Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆՔ ԵԽԽՎ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Փետրվար 13,2009 00:00

\"\"Մտավորականների ֆորումն անցնում է գործի

«Փոխելով այդ հոդվածները (ՀՀ քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածները-Ն. Գ.)՝ դեռ չի նշանակում, որ նրանք պատասխան տվեցին իրենց արարքների համար եւ մեղքերի քավություն ստացան ժողովրդի կողմից: Ոչ, պետք է իշխանությունից զրկվեն եւ պատասխանատվություն կրեն: Կոչ ենք անում բնակչությանը՝ մասնակցել մարտի 1-ի հանրահավաքին, անկախ նրանից՝ թույլ կտան, թե ոչ: Դա ռեժիմի խնդիրն է»,- նման հայտարարությամբ երեկ հանդես եկավ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը՝ Մտավորականների ֆորումի ավագանու, համակարգող խորհրդի եւ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության երեկվա համատեղ նիստում: Իսկ հավաքի նպատակն էր քննարկել եւ գնահատել ԵԽԽՎ-ում Հայաստանին վերաբերող զարգացումները: Եվրոպական քննարկումներից եւ մամուլում դրանց լուսաբանումներից ներկաները տպավորություն էին ստացել, որ՝ «Մենք մեզ զգում ենք քաղաքակիրթ աշխարհի արդարադատության պալատի շքամուտքի մոտ, վիզներս ծուռ, վճռի կայացմանը սպասող խնդրարկուների վիճակում»: Անգամ իրարամերժ կարծիքների առկայությունը, ըստ հավաքի մասնակիցների, բնավ չի փոխում երեւույթի բնույթը: «Իրականում մենք պատասխանատվության ծանր բեռ կրողներ ենք եւ պետք է մեզ պատասխանատու համարենք ԵԽԽՎ հեղինակության, նրա առաքելության անբասիր իրականացման համար: Քրիստոնեական առաջին պետություն ստեղծող ժողովրդի պատասխանատվությունը ողջ մարդկության առաջ մեզանում դարձել է ավանդական ազգային հոգեբանություն: Մնում է գիտակցել, որ հետմարտիմեկյան զարգացումները հենց այդպիսին են: Այդ է պատճառը, որ մեզ շատ է հուզում այն պարագան, որ միմյանցից մեկ ամիս հեռու զեկուցագրերում մի դեպքում՝ առկա են քաղբանտարկյալներ, իսկ հետո նրանք չկան, ասես չեն էլ եղել: Դրանց փոխարինում է ժողովրդավարության սկզբունքների զարգացման անորոշ հեռանկարի մտահոգությունը: Հետեւաբար, զարմանալի չպետք է թվա, որ մենք մեզ զգում ենք հոգեւոր եւ իրավական մեծ, համամարդկային կառույցի շինարարության մասնակիցներ եւ չենք հաշտվում, երբ մեզանում հեղված արյունը մեր իսկ ծախու «գործիչների» կողմից փոխհատուցվում է մի քանի քրեական հանցագործների կալանքից ազատելը որպես քաղբանտարկյալների ազատ արձակում ներկայացնելով:

Ցավում ենք, որ մեզանում օտարազգի բարեկամներին թյուրիմացության են մատնել՝ շահագործելով նրանց դյուրահավատությունը: Մենք, որ լավագույնս ծանոթ ենք այդ երեւույթին, գիտենք՝ այդ ֆռռիկներն ինչ թափով էլ պտտվելու լինեն, ի վերջո, սպառելու են իրենց ներուժը եւ դուրս են նետվելու խաղադաշտից: Մենք, որ ազգային ավանդական բնույթին հավատարիմ՝ քայլելու ենք մինչեւ վերջ, մինչեւ մեր իրավական եւ իշխանական դաշտը ֆռռիկ ֆռռացնողներից վերջնականապես մաքրելը: Եվ ոչ ոքի մոլորյալ լինելու մեղքը մեր խղճին ծանրացած չի լինի»,- ասված է հայտարարությունում, որն ընդունեցին քննարկման մասնակիցները:

Խոսելով Քրեական օրենսգրքի 300 եւ 225 հոդվածների վերանայման մասին՝ Մտավորականների ֆորումի ավագանու անդամ Երվանդ Մանարյանն ասում է, որ դա էլ ֆռռացնելու մի դրսեւորում է. «Կռիվը բնավ էլ դրա վրա չի: Դա ժամանակ շահելու խնդիր է: Այնքան կանեն, մինչեւ որ մարդիկ հոգնեն: Մենք չպետք է հոգնենք»: Իսկ պաշտոնաթող գնդապետ Ռոբերտ Թադեւոսյանը զարմանում է. «Մի՞թե այսքան դատավորների եւ դատախազների մեջ չկա մեկը, որ ասի՝ էս ի՞նչ ենք անում ժողովրդի գլխին: Ինչքա՞ն կարելի է հանդուրժել: Պարոնայք դատավոր-դատախազներ՝ հիշեք, որ պատասխան եք տալու նրա համար, թե ինչո՞ւ եք մի քանի մարդկանց կարգադրությունները կատարել»:

«Հայրենիք ու պատիվ» կուսակցության ներկայացուցիչների կարծիքով, եվրոպական կառույցները, Արեւմուտքը նախ եւ առաջ իրենց խնդիրներն են լուծում: «Եթե որեւիցե մեկը միամտորեն հավատում է, որ ԵԽ-ն լուծելու է Հայաստան պետության, իշխանության, հանրության առողջացման, ժողովրդավարության խնդիրը՝ չարաչար սխալվում է: Դա մեր ազգի եւ ժողովրդի խնդիրն է: Ուրախալին այն է, որ վերջին երկու տարում դա ստանձնեց քաղաքացիական շարժումը, որը հետագայում վերափոխվեց Ազգային կոնգրեսի: Իրականությանը չեն համապատասխանում գնահատականները, որ շարժումը դանդաղել է: Հարցերը լուծվելու են մոտ ապագայում»,- կարծում է Գառնիկ Մարգարյանը:

Նման քննարկումներն այլեւս պարբերական բնույթ են կրելու, իսկ առաջիկայում տեղի կունենա մտավորականների 16-րդ ֆորումը, որի ժամանակ կբարձրաձայնվեն անելիքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել