Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փետրվար 12,2009 00:00

Երեւի չեն ստորագրի

«Ես իրազեկված չեմ մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ որեւէ փաստաթղթի ստորագրման վերաբերյալ»,- APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, մեկնաբանելով Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչի հայտարարությունը առաջիկա ամռանը հակամարտող կողմերի միջեւ շրջանակային համաձայնագրի ստորագրման հնարավորության վերաբերյալ՝ Բրայզան նաեւ ասել է. «Ծանոթ չեմ Հայաստանում մեր դեսպանի հայտարարությունից մեջբերումներին, բայց հուսով եմ, որ ամռանը համաձայնություն ձեռք կբերվի հիմնարար սկզբունքների շուրջ: Այդուհանդերձ, դժվար է ասել՝ կստորագրվի՞ արդյոք այդ ընթացքում որեւէ փաստաթուղթ: Եթե հիմնարար սկզբունքները համաձայնեցվեն, դա հիմք կդառնա խաղաղ համաձայնագրի համար»: Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն ինքը չի ակնկալում, որ ամռանը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստաթուղթ կստորագրվի. «Հնարավոր է, նախագահները ամռանը որեւէ փաստաթուղթ ստորագրելու ցանկություն հայտնեն: Սակայն նրանք կարող են եւ դա չանել: Մենք պետք է պահպանենք նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի միջեւ բանակցությունների դրական զարգացումը»: Դրական որակելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ հունվարի 28-ին Ցյուրիխում կայացած հանդիպումը եւ հավաստիացնելով, թե այն իր տեսած հանդիպումներից ամենաարդյունավետն էր, Բրայզան հավելել է. «Երկու նախագահներն էլ շատ նախաձեռնող էին, նրանք տարաձայնությունների հաղթահարման ուղիներ են փնտրում: Գտնում եմ, որ մենք իրական հնարավորություններ ունենք»:

Իմաստուն առաջնորդի հոբելյանը

Զիմբաբվեն, որի սղաճը կազմում է մի քանի միլիոն տոկոս, բնակչության կեսը տառապում է սովահարությունից եւ մի քանի տասնյակ քաղաքացիներ մահանում են խոլերայից, պատրաստվում է նշել նախագահ Մուգաբեի 85-ամյակը: Այդ իրադարձության առթիվ իշխանական կուսակցության ակտիվիստները պատրաստել են այն մթերքների ցուցակը, որոնք անհրաժեշտ կլինեն տոնական բանկետի ժամանակ: Այդ ցուցակի մեջ են մտնում 2000 շիշ թանկարժեք ֆրանսիական շամպայն, 8000 օմար եւ 4000 տուփ սեւ խավիար: Կուսակցականների կազմած «ցանկալի նվերների» շարքում են 500 շիշ վիսկի, 3000 բադ եւ 0,5 տոննա պանիր: Նվիրատու ընկերություններին խնդրվում է ուղարկել նաեւ 3000 հատ շոկոլադե եւ վանիլե տորթեր եւ 800 փաթեթ «Ֆեռեռո Ռոշե» կոնֆետներից: «Նվերների» ցուցակի վերջում գրված է, որ խնդրվում է չուղարկել եգիպտացորեն: Հենց դրանով էր սնվում Զիմբաբվեի քաղաքացիների մեծ մասը այսքան ժամանակ, մինչեւ այն պահը, երբ տնտեսական արհավիրքները նույնիսկ եգիպտացորենը դարձրեցին անհասանելի շքեղություն: Այն գործարարներին, ովքեր չեն ուզում կամ չեն կարող գտնել հատուկ ֆիրմաների մթերքներ, ակտիվիստներն առաջարկում են պարզապես փոխանցել 50 հազարական դոլար: Զիմբաբվեի «Herald» պաշտոնաթերթը Մուգաբեին ուղղված պատկերազարդ շնորհավորանքների պատվերներ է ընդունում: Ենթադրվում է, որ դրանցից կկազմվի մի ամբողջ գունավոր հավելված: Մուգաբեին անվանում են կոկորդիլոս, քանի որ հենց այդ կենդանին է նրա ցեղի տոտեմը: Բացի այդ, ասվում է, որ կոկորդիլոսը խորհրդանշում է երկրի ղեկավարի իմաստությունն ու հասունությունը:

Ի՞նչ էր ասում Ադամ Սմիթը

Ինչպես գրում է բրիտանական Financial times թերթը՝ 20-րդ դարում ազատ շուկան մի քանի մահացու հարձակումների ենթարկվել. նրանց հետեւողականորեն սպանում էին բոլշեւիկների հեղափոխությունը, ֆաշիզմը, մեծ դեպրեսիան, արաբների նավթային էմբարգոն, հիմա էլ՝ այսօրվա տնտեսական ճգնաժամը: Եվ եթե այսօր շուկայական տնտեսության հիմնադիր, շոտլանդացի Ադամ Սմիթը լսեր, թե ինչ են խոսում ազատ շուկայի մահվան մասին, նա պարզապես կծիծաղեր: Ըստ թերթի՝ տնտեսագետի որոշ գաղափարներ արդիական են նաեւ այսօր: Մասնավորապես, Ադամ Սմիթը, նկարագրելով բանկերի գործունեությունը, նշում էր, որ ավանդների բարձր տոկոսները, որոնցով փորձում են ներգրավել հաճախորդներին, անխուսափելիորեն կբերի կապիտալի լիակատար կորուստի: Գերշահույթները, նրա կարծիքով, վկայում են տվյալ շուկայի կամ երկրի «գերտաքացման» մասին, ինչն, ի վերջո, հանգեցնում է «հրդեհի»: Իսկ շահույթի բարձրագույն գագաթնակետը նկատվում է հենց այն երկրներում, որոնք սրընթաց կերպով մոտենում են սնանկությանը: Դարեր շարունակ շուկայի մասնակիցները միեւնույն սխալներն են թույլ տալիս. նրանք արհեստականորեն բարձրացնում են այս կամ այն ակտիվի գինը՝ հողի, արժեթղթերի կամ նույնիսկ կակաչների սոխուկների: Այդ անմտությունը հիմնված է մի պատրանքի վրա, իբր՝ վարկային էքսպանսիան կարող է անվերջ բարձրացնել տվյալ ակտիվի գինը: Քանի որ այսօր խոսվում է տարբեր բիզնեսների ազգայնացման մասին, ապա թերթը հիշեցնում է Սմիթի նախազգուշումը. «Պետությունը կարող է փող տպել, բայց դժվար թե նա երբեւէ դառնա լավ գինեվաճառ կամ դեղագործ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել