Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը տարածել է հաղորդագրություն՝ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացված հարցին: Այն առնչվում էր ձերբակալվածներին պահելու վայրերում անձանց իրավունքներին, խախտման դեպքերին:
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ մինչ պաշտպանի հայտարարությունը, այդ հարցը քննարկվել է կոլեգիայի նիստում, հրապարակվել ԶԼՄ-ներում: «Ինչ վերաբերում է պաշտպանի այն դիտարկմանը, թե կալանավորված անձանց պահելու վայրերում երբեմն պահվում են դատախազների գրավոր ցուցումների հիման վրա, ապա գլխավոր դատախազությունը շնորհակալ կլինի մարդու իրավունքների պաշտպանին, եթե փոխշահավետ համագործակցության նպատակով տրամադրվեն կոնկրետ փաստեր, թե որ քրեական գործով որ կալանավորված անձը որ դատախազի գրավոր ցուցումի հիման վրա է անօրինական պահվել ՁՊՎ-ում՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու եւ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: Եվ գլխավոր դատախազությունը ակնկալում է պաշտպանից ստանալ ոչ թե դիմումատուների, այլ իրավախախտում թույլ տված պաշտոնատար անձանց տվյալները եւ համապատասխան փաստերը»,- ասվում է գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ: