Իսկ աշխատավարձերի բարձրացումը կօգներ արհմիությանը
2004 թվականի սեպտեմբերին Լեյլա Մետրեվելին առաջին անգամ ընտրվեց Վրաստանի մանկավարժների եւ գիտնականների ազատ արհմիության Ախալքալաքի շրջանի նախագահ: Չորս տարի անց՝ 2008 թվականին, կազմակերպության անդամների միաձայն քվեարկությամբ, արհմիության նախագահի պաշտոնը կրկին վստահվեց նրան՝ նկատի ունենալով տարիների գործունեությունն ու աշխատանքին անմնացորդ նվիրվածությունը:
Տիկին Մետրեվելիի տեղեկացմամբ, այսօր Մանկավարժների եւ գիտնականների ազատ արհմիությանն անդամակցում է շուրջ 29 միլիոն անձ՝ աշխարհի 166 երկրից: Այս միջազգային կազմակերպության՝ վրաստանաբնակ անդամները 110 հազար են, որից 1838-ը Ախալքալաքից են (1460-ը տեղի 67 հանրակրթական դպրոցների ուսուցիչներն են, իսկ մյուսները՝ դպրոցներում այլ պարտականություններ կատարող անձինք, նաեւ ներկայացուցիչներ՝ շրջանի «Կրթական ռեսուրս» կենտրոնից, սպորտդպրոցից, քաղաքի թիվ 1 մանկապարտեզից): Կազմակերպության Ախալքալաքի շրջանի նախագահի խոսքերով, ներկայումս արհմիությունը մանկավարժների իրավունքների պաշտպանության հիմնական երաշխավորն է:
Վրաստանի մանկավարժների եւ գիտնականների ազատ արհմիության Ախալքալաքի շրջանի անդամ ուսուցիչներն իրենց ամենամսյա աշխատավարձի 1%-ը տրամադրում են կազմակերպությանը, եւ այս դրամական հատկացումների 60%-ով արհմիությունը կանոնավոր գործունեություն է ծավալում (իսկ 40%-ը տրամադրվում է կազմակերպության կենտրոնական խորհրդին): «Ձգտում ենք հնարավորինս օգտակար լինել մանկավարժներին: Աշխատում ենք չմերժել օգնության կարիք ունեցող եւ մեզ դիմած ուսուցիչներին»,- ասում է Լեյլա Մետրեվելին: Նրա խոսքերով, Վրաստանի մանկավարժների եւ գիտնականների ազատ արհմիությունը հաճախակի է կազմակերպում տարաբնույթ միջոցառումներ, ֆինանսապես աջակցում տեղի դպրոցներին այս կամ այն հարցում: «Ամեն տարի հունվարի 6-ին ամանորյա միջոցառում ենք կազմակերպում մանկավարժների երեխաների եւ թոռնիկների համար, տոնական նվերներ ենք տալիս… Նաեւ ֆինանսապես աջակցում ենք դպրոցներին տարբեր միջոցառումների ժամանակ, օրինակ՝ Մարտի 8-ի, Ուսուցչի օրվա: Հաղթանակի օրվա առթիվ չենք մոռանում նաեւ մեր մանկավարժ-վետերաններին՝ նրանց դրամական պարգեւներ ենք տալիս: Նշում ենք նաեւ Երեխաների պաշտպանության միջազգային օրը եւ այլն»,- պատմում է Վրաստանի մանկավարժների եւ գիտնականների ազատ արհմիության Ախալքալաքի շրջանի նախագահը:
Նրա տեղեկացմամբ, գործունեության 4 տարիների ընթացքում շրջանի ավելի քան 500 ուսուցիչ նյութական աջակցություն է ստացել արհմիությունից, 30 մանկավարժ հանգստացել է Վրաստանի տարբեր վայրերում, արհմիության՝ 40% զեղչով տրամադրած ուղեգրով: Տիկին Մետրեվելիի գնահատմամբ, ներկայիս մանկավարժին հուզող առաջնային խնդիրը աշխատավարձի բարձրացումն է եւ նյութական բարեկեցությունը. «Եթե մանկավարժների աշխատավարձը բարձրանա, արհմիությանն էլ օգուտ կլինի: Ավելի մեծ ֆոնդ կունենանք, ինչը հնարավորություն կտա շատ ծրագրեր իրագործել»: