Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ գյուղերում մանկապարտեզ չկա

Փետրվար 12,2009 00:00

\"\"Չնայած ԿԳՆ նախադպրոցական կրթության վարչության պետ Հասմիկ Միտոյանը կարծում է, որ այս ոլորտում դրական տեղաշարժեր կան:

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2005-ի նոյեմբերի 15-ին: Դրանից երեք տարի անց միայն՝ 2008-ի մարտի 13-ին, ՀՀ կառավարության կողմից հաստատվեց նախադպրոցական կրթության բարեփոխումների ռազմավարական ծրագիրը: Այստեղ տարբեր գլուխների միջոցով արտացոլվում են ներկայիս նախադպրոցական կրթության ոլորտը, բնագավառում գոյություն ունեցող խնդիրները եւ ապագայում կատարվելիք բարեփոխումները: Ռազմավարության ներածությունում տեղ գտած աղյուսակից հասկացվում է, որ 2000-ին մանկապարտեզների թիվը եղել է 769, իսկ 2006-ին՝ 623: Վերլուծությունների արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքներում բնակվող երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում՝ միջինը 4.3 անգամ գերազանցում է գյուղական վայրերում բնակվողներին: ՀՀ-ում գործող մանկապարտեզների գրեթե 1/3-ը բաժին է ընկնում Երեւանին, որտեղ հաճախող երեխաների թիվը կազմում է նախադպրոցական հաստատություններ հաճախող երեխաների թվի 45.2%-ը: 2006-ի տվյալներով՝ նախադպրոցական կրթական հաստատություններում աշխատող մանկավարժների 39.4%-ն ունի բարձրագույն կրթություն, 53.8%-ը՝ միջին մասնագիտական: Ռազմավարության՝ հիմնախնդիրներին նվիրված բաժնում անդրադարձ է կատարվում մանկապարտեզների շենքային անմխիթար պայմաններին, ըստ համայնքների՝ դրանց անհամամասնորեն տեղաբաշխմանը, ինչի արդյունքում 441 համայնքներում չկան մանկապարտեզների շենքեր: Մյուս հիմնախնդիրը կապված է մանկավարժների կանոնավոր վերապատրաստման ու ատեստավորման բացակայության, նրանց աշխատավարձի չափի հետ, կան նաեւ որոշ օրենսդրական բացեր:

Այս խնդիրների վերաբերյալ «Առավոտը» զրուցեց ԿԳՆ նախադպրոցական կրթության վարչության պետ Հասմիկ Միտոյանի հետ: Նա գոհունակությամբ նշեց, որ տարբեր միջազգային կազմակերպությունների ներդրմամբ հիմնանորոգվել են բազում հայաստանյան մանկապարտեզներ, կան տարբեր դրամաշնորհներ, որոնց կարող են մրցութային կարգով մասնակցել այդ հաստատությունները: Նշեց նաեւ համաշխարհային բանկի վարկային ծրագրի մասին, որի շնորհիվ հիմնանորոգվել է 22 հաստատություն, որտեղ ստեղծվել են 5-6 տարեկանների ուսուցման համար նպաստավոր պայմաններ: Դրամաշնորհի պայմանների համաձայն՝ ծախսերի 40%-ը հոգում է համայնքը եւ ծնողը, իսկ 60%-ը՝ պետությունը: Ծրագիրը կիրականացվի մինչեւ 2015 թվականը: Դրական այս տեղաշարժերին «Առավոտը» հակադրեց այն փաստը, որ շատ գյուղական վայրերում երեխաները չեն կարող «վայելել» մանկապարտեզ կոչվող հաճույքը, քանի որ այդպիսի շենքեր գոյություն չունեն: Հ. Միտոյանը մանրամասնեց. «Լոռու մարզի ոչ մի գյուղում մանկապարտեզ չկա, Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի գյուղական վայրերում դարձյալ չկան այդպիսի կրթական հաստատություններ: Այդ է պատճառը, որ միջազգային կազմակերպությունների միջոցները հիմնականում ուղղում ենք մարզեր»: «Առավոտը» հետաքրքրվեց, թե վերջին անգամ ե՞րբ են թարմացվել նախադպրոցական հաստատությունների կրթական ծրագրերը, քանի որ շատ ծնողներ դժգոհում են, թե իրենց երեխաներին մանկապարտեզներում դաստիարակում են այն ծրագրերով, որոնցով իրենք են ժամանակին կրթվել: Վարչության պետը պատասխանեց. «Դրանք թարմացվել են հենց անցյալ տարի: Հրատարակել ենք շուրջ տասնհինգ անուն ձեռնարկներ»: «Առավոտի» բարձրացրած մյուս խնդիրը վերաբերում էր հատուկ կարիքներ ունեցող երեխաների դաստիարակությանը: Այսօր շատ է խոսվում ներառական կրթության մասին, բայց դեռ շատ ծնողներ խուսափում են իրենց երեխաներին ընդգրկել մանկապարտեզների այն խմբերում, որտեղ կան թույլ լսող կամ այլ արատներ ունեցող երեխաներ: Այս կապակցությամբ՝ Հ. Միտոյանն ասաց. «Կա քսանվեց ներառական մանկապարտեզ: Այդտեղ հաճախող երեխաների թիվը գնալով աճում է: Իսկ ծնողների համար ստեղծվել են համայնքային կենտրոններ, որտեղ իրականացվում է ծնողական կրթություն»: Մեր այն դիտարկմանը, թե շատ մանկապարտեզներում անգամ չկան հաշմանդամների համար նախատեսված հատուկ հարթակներ, Հ. Միտոյանն այսպես պատասխանեց. «Ուզում եք ամենաբարեկեցիկ եվրոպական երկրների չափանիշներով շարժվել: Նախ որոշ մանկապարտեզներում կան այդպիսի հարթակներ, հետո էլ ամեն ինչ աստիճանաբար կլինի»: Մեր վերջին հարցին, թե տիկին Միտոյանի խոսքով՝ լուրջ գործ է արվում, ուրեմն ամեն ինչ պիտի որ լավ լինի, այդ դեպքում ինչո՞ւ դա չի երեւում, ինչո՞ւ դեռ կան այնպիսի մանկապարտեզներ, որտեղ երեխաներն իրենց հետ ստիպված են լինում սնունդ տանել, վարչության պետը պատասխանեց. «Չի կարող պատահել, ուրեմն դա մասնավոր մանկապարտեզ է: Մյուս կողմից էլ մենք քաղաքականություն մշակողն ենք, իսկ իրականացնողը համայնքն է, համայնքից էլ պետք է պահանջեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել