Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԱՐՁՐԱՑԵԼ Է ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ԳՈՒՄԱՐԸ

Փետրվար 12,2009 00:00

\"\"Չնայած հատարարություններին, որ մանկավարժների աշխատավարձն այս տարվանից բարձրացել է 30%-ով, իրականում բարձրացվել է դրույքաչափի գումարը, այն էլ՝ 20%-ով:

Մոտ 2 ամիս առաջ Ազգային ժողովում քննարկումներ էին ընթանում այն մասին, որ մեր հանրապետությունում աշխատող ուսուցիչների վարձատրությունը ավելանալու է 30%-ով եւ միջին աշխատավարձ է համարվելու 116 հազար դրամը: Սակայն, ինչպես պարզվեց փետրվարին, երբ ուսուցիչները ստացան այս տարվա առաջին աշխատավարձը, այն բարձրացել է ընդամենը 20%-ով՝ կախված դպրոցների աշակերտների թվից: Չնայած դրան՝ կրթության եւ գիտության նախարարությունը չի դադարում կրկնել, որ իրենք տված խոստումը կատարել են, եւ ուսուցիչներին այս տարի 29,5%-ով ավելի են վարձատրում, քան անցյալ տարի: Պետք է ասել, որ դպրոցների աշխատակիցների զայրույթը չհարուցելու համար, ոլորտի պատասխանատուները նշում են, որ այդ 116 հազարը իր մեջ ներառում է մեթոդմիավորման, դասղեկության, տետրերի ստուգման հավելավճարները, այդ դեպքում, սակայն, ոչ թե միջին աշխատավարձն է դառնում 116 հազար, այլ՝ բարձրը, քանի որ միայն մեկ դրույքը կազմում է 70-80 հազար դրամ, դասղեկությունը՝ 15 հազար դրամ, մոտ 20 հազար դրամ էլ տետրերի ստուգումն ու մեթոդմիավորման գործառույթներ կատարելն է: Ստացվում է, որ տետրեր չստուգող, դասղեկություն չանող եւ մեթոդմիավորումը չգլխավորող ուսուցիչները ստանում են 80 հազար դրամից ոչ ավելի, ինչը բավականին ցածր է միջին հայտարարված ցուցանիշից: Մարզերի դպրոցների ուսուցիչների աշխատավարձն էլ այս տարի բարձրացել է ընդամենը 15-16%-ով: Այս մասին օրերս «Առավոտին» դժգոհել էին հանրապետության մի շարք մանկավարժներ:

Երբ մենք այս հարցերով դիմեցինք ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանին, նա պատասխանեց, որ եթե դասարանի խտությունը դպրոցներում համապատասխանի այն չափորոշիչներին (35 աշակերտ), որոնք նախարարության կողմից հաստատված են, ու եթե ամեն ուսուցիչ ունենա մեկ դրույք, կդառնա իրենց ասած թիվը. «Այսինքն, եթե ամբողջ դպրոցում կես դրույքով աշխատող չլինի, չի կարող 116 հազար դրամ չապահովել իր աշխատողների համար: Եթե կա այնպիսի դպրոց, որն այս չափորոշիչներով է աշխատում ու չի կարողանում համապատասխան ֆինանսավորում ստանալ, ես խնդրում են՝ թող բերեն իրենց հաշվարկները մեզ ներկայացնեն, որպեսզի տեսնենք, թե ինչպես են կատարել դրանք»: Մեր այն դիտարկմանը, որ դպրոցների ֆինանսավորումն ավելացել է ընդամենը 20%-ով, պարոն Եսայանը պատասխանեց. «30%-ով է բարձրացվել: Համենայնդեպս, ինձ ասում են, որ եթե չափորոշիչները պահպանվեն՝ հնարավոր է ուսուցչի աշխատավարձը հասցնել 116 հազար դրամի»:

ԿԳՆ ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ Ցողիկ Ավետիքյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ պետությունը մանկավարժների աշխատավարձերը բարձրացրել է 29,5%-ով. «Եթե, իհարկե, դպրոցներում ապահովված է լրիվ ծանրաբեռնվածությունը, մանկավարժի միջին ամսական աշխատվարձը դարձել է 116 հազար դրամ»: Մեր հարցին՝ ընդամենը մի կես դրույքով աշխատողի դեպքում է՞լ է համարվում, որ դպրոցը լրիվ ծանրաբեռնվածությամբ չի աշխատում, նա պատասխանեց. «Չեմ կարծում: Մենք խոսում ենք միջին աշխատավարձի մասին: Շատ դպրոցներում, օրինակ, բարձր լեռնային գոտիներում գտնվողների աշխատավարձն ավելի բարձր է, քանի որ այնտեղ գործում է գործակից: Այնտեղ 20%-ով ավելի են վարձատրվում»: Մենք նրանից հետաքրքրվեցինք նաեւ, թե որքա՞ն կկազմի մանկավարժի բարձր աշխատավարձը, եթե միջինը 116 հազարն է, որին Ց. Ավետիքյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, պետք է հաշվարկել: Օրինակ՝ վերցնենք բարձր լեռնային գոտիներում գտնվող դպրոցները, որտեղ 20%-ով ավելի են վարձատրվում»: Հարցին, թե քաղաքային դպրոցների դեպքում որքա՞ն է բարձր աշխատավարձը, նա վրդովված ասաց. «Դուք ինձ անընդհատ ընդհատում ենք եւ ասում, որ գիտեք, բա էլ ինչի՞ եք զանգահարել ինձ»:

Երեւանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վահե Նիկոյանն այս առնչությամբ «Առավոտին» պարզաբանեց. «Մայրաքաղաքում գործող դպրոցների դրույքաչափն է բարձրացել 20%-ով: Միջին հանրապետական ցուցանիշով է 116 հազար դրամը համարվում միջին, այլ ոչ թե քաղաքային: Դա չի նշանակում, որ բոլոր դպրոցներում պետք է 116 հազարը լինի միջին աշխատավարձը: Մենք ունենք դպրոցներ, որոնք ավելի բարձր են կարողանում վարձատրել, նրանց մոտ հաստատվում են նաեւ հավելավճարներ: Երեւանում գործող 200 դպրոցից մոտավորապես 60-ում 116 հազար դրամից ավելի են կարողանում վարձատրել»: Այն պնդմանը, որ, այնուամենայնիվ, դպրոցների մեծամասնության համար 116 հազարը բարձր եւ ոչ թե միջին աշխատավարձ է համարվում, պարոն Նիկոյանը պատասխանեց. «Բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչը, որն աշխատել է մեկ տարուց ավելի, նրա աշխատավարձը կազմում է 79 հազար 500 դրամ, առանց որեւէ լրացուցիչ աշխատանքների: Իսկ եթե գումարվում է նաեւ ստաժի գումարը, դասղեկությունը, տետրերի ստուգումը, մեթոդմիավորումը, ապա 116 հազար դրամից ավելի է դառնում: Իսկ ուսուցիչների շուրջ 30%-ը եւ ավելին դպրոցներում կատարում են լրացուցիչ աշխատանքներ»: Խոսելով այն դպրոցների մասին, որոնք ի վիճակի չեն իրենց ուսուցիչների աշխատավարձը հասցնել 116 հազար դրամի՝ Վ. Նիկոյանը նշեց, որ այդ հաստատություններին էլ իրենք են ավելի գումար հատկացնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել