կողմից պատերազմի մշտական սպառնալիքը: Դա նրան կօգներ իշխանությունն ավելի երկար պահելու եւ առանց խնդիրների կառավարելու հարցում: Թուրքիայի նախապայմանը տարածքների հանձնումն է. նա էլ որոշել է, որ հինգ շրջան զիջում ենք, համաձայնվում ենք պատմաբանների հանձնախմբի ստեղծմանը՝ արդյունքում սահմանը բացվում է, մեր օլիգարխները սկսում են մի քիչ ավելի էժան ապրանքներ ներկրել, եւ բոլորն էլ գոհ են մնում»:
Արմեն Աղայանն ասում է, որ այս տրամաբանությունը գաղափարախոսական հիմնավորում ունի, եւ խորհուրդ է տալիս ծանոթանալ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ «Պետության վախճանը» հոդվածին, որը փիլիսոփայություն է պոստինդուստրիալ հասարակարգում ազգերի հաջողությունների եւ անհաջողությունների, տարածքների նշանակության նվազման, պետության ֆունկցիաները միջազգային օղակներին եւ հասարակական կազմակերպություններին փոխանցելու մասին: «Սերժ Սարգսյանը եւ նրա թիմի հիմնական կորիզը գտնվում են այս գաղափարախոսության ազդեցության ներքո ու գործում են այս տրամաբանությամբ՝ ներքաղաքական իրականությամբ չկաշկանդված»,- ասաց Ա. Աղայանը: Սակայն մեր զրուցակցի կարծիքով, թուրքերի հետ հաշտվելու ծրագիրը հաջողություն չի ունենա, ավելին, արդեն տապալված է՝ մյուս խաղացողների ոչ համարժեք արձագանքի պատճառով: Հակառակորդը ՀՀ զիջողականությունը ընկալում է որպես թուլություն եւ պահանջում է ավելին, քան կարող է զիջել անգամ ամենաապազգային իշխանությունը: «Արցախյան հիմնախնդիրը բանակցային լուծում չունի: Բանակցությունները չպատերազմելու միջոց են միայն: Իսկ պատերազմ սկսել-չսկսելու կամ երբ սկսելու ընտրությունը ամբողջովին պատկանում է Ադրբեջանին: Եթե Ադրբեջանը երկար ժամանակ պատերազմ չսկսեց, ուրեմն ընդունել է իր պարտությունը»,- համոզված է Արմեն Աղայանը: