Լրահոս
Օրվա լրահոսը

7 ԱՆԳԱՄ ՆՍՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԷԻՆ ՀԵՏԱՁԳԵԼ, 8-ՐԴԸ՝ ԿԱՆԳՆԵԼՈՒ

Փետրվար 13,2009 00:00

\"\"Դատավոր Մնացական Մարտիրոսյանը ձգձգում է դատը՝ մինչեւ կիրականացվեն օրենսդրական համապատասխան փոփոխությունները:

«7»-ի գործով մեղադրվողները երեկ արդեն կանգնած էին, երբ դատական նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը մտավ դահլիճ: Սակայն երբ նա կարգադրեց նստել՝ նրանք հրաժարվեցին: Ալեքսանդր Արզումանյանը պարզաբանեց. «Չկա որեւէ նորմ, որը պահանջում է, որպեսզի նստած լինեն դատավարության մասնակիցները: Կա նորմ, որով Դուք պահանջում եք, որ մենք ոտքի կանգնենք՝ մենք էլ կանգնել ենք»:

Դատավորը հերթով սկսեց զգուշացնել, որ նախագահողի կարգադրությունները չկատարելը դիտվում է որպես դատական նիստի ընթացքին խոչընդոտում: Առաջինը զգուշացրեց Մյասնիկ Մալխասյանին. «Անթույլատրելի է առանց նախագահող դատավորի կարգադրության հայտարարություններ անելը, ինչպես նաեւ՝ պարտավոր եք ենթարկվել նիստը նախագահողի կարգադրություններին»: Մյասնիկ Մալխասյանը պատասխան հարց տվեց, թե ինչի՞ց ենթադրեց, որ պետք է նման պարզաբանում անել. «Ես որեւիցե հայտարարություն չեմ արել: Ես առանց Ձեր թույլտվության որեւէ բառ չեմ արտասանել: Եվ առավել եւս՝ խորը հարգալից վերաբերմունք եմ ցույց տվել դատավարության մասնակիցներին, զոհվածների հարազատներին, որպեսզի Դուք առիթ չունենաք անհարկի ձգձգելու այս դատավարությունը եւ մեզ վրա գցելու այդ պատճառաբանությունը: Մենք այսօր հնարավորություն ենք տալու՝ դատը սկսելու, եւ զոհվածների ընտանիքներին անհարկի չբերելու այստեղ: Առանց այն էլ նրանց վիշտը ծանր է, որը Դուք այս կեղծ մեղադրանքով բերել բարդել եք մեզ վրա»:

Ալեքսանդր Արզումանյանը նույն պարզաբանումը լսելուց հետո՝ հայտարարեց, թե իրենք խախտում չեն անում՝ ուղղակի կանգնած են դատվում. «Մենք պատրաստ ենք ցանկացած բաց դատավարության՝ ի հեճուկս Ձեր բոլոր ապօրինի որոշումների, այդ թվում՝ լրագրողներին դուրս հանելու, մեր հարազատներին չբերելու, ինչ-որ սափրագլուխներ այստեղ նստեցնելու: Մենք պատրաստ ենք ճշմարտությունը բացահայտել: Չնայած սա մեր սահմանադրական պարտքը չի՝ ապացուցենք, որ մենք անմեղ ենք: Մարդը չի ապացուցում, որ նա ուղտ չի: Դո՛ւք պետք է ապացուցեք, որ մենք ինչ-որ մեղք ենք գործել: Բայց մենք դրան էլ ենք համաձայն: Ուզում է Փիլոյանը ինձ ամբաստանյալ ասի՝ թո՛ղ ասի: Ես էլ կասեմ՝ գործ սարքող Փիլոյան. դա մեր իրավունքն է»: Ու դատավորին առաջարկեց, որ այս անգամ էլ որոշում կայացնի, թե «չափից դուրս հարգալից վերաբերմունքի համար» է հետաձգում. «7 անգամ նստելու համար եք հետաձգել՝ մի անգամ էլ կանգնելու: Ճշմարտությունն ասեք այս մարդկանց, տուժողներին: Ասեք, որ պատրաստ չեք դատավարության, պրոբլեմ ունեք»: Ալեքսանդր Արզումանյանի եւս մի փաստարկն էր. «Չենք ուզում նստել, որովհետեւ 12 ամիս է՝ նստած ենք, հիմա կարող ենք մի քիչ էլ կանգնել: Որեւէ խնդիր չկա, դրանով մենք չենք խոչընդոտում ձեր գործերին: Մենք՝ յոթս էլ, պատրաստ ենք առանց խոչընդոտելու անմիջապես անցնել դատական գործընթացին»:

Սասուն Միքայելյանը դիմեց զոհերի հարազատներին. «Մենք հարգելով ձեզ ենք ոտքի կանգնել, որ պրոբլեմ չլինի»: Նա եւս ասաց. «Ուզում ենք դատավարություն լինի, որ պարզ լինի՝ մենք մեղավոր չենք»: Եվ արդեն դատավորին դիմելով՝ նշեց, թե այս 7 հոգին եւ այժմ կալանավայրերում գտնվողներից շատերը մեր երկրի համար շատ բան են արել. «Դուք ոչնչությո՛ւն եք էս տղերքի դեմ»: Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, թե նախազգուշացում է արվում: «Ընդունվեց: Ոչնչություն չի»,- արձագանքեց Ալեքսանդր Արզումանյանը, եւ Սասուն Միքայելյանը շարունակեց. «Ես այս դատավարության մեջ ինձ մեղավոր եմ ճանաչում, այո՛, մի հարցում, որ ժողովրդին իմ աչքի առաջ մորթում էին, ես՝ զինվոր տղա, չկարողացա նրանց օգնեմ: Ու զարմանում եմ՝ ես թուրք գերիներ էլ եմ ունեցել, լավ գիտեք՝ այդպես դաժան չեմ վերաբերվել նրանց, ինչքան հայը՝ հային»:

Հակոբ Հակոբյանին արված պարզաբանմանն ի պատասխան դատավորը լսեց. «Մեզնից ավելի վատ վիճակի մեջ դուք եք: Մեր նման պլեն եք»:

Իսկ երբ Մնացական Մարտիրոսյանը Գրիգոր Ոսկերչյանին պարզաբանեց, թե պարտավոր են ենթարկվել դատական նիստի նախագահողի կարգադրություններին՝ Մյասնիկ Մալխասյանը ճշտեց. «Օրինակա՛ն կարգադրություններին»: Գրիգոր Ոսկերչյանը հայտարարեց, որ իր ոտքի կանգնելը բոլորովին չի նշանակում, թե հարգում է դատարանում տեղի ունեցողը. «Համարում եմ, որ այստեղ արդարադատություն տեղի չի ունենում՝ հանուն Հայաստանի Հանրապետության»: Եվ հիշեցրեց, որ երբ ինքը նստած էր մնում՝ դատավորն իրեն չի հարցրել, թե ինչու է նստած: Մինչդեռ իր նկատմամբ բռնարարք էր տեղի ունեցել կալանավայրում, իսկ դատավորն անգամ այդ մասին չհետաքրքրվեց. «Ոչ մի բան չարեցիք, թողեցիք փախաք դատարանի դահլիճից»: Մնացական Մարտիրոսյանը պարզաբանեց, թե նման արտահայտություններ անելն անթույլատրելի է: Ալեքսանդր Արզումանյանն ընդվզեց. «Դուք չե՛ք կարող ամեն բառը վիրավորական համարել»: Դատավորը նրան էլ նկատողություն արեց. «Խոսում եք առանց թույլտվության»: Քաղբանտարկյալները խորհուրդներ էին տալիս Ոսկերչյանին. «Ասա՝ չփախաք», «Ասա՝ ճողոպրեցիք. հոմանիշն օգտագործիր», սակայն նա չհամաձայնեց. «Կանգնելը կոչվում է կանգնել, նստելը՝ նստել, փախնելը՝ փախնել»: Դատավորն այլեւս թույլ չտվեց հայտարարություն անել՝ արձանագրելով, որ առանց իր թույլտվության են խոսում. «Դրանով իսկ անհարգալից վերաբերմունք ենք դրսեւորում դատարանի նկատմամբ»: Եվ իր հասցեին Շանթ Հարությունյանի վիրավորանքից հետո հետաձգեց դատական նիստը մինչեւ փետրվարի 26-ը: Սասուն Միքայելյանը սրան այսպես արձագանքեց՝ «Վաղը-մյուս օրն էլ ասելու են՝ ինչի՞ գլխարկ չես դրել»:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը ներկա էր դատարանում՝ կատարվածն այսպես գնահատեց. «Բացարձա՛կ անօրինականություն էր: Եթե դատարանը մտադիր էր սանկցիաներ կիրառել Շանթ Հարությունյանի նկատմամբ, ապա մնացածի նկատմամբ բացարձակ պետք չէր կիրառել այդ նույն սանկցիաները: Ինքը՝ դատավորը, դրդող գործողություններ կատարեց, որ ամբաստանյալները դուրս գան հունից եւ կիրառի իր սանկցիաները»:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, որը նույնպես դատարանում էր՝ տարակուսած էր. «Մեզ ասում էին, թե չկանգնելու համար չեն շարունակում: Հիմա մարդիկ կանգնեցին՝ շատ հարգալից վերաբերմունք էին ուզում ցուցաբերել: Իմ կարծիքով, դատարանն ուղղակի պատրաստ չէր նման ընթացքի, դատը վարելու: Եվ դրա համար դատավորն ուղղակի պատրվակ գտավ դատը հետաձգելու»:

«7»-ի գործով պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն ասաց. «Այսօր ակնհայտ դարձավ, որ ոչ թե մեր պաշտպանյալների պատճառով այսքան ժամանակ դատական նիստ տեղի չի ունեցել, այլ հենց դատարանի՛ ցանկությամբ: Տեսնելով, որ մեր պաշտպանյալները ոտքի կանգնեցին՝ դատավորն ամեն կերպ խայծեր էր գցում, որպեսզի խաթարվի դատական նիստի բնականոն ընթացքը: Եվ ըստ էության՝ հասավ իր նպատակին»:

«7»-ի գործով մեկ այլ պաշտպան՝ Վարդուհի Էլբակյանն ասաց, թե այլեւս մեկնաբանություններ էլ չի կարողանում անել. «Մի տեսակ ծիծաղելի է: Առաջ ասում էին, թե չեն հարգում, հիմա էլ ստացվեց, թե շա՜տ ավելի են հարգում, ու դա դատարանին էլի դուր չեկավ: Ճիշտ է, դատարանի համար հիմք դարձավ Շանթ Հարությունյանի ասածը, որը գնահատվեց իբրեւ բացառիկ անհարգալից վերաբերմունք: Բայց դա միայն Շանթ Հարությունյանի հայտարարությունն էր, եւ դրա համար մնացածներին հեռացնելը… …Կարծում եմ, անկախ ամեն ինչից՝ կանգնեին-չկանգնեին, լռեին-նստեին՝ ինչ ուզում է լիներ, այսօր դատական նիստ տեղի չէր ունենալու, քանի որ Քրեական օրենսգրքի հոդվածների փոփոխության, նաեւ դատարանների լուծարման խնդիր կա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել