Փետրվարի 17-25-ը Մոսկվայում, «Իզմայլովո» համալիրի «Գամմա Դելտա» հյուրանոցում անցկացվելու է շախմատային աշխարհի ամենազանգվածային մրցաշարերից մեկը՝ «Aeroflot Open 2009» միջազգային բաց փառատոնը, որի ընդհանուր մրցանակային ֆոնդը 180 հազար եվրո է:
Այս փառատոնն առանձնանում է նրանով, որ դրան ըստ խմբերի մասնակցում են ինչպես ամենաբարձրակարգ գրոսմայստերները, այնպես էլ վարկանիշ չունեցող շախմատիստները: Փառատոնի պաշտոնական կայքում կազմակերպիչները հրապարակել են ուժեղագույնների «A1», ինչպես նաեւ «A2», «B» եւ «C» խմբերում ընդգրկված այն մասնակիցների անունները, որոնք արդեն վճարել են մասնակցության գումարները եւ ստացել գրանցման քարտեր:
Հայաստանը, ավանդույթի համաձայն, «Aeroflot Open»-ում պատկառելի պատվիրակությամբ է հանդես գալու: Նկատի ունենք ինչպես շախմատիստների կարգը, այնպես էլ՝ քանակը: Մեր հանրապետությունը փառատոնում կներկայացնեն գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը, Տիգրան Քոթանջյանը, Հրանտ Մելքումյանը, Արտաշես Մինասյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանը, Գաբիել Սարգսյանը, Արա Մինասյանը, միջազգային եւ ՖԻԴԵ-ի վարպետներ եւ այլք: Քիչ թիվ չեն կազմում նաեւ այլ երկրների մարզական դրոշների ներքո հանդես եկող հայ շախմատիստները: