Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱՆԱԿԱՎՈՐՆԵՐԸ» ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ

Փետրվար 12,2009 00:00

Խորխե Արսեի նկատմամբ տարած առավել քան համոզիչ հաղթանակից հետո, առաջին գերթեթեւից բարձր քաշային կարգի աշխարհի ուժեղագույն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներն արդեն հաշվի են նստում եւ ռինգում սպասում են WBC/IBF/WBA վարկածներով աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանին: \"\"

Վախթանգի երեք գոտիները աշխարհի մյուս ուժեղագույններին արդեն հանգիստ չեն տալիս:

 

 

 

Վանաձորցի բացարձակ չեմպիոնը ժամանակին հայտարարել էր, որ Արսեին պարտության մատնելուց հետո մտադիր է տեղափոխվել ավելի ծանր քաշային կարգ եւ այնտեղ նույնպես նվաճել բոլոր գոտիները: Արտասահմանյան լրատվամիջոցները հաստատում են, որ Վիկն արդեն ձեռնամուխ է եղել իր խոստումի կատարմանը: Նրանք, մասնավորապես, նշում են, որ Դարչինյանի մենեջեր Էլիաս Նասարն ասել է, թե մտադիր է թեթեւագույն քաշային կարգում (53,525 կգ) մրցամարտ կազմակերպել WBS-ի չեմպիոն Հոցումի Հասագեվայի կամ IBF-ի գոտու տիրակալ Ջոզեֆ Ագբեկոյի հետ:

Սակայն Վիկի առաջիկա մուտքը ռինգ՝ հնարավոր է մայիսից ոչ շուտ, քանի որ նախորդ մենամարտում ստացած հոնքի վնասվածքը բուժելու համար անհրաժեշտ է առնվազն 60 օր:

Իսկ մինչ այդ, առաջին գերթեթեւ քաշային կարգում WBO-ի չեմպիոն մեքսիկացի Ֆեռնանդո Մոնտելը, որը նույնպես բարձրացել է մեկ աստիճան վեր, ցանկացել է հանդիպել Դարչինյանի հետ: «Ես միշտ էլ ենթադրում էի, որ Վախթանգը կհաղթի Արսեին,- ասել է նա:- Եվ եթե Դարչինյանն իրեն մեքսիկացիների դահիճ է համարում, կարող է ինձ հետ հանդիպել»:

Վիկի հետ հանդիպում կազմակերպելու հարցով հետաքրքրվում է նաեւ առաջին կիսաթեթեւ քաշում (55,3 կգ) WBC-ի չեմպիոն Իսրայել Վասկեսը, որի մասին Վիկը մի քանի անգամ արտահայտվել է որպես ամենացանկալի մրցակցի:

Վերջապես, ռեւանշ մրցամարտի համաձայնություն է տվել ֆիլիպինցի Նոնիտո Դոները, որից Վախթանգը կրել է պրոֆեսիոնալ կարիերայում իր միակ պարտությունը եւ դա ոչ մի կերպ չի մոռանում: Դոները վստահ է, որ իրենց երկրորդ հանդիպումում ինքը կրկին կհաղթի նոկաուտով:

Վախթանգը բազմիցս է նրան ռեւանշ մրցամարտի հրավիրել: Ու, կարծում ենք, որ այդ հանդիպումը հայ բռնցքամարտիկի համար ավելի թանկ է, քան տարած բոլոր հաղթանակները միասին վերցրած: Առավել եւս, որ Նոնիտոն արտահայտվել է անչափ ինքնավստահ: «Վախթանգն Արսեի հետ մենամարտում էր ոչ այնպիսի ագրեսիվությամբ, ինչպես 2007 թվականին ինձ հետ,- հայտարարել է նա:- Եվ եթե այդ օրը ես լինեի ռինգում, մարտը կավարտվեր նույն արդյունքով: Հիմա ես հաստատ ցանկանում եմ, որ մեր միջեւ ռեւանշ մրցամարտ կայանա: Նա այդ քաշային կարգում ուժեղագույններից մեկն է աշխարհում: Բայց ես գիտեմ նրա թույլ կողմերը եւ ցանկանում եմ նրանից խլել բոլոր երեք գոտիները»:

Վախթանգ Դարչինյանին լավ ենք ճանաչում: Եվ կարծում ենք, որ այս պահից սկսած, նրան այլեւս ոչինչ եւ ոչ ոք չի կարող կանգնեցնել: Գրեթե կասկած չունենք, որ Դարչինյան-Դոներ երկրորդ դիմակայությունն անխուսափելի է: Անգամ Վիկի պրոումոթեր Գերի Շոուի արած մերժողական հայտարարությունը վանաձորցուն չի կարող ստիպել իր նպատակից հրաժարվել:

Եվ վերջում: Վախթանգը հայտարարել է, որ իր ծրագրերի մեջ մտնում է նաեւ ռինգում հարաբերությունները պարզել թեթեւ՝ 61,250 կգ քաշային կարգում WBS-ի աշխարհի չեմպիոն ֆիլիպինցի Մենի Պակյաոյի հետ, որը վերջերս ճանաչվեց բոլոր քաշային կարգերի լավագույն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ:

Այս առիթով Պակյաոյի նախկին մարզիչ Ռիկ Ստախելին Վիկի այս հայտարարությունը գնահատել է անիմաստ ու հանդուգն: «Եթե այդպիսի մենամարտ կայանար, Պակյաոն նրան ռինգում պարզապես կսպաներ: Վիկը նրա հետ հանդիպել ցանկանում է միայն մեծ փողերի համար: Բոլորն են այդ ցանկանում, որովհետեւ Պակյաոյի հետ հանդիպումների ժամանակ մեծ դրույքաչափեր են աշխատում: Բայց եթե անգամ պատկերացնենք, թե Դարչինյանն ապագայում կհանդիպի Մենիի հետ, նա հաղթելու ոչ մի հնարավորություն չի ունենա»,- Ստախելիին մեջբերում է «Boxingscene.com»-ը:

Հետաքրքիր է, Վախթանգն այս մասին ի՞նչ կասի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել