Բրիտանացի մարզասերները կազմել են աշխարհի յոթ մարզական հրաշալիքների ցուցակը: Այն գլխավորել է ավտոարշավի «Ֆորմուլա-1» դասի Մոնտե-Կառլոյի մրցուղին, որի օգտին քվեարկել է հարցմանը մասնակցողների 18 տոկոսը: Առաջին եռյակում ընդգրկվել են նաեւ Կատալոնիայի «Քամփ Նոու» մարզադաշտը՝ 15% եւ Պեկինի օլիմպիական խաղերի բացման եւ փակման հանդիսավոր արարողությունների՝ «Թռչնաբույն» անունն ստացած ստադիոնը՝ 14%:
Հետաքրքիր է, որ Մոնտե-Կառլոյի մրցուղին, որտեղ անցկացվում է «Ֆորմուլա-1»-ի Մոնակոյի փուլը, ընդամենը քաղաքային օգտագործման մայրուղի է, որի ժամանակ փակվում է հասարակական տրանսպորտի երթեւեկը: Բրիտանացիները, գուցե, առաջին տեղը մրցուղուն տվել են նրա համար, որ ժամանակին այն միակն էր, որ մարզաձեւին ծառայում էր՝ լինելով քաղաքային մայրուղի: Սակայն 2008-ից «Ֆորմուլա-1»-ի օրացուցային պլանում են նաեւ Վալենսիայի եւ Սինգապուրի «պայմանական» քաղաքային գրան պրիները:
Եթե Մոնակոն «Ֆորմուլա-1» մրցարշավի հասակակիցը չլիներ եւ «պատմականի» կարգավիճակ չունենար, դժվար թե ցայսօր մնար տարվա օրացուցային պլանում: Որովհետեւ նեղ եւ վտանգավոր մրցուղում գերժամանակակից մեքենաներն իրենց զգում են, ինչպես վայրի գազանը՝ փոքրիկ վանդակում: «Ֆորմուլա-1»-ում չկա ավելի տարօրինակ եւ հակասական մրցուղի, որտեղ արդյունքներն այդքան անկանխատեսելի են: Մոնակոյում միակ սխալը կամ վրիպումը երաշխավորում է ճանապարհից դուրս գալը: Շարժիչի հզորությունն էլ հաղթանակի գրավական չէ: Հավանաբար, հենց սրանք են պատճառները, որ Մոնակոյի փուլում հաղթողներն առանձնակի հեղինակություն են վայելում եւ ինչպես երեւում է, նաեւ մարզաձեւի բրիտանացի սիրահարների շրջանում: