1988-ի փետրվարի այս օրերին գավառական փոքրիկ քաղաքում տեղի ունեցավ ղարաբաղյան առաջին ցույցը
Գորբաչովյան «պերեստրոյկայի» ու «գլասնոստի» շունչը գավառական Հադրութ ավանում փչեց 1985թ. վերջերին, 1986 թվականին: Այդ տարի Երեւանից տուն վերադարձավ եւ Հադրութի թանգարանի տնօրեն նշանակվեց Արթուր Մկրտչյանը, ով պետք է դառնար Լեռնային Ղարաբաղի առաջին ընտրված ղեկավարը, սակայն երեք ամիս անց՝ սպանվեց 33 տարեկանում:
Նելլի Կասպարովան այնպես է խոսում անարդարություններից, ասես ողջ աշխարհի անարդարությունների դեմ պայքարի հոգսը դրված է նրա փխրուն ուսերին: Խորհրդային Միության հերոս, օդաչու Աշոտ Կասպարովի դուստրը կյանքի 55 տարիներից ավելի քան երեսունը տվել է երեխաների կրթությանը: Նա Հադրութի դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհին է եւ երկու տասնամյակ առաջ եղել է շրջանի երիտասարդ մտավորականների խմբում, որոնք ազգային հարցերով նամակներ էին գրում Կրեմլ՝ Գորբաչովին:
Հադրութում փետրվարյան ձմեռային մի ցուրտ երեկո հմայիչ ու հուսահատ ժպիտով տիկին Նելլին եւ Գագիկ Ավանեսյանը սեղանի շուրջ հերթով վերհիշում էին օրերը, երբ շրջանը եւ մարզը ստորագրահավաքով էին պայքարում Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելու համար: Երբ խոսք բացվեց Արթուր Մկրտչյանից՝ Գագիկի դեմքին գրվեց ափսոսանք, իսկ տիկին Նելլիի դեմքից անմիջապես վերացավ պայծառ ժպիտը, գլուխը պահեց նուրբ ձեռքերի մեջ եւ սկսեց թաքուն հեկեկալ:
Առաջինը ստորագրահավաքը սկսվեց Հադրութում, հավանաբար՝ որովհետեւ Շարժման առաջին դեմքերն արմատներով կամ ծնունդով հենց այդ շրջանից էին՝ տնտեսագետ Իգոր Մուրադյան, պատմաբան Արթուր Մկրտչյան, ճարտարապետ Մանվել Սարգսյան, նկարիչ Էմիլ Աբրահամյան: Կարճ ժամանակ անց միացան Գրիշա Հայրապետյանը, Գագիկ Ավանեսյանը, Նելլի Կասպարովան, մյուսները: Տեղի կոմունիստ ղեկավարները մտահոգված էին, որ Բաքվի իրենց վերադասը կիմանա ու կազատի աշխատանքից, այդ պատճառով ճնշում էին Շարժման ակտիվիստներին, երբեմն՝ պարզապես աչք փակում, թե տեղյակ չեն կատարվողին:
1985 թ. նոյեմբերին Էմիլ Աբրահամյանը այն ժամանակ 23-ամյա Գագիկ Ավանեսյանին առաջարկում է օգնել ստորագրահավաքի հարցում: Ցանկություն կար Հադրութում տեղադրել ալեհավաք, ինչի շնորհիվ հնարավոր կլիներ որսալ Հայաստանի հեռուստատեսությունը: Ալեհավաքն այդպես էլ չտեղադրվեց, փոխարենը Հադրութում նվիրյալների խումբն արդեն որսացել էր «պերեստրոյկայի» շունչը:
Ավանեսյանը պատմում է. «Ալեհավաքի տեղադրման ստորագրահավաքը շատ դժվար էր: Մի քանի ամսվա ընթացքում միայն 250 ստորագրություն հավաքվեց, օրերով համոզում էինք մարդկանց, որ հակախորհրդային կամ նացիոնալիստական բան չկա: Մեկուկես տարի հետո Հադրութ եկավ Իգոր Մուրադյանը: Մեզ նրա հետ Մանվել Սարգսյանը ծանոթացրեց: Մենք Իգորի մասին լսել էինք, գիտեինք, որ Հեյդար Ալիեւին է դատի տվել հակահայկական քաղաքականություն վարելու մեղադրանքով: Այսպես, սկսեցինք մեկ այլ՝ Ղարաբաղը Հայաստանին միացնելու ստորագրահավաք: Այնքան էլ դժվար չէր արդեն, մարդիկ ավելի շուտ էին համոզվում, քանի որ նախորդ ստորագրահավաքի ժամանակ ոչ ոք չէր պատժվել»:
3-4 ժամվա զրույցի ընթացքում տիկին Նելլին բառացիորեն ոչինչ չասաց այն երանելի օրերից, բայց խնամված տիկնոջ ներկայությունը եւ Գագիկի ոգեւորությունը մարդու մտովի տեղափոխում էին երկու տասնամյակների անցյալ, երբ հադրութցի երիտասարդների հոգիներում բոցկլտում էր հայրենասիրությունը, ուղեղներում՝ Ղարաբաղը Հայաստանի կազմում տեսնելու անուղղելի գաղափարը:
1988-ի փետրվարի 11-12-ին Բաքուն փորձում է կանխել ղարաբաղյան շարժման հետագա ծավալումը, ինչի փորձն ուներ. 1965թ. ազգայնամոլության մեջ մեղադրվել եւ մարզից վտարվել էին 13 հայ մտավորականներ: Նույնը սպասվում էր նաեւ այս անգամ: Ստեփանակերտ են ժամանում Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի երկրորդ քարտուղար Վասիլի Կոնովալովը, մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Մարզկոմի բյուրոյի նիստում որոշվում է մարզկենտրոնում եւ շրջաններում անցկացնել կուսակցական, տնտեսական ակտիվի հանդիպումներ եւ դատապարտել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները՝ ստորագրահավաքը, ղարաբաղյան պատվիրակությունների այցերը Մոսկվա, ԼՂԻՄ-ը Հայաստանին միավորելու մտադրությունները:
Նկարիչ Էմիլ Աբրահամյանը եւ նրա ընկերները փետրվարի 12-ին այլեւս իրենց թիկունքում զգում էին ժողովրդի շունչը: Լեռնային Ղարաբաղի շրջաններ էին մեկնել մարզի տարբեր պաշտոնյաներ՝ փորձելով տեղերում «հանգցնել» ժողովրդական ընդվզումը:
«Մարզխորհրդի գործկոմի նախագահ Վլադիմիր Օսիպովը եկավ Հադրութ: Ակտիվի ժողովը նպատակ ուներ կանգնեցնել Շարժումը, կազմել արձանագրություն, թե անթույլատրելի գործողություններ են տեղի ունենում: Մենք որոշեցինք թույլ չտալ, որովհետեւ ժողովրդի մեջ կարող էր անվստահություն առաջ գալ, գործընթացները կարող էին այլ ընթացք ստանալ: Այդ օրը մոտ հազար մարդ հավաքվեց, դա Հադրութի համար չլսելու բան էր»,- հիշում է Աբրահամյանը:
Մարզում նոմենկլատուրայի երիտասարդ հատվածը շուտ էր կողմնորոշվում: Տարիքով կուսակցական պաշտոնյաներն ամուր կապված էին Ադրբեջանի իշխանությունների հետ, պատմում է Աբրահամյանը. «Բաքուն նրանց համար հարազատ քաղաք էր, նրանց համար ազգային հարցերում շատ ավելի բարդ էր կողմնորոշվելը եւ չէին էլ պատկերացնում՝ ինչի մասին է խոսքը: Այսօր Ղարաբաղում իշխանության մեջ գտնվողների մի մասը այն ժամանակ մեզ հետ չէր: Ես չեմ ասում, թե նրանք հոգեպես դեմ էին, բայց քաղաքական առումով նրանք չէին կարող մեր կողքին լինել»:
Փետրվարի 12-ի կուսակցական ակտիվի ժողովներն ինչպես Ստեփանակերտում եւ Հադրութում, այնպես էլ մյուս շրջաններում՝ տապալվում են: Հադրութում սկսված հանրահավաքը հաջորդ օրը տեղափոխվում է Ստեփանակերտ: Փետրվարի 13-ից շարժումը դառնում է անշրջելի, սկսված հանրահավաքները թափ էին հավաքում եւ ընդգրկում նոր տարածքներ՝ Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում, Սփյուռքում:
Փետրվարի 20-ին տեղի է ունենում ԼՂԻՄ խորհրդարանի հայտնի նստաշրջանը, երկու օր անց՝ ղարաբաղա-ադրբեջանական զինված ընդհարումը: Աղդամի կողմից հարձակումը կասեցվում է հայկական Ասկերան ավանում, սպանվում է երկու ադրբեջանցի, որից մեկը՝ ամենայն հավանականությամբ, ադրբեջանցի ոստիկանների արձակած գնդակից:
«Ասկերանի դեպքերից հետո ադրբեջանցիները գտան հայերի թույլ տեղը՝ Սումգայիթը»,- ասում է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:
Փետրվարի վերջին երեք օրերին Սումգայիթը վերածվեց հայերի սպանությունների հրապարակի: Պատմության անիվը այլեւս դժվար էր կանգնեցնել:
Հ. Գ. Թաթուլ Հակոբյանը Միացյալ Նահանգներում լույս տեսնող հայկական անգլիատառ «The Armenian Reporter» շաբաթաթերթի հեղինակներից է: Վերջերս լույս է տեսել հեղինակի «Կանաչ ու սեւ. արցախյան օրագիր» հիմնարար աշխատությունը՝ նվիրված ղարաբաղյան հակամարտության պատմությանը, բանակցային գործընթացին, «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակին: