Բալետի արտիստները շարունակում են զորակոչվել եւ զինվորական «սապոգների» մեջ վնասել իրենց ոտքերը:
Մեր բալետային արվեստն իր լավ օրերը չէ, որ ապրում է. հայկական բալետային դպրոցի ավանդույթները խաթարվել են… Ու պատճառները բազմաթիվ են: Մյուս կողմից, հաճելի է արձանագրել, որ շուտով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կսկսվեն Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի բեմադրական աշխատանքները, որն իրականացնելու է աշխարհահռչակ բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը՝ իր թիմով: Անկասկած, այս ուրախալի փաստի կողքին չենք կարող չհիշել մեր բալետային արվեստում հիմնավորված պրոբլեմները եւ ուշադրություն չսեւեռել դրանցից մեկին, որի գոյությունը չի կարող չխոչընդոտել ինչպես «Սպարտակի», այնպես էլ հայաստանյան բալետային ներկայացումների կայացմանը:
«Առավոտում» հայկական բալետի մասնագետները միշտ անդրադարձել են այն խնդրին, որ երիտասարդ եւ արդեն ստեղծագործական լուրջ հայտ ներկայացնող արվեստագետների զորակոչումը բանակ, մեղմ ասած, վնասում է նրանց պրոֆեսիոնալ գործունեությանը: Այս առիթով ժամանակին մեր թերթում բալետային արվեստի երախտավոր, անվանի մանկավարժ Թերեզա Գրիգորյանն էլ նշել է. «Ծառայությունը կոպտացնում է պատանիների ոտքերը, ավերում նրանց պլաստիկան…»:
Ի տարբերություն Հայաստանի՝ աշխարհում չգրված օրենք է պարարվեստի դպրոցների շրջանավարտներին այլընտրանքային զինվորական ծառայության զորակոչելը: Օրինակ, պետերբուրգյան եւ մոսկովյան բալետային ակադեմիաների շրջանավարտները զորակոչվում են բանակային երգի-պարի անսամբլներ: Նույն պրակտիկան կիրառվում է նաեւ կոնսերվատորիաների վոկալ եւ գործիքային բաժինների շրջանավարտներին զորակոչելիս: Օպերային ճանաչված բաս Բարսեղ Թումանյանն էլ «Առավոտին» տված հարցազրույցներից մեկում երախտագիտորեն նշել էր, որ ժամանակին իրեն ծառայելու հնարավորություն են տվել մոսկովյան զինվորական օկրուգի երգի-պարի անսամբլում:
Այսօր մեր պաշտպանության նախարարությունն ընդամենը ինչ-որ «կոսմետիկ» քայլեր է ձեռնարկել՝ բալետի երիտասարդ արտիստներին, ովքեր ծառայում են բանակում, հնարավորություն տալով մասնակցել ներկայացումներին: Չենք ժխտում. մարդասիրական եւ արվեստասիրական քայլ է: Բայց արտիստի գոյությունը չի սահմանափակվում միայն ներկայացմանը մասնակցելով, նրան անհրաժեշտ են փորձեր, վարժանքներ, առանց որոնց՝ բալետի արտիստը պարզապես չի կարող բեմ բարձրանալ: Ահա այս կարեւոր հանգամանքն է, որ մոռացության են տվել պաշտպանության նախարարությունում, հաշվի չնստելով պրոֆեսիոնալ գործունեության առանձնահատկությունների հետ: Հիշենք, թե ի՜նչ ջանքեր էր ներդնում Լորիս Ճգնավորյանը իր նվագախմբի երիտասարդ երաժիշտներին մշտապես «ֆորմայի» մեջ պահելու համար: Եվ պատերազմական տարիներին ի՜նչ ըմբռնումով էին հայրենի բանակի հրամանատարները մոտենում այդ խնդրին: Ինչո՞ւ ենք այսօր հեռացել այս կարեւոր հարցի համակողմանի լուծումից: Խնդիրը պետք է ունենա իր վերջնական՝ օրենսդրական լուծումը, ու մեր պատգամավորներն էլ ԱԺ-ում մշակույթի նախարարին տեսնելիս ոչ թե ժամանակավրեպ ու «նաֆթալինոտ» հարցեր ուղղեն, այլ հոգ տանեն դասական պարարվեստի եւ, ընդհանրապես, դասական արվեստի կենսունակության պահպանման մասին: