«Արմենոիդս» նախագծի հիմնադիր եւ ղեկավար Էդգար Ռոստոմյանը ներդաշնակ աշխատելու կոչ է անում եւ իրենց ոճով ստեղծագործողներին մրցակից չի համարում:
Այս տարվա Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը, ի թիվս այլ երգիչների եւ խմբերի, հրավիրված չէր նաեւ մեծ լսարան ունեցող եւ նախկինում «Տարվա լավագույն խումբ» ճանաչված «Արմենոիդսը», ինչն առաջացրել է նրանց երկրպագուների դժգոհությունը: Ըստ «Արմենոիդս» նախագծի հիմնադիր եւ ղեկավար Էդգար Ռոստոմյանի, պատճառը, հավանաբար, մեկ-երկու անհատի կազմակերպչական անփութությունն է, եւ իրենք հակված չեն այդ ամենի մեջ որեւէ միտում տեսնելու: Է. Ռոստոմյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ են մտածում «Եվրատեսիլի» «մասով»: «Սիրուն փառատոն է «Եվրատեսիլը», որոշել ենք ավելի լուրջ, նպատակային նախապատրաստվել՝ հաջորդ տարի մասնակցելու համար: Մյուս տարի «Արմենոիդսը» ջանք չի խնայի պայքարելու, որպեսզի կարողանա արժանի կերպով ներկայացնել իր ստեղծագործությունները: Ի դեպ, այս տարի էլ պատրաստ էինք մասնակցության, բայց տեխնիկական ինչ-ինչ խնդիրներ եղան, որոնց պատճառով չենք մասնակցի նախընտրական փուլին: Անկեղծ ասած, մենք չէինք դիմել, մեզ առաջարկել էին հայտ ներկայացնել: Ասացինք՝ կմտածենք, ու այդ ամենը մնաց մի տեսակ մշուշոտ տարբերակի մեջ. կարճ ժամանակահատված տրվեց, որպեսզի հավաքենք մեր ուժերը, իսկ հենց այնպես մասնակցություն մեզ հարկավոր չէր: Հաղթանակի համար լուրջ են պատրաստվում»,- հայտնեց նախագծի ղեկավարը: Հարցրինք՝ ի՞նչ է մտածում Արամեի մասին, որի անունն ամենաշատն է շրջանառվում որպես «Եվրատեսիլի» ամենահավանական թեկնածու: Էդգարը, դրական արտահայտվելով երգչի ու նրա երաժշտական գործունեության մասին, հայտնեց. «Բավական չեն լավ երգն ու շոուն, պիտի նաեւ նյարդերը դիմանան: Իսկ ինքս ո՞ւմ կուզենայի տեսնել «Եվրատեսիլին»: Իհարկե, միանշանակ որեւէ հայկական մոտեցում, հայկական մշակում եւ անպայման լուրջ բեմերում հանդես եկած մեկին, օրինակ՝ Սերժ Թանգյանին: Նրա անմիջականությունը հանդիսատեսը միանգամից կզգար: Մանավանդ՝ միջազգային հանրությանը չես խաբի»:
«Առավոտի» հաջորդ հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում «Արմենոիդսի» ցրվելու մասին լուրերին, Է. Ռոստոմյանը ժպտալով պատասխանեց. «Նման լուրերն իրականությանը չեն համապատասխանում, եւ հետո մեր բուռն ստեղծագործական գործունեության ապացույցը երեւում է եթերներից, արտերկրյա մեծ մենահամերգներից… Այժմ աշխատում ենք նոր ձայնասկավառակի վրա, նոր մենակատարներ ներգրավում, քանի որ մեր նախագծի բնույթն այնպիսին է, որ գործ ունենք տարբեր երաժշտական ուղղությունների ու մասնակիցների հետ: Եթե որեւէ մեկը մեր նախագծով հայտնի է դառնում, ապա՝ ինքնուրույն շարունակում է իր գործունեությունը, դա ամենեւին չի նշանակում, թե «Արմենոիդսը» կազմալուծվում է: Իհարկե, մեկ տարի առաջ եղել է դեպք, երբ խմբից հեռացրել եմ մի անդամի՝ «Արմենոիդսի» գործունեությունը պառակտելու փորձ կատարելու համար: Խոսքը Սերգեյի մասին է, որի տեղը համալրվել է նոր անդամով՝ Կարոլինա Խառատյանն է նրան փոխարինել: Այժմ այդ երիտասարդը (Սերգեյը) կրկնօրինակում է այն, ինչ մենք ենք անում, բայց ոչինչ, դա օգուտ է հանրությանը: Ես գիտեմ 3-4 նախագիծ, որոնք աշխատում են «Արմենոիդսի» ոճով: Ոչ մեկին մրցակից չենք համարում, քանի որ «Արմենոիդսն» առաջինն էր, որ հարթեց այդ ճանապարհը եւ ի սկզբանե իր գործունեությամբ ապացուցեց առաջատար դիրքերում լինելը: Հաճելի է, որ մենք բրենդ ենք շատ երիտասարդների համար»:
Է. Ռոստոմյանը, պատասխանելով «Առավոտի» հարցին, ասաց, որ հովանավորներ չունեն, որովհետեւ հաճախ նրանք իրենց շահերն են հետապնդում, եւ երբեք որեւէ կուսակցության կամ քաղաքական ուժի կամակատարը նախագիծը չի դառնա. «Մենք փորձում ենք պահպանել մեր անկախությունը եւ մարդկանց վերաբերվում ենք որպես անհատականություն, մեզ համար բոլորը հավասար են ու հարգելի, եթե կարեւորում են ակունքներից եկող արժեքներն ու ազգային երաժշտությունը: Հնդկական հին ասացվածք կա՝ ամեն մարդու ներսում երկու շուն է ապրում՝ չար ու բարի: Ու յուրաքանչյուր ոք ավելի շատ կերակրում է կա՛մ չար շանը, կա՛մ բարուն: Ես երազում եմ, որ Հայաստանում բոլորը կերակրեն միայն իրենց ներսի բարի շանը»:
«Արմենոիդսի» ղեկավարը խոսեց նաեւ հայաստանյան ծանոթ «իրավիճակներից»: Օրինակ, ինչպես ժամանակին իրենց ձայնասկավառակը տպագրելիս կազմակերպություններից յուրաքանչյուրն աշխատում էր իր շահը որոնել այնտեղ, կամ ինչպես էին փակում իրենց CD-ի վաճառքի ճանապարհները: Ըստ Էդգարի՝ պատահել է, որ խնդիրներ են ունեցել որոշ հեռուստաալիքների հետ, որոնք հաճույքով ցուցադրել են ուրիշների հայհոյաժարգոնախառն անճաշակ տեսահոլովակները, մերժել՝ իրենցը, իհարկե, եղել են նաեւ օգնության ձեռք մեկնողներ: Է. Ռոստոմյանը նշեց, որ սիրով խորհուրդներ են վերցնում երաժշտաշխարհում հայտնի եւ վաստակ ունեցող մարդկանցից, որոնց թվում են կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, դիրիժոր Ռուբեն Ասատրյանը, աշուղական արվեստի նվիրյալ Թովմաս Պողոսյանը, «Սասուն» ազգագրական անսամբլի ղեկավար Անդրանիկ Մանուկյանը, արցախցի երգչուհի Մադլենա Ասրյանը եւ այլք: Այժմ «Արմենոիդսի» խնդիրը, Էդգարի խոսքով, արտաքին երաժշտական դիվանագիտության ծավալումն է, հայաստանյան փոքր երաժշտաշուկան նվաճելը հեշտ է, «դրսում» ճանաչված լինելն է բարդ: