Արձագանք «Հայերը Ավստրիայում պառակտված են. ավստրիաբնակ Գայանե Սարգսյանի դիտարկումները» հոդվածին («Առավոտ», 05.02.2009):
Ցանկութիւն չունեմ մէկ առ մէկ յիշելու տիկնոջ ոչ ճշգրիտ ենթադրութիւնները, սակայն մտադիր եմ յարգարժան ընթերցողին տեղեկացնել հետեւեալ կէտերը:
Հայերը Աւստրիայում յայտնուել են ոչ թէ առաջին աշխարհամարտից յետոյ, այլ 18-րդ դարից, չը հաշուած անհատ հայեր, որոնք ապրել եւ բարձր պաշտօններ են վարել Արքունիքում 17-րդ դարում նոյնիսկ:
Ոչ թէ Յարութիւն Աստուածատրեան, այլ Օվանէս Աստուածատուր:
– Իրականութեան չի համապատասխանում այն կարծիքը, որ հայերը Աւստրիայում հիմնականում զբաղւում են առեւտուրով:
Վիեննայում աշխատում են մեծ թւով բժիշկներ, ճարտարապետներ, ճարտարագէտներ, փաստաբաններ, արուեստագէտներ, համալսարանների դասախօսներ, Միացեալ ազգերի կազմակերպութեան մէջ աշխատողներ, օպերայի երգիչ-երգչուհիներ, երաժիշտներ, մտաւորականներ եւ այլն, եւ այլն…
– Վիեննայում գոյութիւն չունեն Իրանի, Լիբանանի կամ այլ երկրի կազմակերպութիւններ, այլ կան զանազան կազմակերպութիւններ, որոնց ամեն մէկին անդամակցում են առանց խտրականութեան տարբեր երկրներից Աւստրիա տեղափոխուած հայրենակիցներ: Չափազանցութիւն է՝ կուսակցականացուած դրութիւն նկատել Վիեննայում:
Ցաւալի է, որ տիկինը ութ տարի ապրելով Աւստրիայում, շատ սահմանափակ է իր տեղեկութիւնները Աւստրիոյ հեռուստատեսութեան գործելակերպի մասին, եւ ապրիլքսանչորսեան ձեռնարկների չը լուսաբանելը (դա եւս չի համապատասխանում իրականութեանը) աւստրիացիների թուրքամետութեան վերագրելը:
Վերջում աւելացնենք, բաւական չէր, որ Հայրենիքից հեռացողները (ազատ մարդու իրաւունքն է ապրելու այնտեղ, որտեղ որ ցանկանում է) իրենց արդարացնելու (որի հարկը չկար) համար ամեն ձեւով փորձում էին եւ փորձում են վատաբանել Հայաստանին, հիմա էլ հերթը հասաւ համայնքներին: