Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնության տոնի շուրջ

Փետրվար 12,2009 00:00

Oրերս ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է Հայ ազգային ինքնության տոնի մասին ՀՅԴ եւ ՀՀԿ ներկայացրած նախագիծը, ինչը մտավորականներին անհանգստությունների եւ բողոքների տեղիք է տվել: Երեկ «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսին բանասեր, պատմաբան Վարդան Դեւրիկյանն այդ առիթով ներկայացրեց իր առարկությունները: «Տոնն ընդունվել է հետեւյալ ձեւակերպմամբ՝ Ազգային ինքնության տոն, որը պետք է նշվի օգոստոսի 11-ին: Այն տիպաբանական հատկանիշները, որոնք կապված են Նավասարդյան խաղերի հետ, բնորոշ են Վարդավառի տոնին, ուստի ճիշտ կլինի Ինքնության տոնը նշել Վարդավառի տոնին եւ կոչել Հերոսական նախնիների օր, ոչ թե Ազգային ինքնության օր: Իսկ Ազգային ինքնության տոնն առաջարկում եմ միավորել Թարգմանչաց տոնի հետ»,- ասաց Վ. Դեւրիկյանը: Գրող, հրապարակախոս, ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանն էլ նշեց. «Առաջարկում եմ տոնը կոչել հենց Ազգային ինքնություն եւ նշել հենց օգոստոսի 11-ին, մինչեւ բոլոր շերտերը կմիավորվեն»: Վ. Դեւրիկյանը նկատեց. «Ես այս թեմայով խոսել եմ տասնյակ մտավորականների հետ, եւ եկել ենք այն համոզման, որ Ինքնության տոնը պետք է լինի շարժական: Ֆիքսված օգոստոսի 11 հասկացությունը թյուրիմացություն է, այդ տոնը չի կարող մեկ ֆիքսված օրում լինել: Վերջիվերջո, Ազգային ժողովը նույն հաջողությամբ Վարդանանց տոնն էլ է սահմանել, մինչդեռ տոներ կան, որ շարժական են»: Ա. Պետրոսյանն ասաց. «Ես մեծ հարգանք ունեմ Ձեր գիտելիքների նկատմամբ, սա որպես հաճոյախոսություն մի ընդունեք, բայց սկզբունքորեն չեմ ընդունում Ձեր առաջարկը: Թող այդ տոնը առանձին օր նշվի: Երանի՝ ամեն օր կարողանայինք ազգային ինքնության օր տոնեինք, արթնանայինք եւ հիշեինք՝ ի՜նչ ազգի ներկայացուցիչներ ենք, թե չէ այսօր ամենավտանգավորը դարձել է հայի ինքնագիտակցություն ունեցող մարդկանց գոյությունը այս երկրում»: Վ. Դեւրիկյանը պնդեց, թե ինքը ներկայացնում է հայ մտավորականության մի որոշակի հատվածի մտածողությունն ու անհանգստությունը: Տիկին Պետրոսյանն էլ հետաքրքրվեց՝ ում նկատի ունի: «Ակադեմիական ինստիտուտներին, մարդկանց, որոնք հիմնված են ժողովրդական կենսափորձի վրա»,- պատասխանեց Դեւրիկյանը: Ա. Պետրոսյանն առարկեց. «Մտավորականությունը, ակադեմիական ինստիտուտները ի՞նչ կապ ունեն ժողովրդի հետ, մտավորականության իմացությունները ժողովրդի հետ որտե՞ղ են առնչվում: Դուք տեսնո՞ւմ եք, թե ինչ է տիրում այսօր մեր մշակութային դաշտում, որը ներկայացնում է ձեր, այսպես ասած, հումանիտար մտավորականությունը, ինչ ապազգայնությամբ, ինչ ամորֆությամբ…»: Վ. Դեւրիկյանը նեղսրտեց. «Ինձ ճիշտ չեք հասկանում, մեզանից առաջ ժողովուրդը սահմանել է՝ որ տոնին ինչ է կատարվում: Չեմ փորձում Նավասարդյան խաղերին վերածնունդ տալ, սխալ մի ընկալեք ասածս, ուղղակի Նավասարդյանին բնորոշ հատկանիշները ուղղակիորեն կապված են Վարդավառի տոնի հետ: Ընդգծում եմ, որ, ընդհանրապես, յուրաքանչյուր խաղ կապվում է հերոսականության գաղափարի, իսկ ինքնությունը՝ գիտելիքի, ինտելեկտի եւ ավելի լայն հարցերի հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել