Ադրբեջանից տեղահանվածներով բնակեցված գյուղի հողերը մշակում են պաշտոնյաները, սակայն առանց հարկերը վճարելու
Գյուղապետ Սաշիկ Առուշանյանը փորձում է գյուղացիներին հուզող խնդիրները լուծել…
...բայց Արտյոմ Բաղրամյանն ու Գոհար Կարապետյանը,
բազմաթիվ այրումցիների նման, հոգնել են սպասելուց:
Լոռու մարզի Մեծ Այրում գյուղում ապրում է 1117 բնակիչ, որոնք հիմնականում 1988-1990 թթ. Բաքվից, Կիրովաբադից, Խանլարից ու Շամխորից մազապուրծ հայ փախստականներ են: Մեծ Այրումի շեմին մեզ հանդիպած առաջին փախստականը Դաշքեսանից գաղթած, գյուղի ոչխարը դաշտում արածեցնող հովիվ Գոհար Կարապետյանն էր, որն էլ ասաց. «Համարյա 20 տարի ապրում եմ Մեծ Այրումում: Թոշակ ու նպաստ չեմ ստանում, ընտանիքս 4 անձից է, ոչ մեկս չենք աշխատում: Գյուղի հոտը դաշտ տանելու համար օրական վարձատրվում եմ 700-ից մինչեւ 3000 դրամ, ոչխարների տերերը փողը հավաքում են ու տալիս, 3-4 օրը մեկ անգամ եմ հովիվ կանգնում, ամսական 20 հազար դրամ եմ վաստակում, դրանով ընտանիքս յոլա է գնում»: Այրումցի Արտյոմ Բաղրամյանն էլ դառնացավ. «Գաղթել եմ Կիրովաբադից, շատ վատ եմ ապրում: Ես կյանքում ուտող-խմող մարդ եմ եղել, ես քեզ ասեմ, էլի, Կիրովաբադ ապրել եմ մարդու պես, ըստեղ չեմ կարողանում ապրել: Գազը մեր գյուղի միջով ա գնում, մենք գազ չունենք: Փետն առնում ենք կուբը 6-7 հազար դրամով: 20 տարի էստեղ ապրում եմ, մի հատ ղեկավար չի եկել մեր գյուղի վրա, տենա ժողովուրդը ոնց ա ապրում: Ես չեմ տեսել, մարզպետին էլ չեմ ճանաչում, ազգանունն էլ չգիտեմ»:
Մեծ Այրումի 414 հեկտար վարելահողերը, դեռ խորհրդային ժամանակներից, Թումանյանի տարածաշրջանում հայտնի են իրենց բարձր բերքատվությամբ: Սակայն քաղաքաբնակ փախստականները միանգամից հողին չեն «կպել»: Օգտվելով դրանից, որակյալ վարելահողերի վրա աչք են տնկել Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանն ու նրա եղբայր՝ ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Քոչինյանը: Ներկայումս, ինչպես տեղեկացրեց Մեծ Այրումի գյուղապետ Սաշիկ Առուշանյանը, 414 հա վարելահողերից 50%-ն են մշակում գյուղի բնակիչները: «Մնացած 50% մշակողները Ալավերդուց են՝ Քոչինյան Հովհաննեսը իր ընտանիքով՝ 70 հեկտար: Հալա սեփական էլ մի 7 հեկտար ունի: Նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանն էլ ունի՝ վարձակալությամբ եւ սեփական, մշակողներ կան նաեւ Նոյեմբերյանից»,- տեղեկացրեց գյուղապետը: Արտյոմ Բաղրամյանն էլ վրդովված ասաց. «Իմ հողն էլ են երկու տարի մշակել առանց ինձ, ու իմ հողի վարձերը չեն տալիս: Չտվողն էլ Քոչինյան Հովիկն ա: Մինչեւ հիմա խաբում ա ինձ, չի տալիս: Մի 30-40 հազար դրամ պարտք ա: Էն ժամանակ դա եղել ա պատգամավոր: Էդ մարդը բոլորին ա պարտք: Էստեղ մի 10 -20 մարդու պարտք ա, 100 հազար, 200 հազար պարտք ա: Ով փողս նրանից հանի՝ սեղան եմ գցելու նրա համար»:
Ալավերդիում գաղտնի չի մնացել, որ Քոչինյանները Մեծ Այրումի համայնքային բյուջեին եւ գյուղացիներին խոշոր պարտքեր ունեն, տարիներ շարունակ խուսափում են վճարել, որին մինչեւ օրս էլ անհոգ է վերաբերվում արդեն մարզկենտրոնի գլխավոր հարկահավաք Հենրիկ Քոչինյանը: Համայնքային բյուջեին Քոչինյանների պարտքերի մասին մեր հարցերին Սաշիկ Առուշանյանը կցկտուր էր պատասխանում. «Արդեն դա տրված է Լոռու մարզպետարան, չէ, հիմա փաստաթղթերը լրիվ հանձնել եմ, չեմ կարա հիշեմ որքան ա»: Այդուհանդերձ, երբ պնդեցինք մեր ունեցած այն տեղեկությունը, որ Քոչինյանների պարտքը համայնքի բյուջեին կազմում է 4 միլիոն դրամ, եւ այժմ նրանց գործերն գտնվում են Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, գյուղապետը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց մեր պնդումը:
Սաշիկ Առուշանյանից տեղեկացանք, որ համայնքի 2009 թվականի բյուջեի եկամուտները նախատեսված են 12 միլիոն, այդ թվում հողի հարկը՝ 4 միլիոն, հողի վարձակալության վճարները՝ կրկին 4 միլիոն դրամ: Ստացվում է՝ Քոչինյանների պարտքը համայնքի բյուջեին ճիշտ այնքան է, որքան ողջ գյուղի հողի մեկ տարվա հարկը:
Տարիներ շարունակ այս պարտքերի նկատմամբ համր մնացած Սաշիկ Առուշանյանը այդ մասին այլեւս չլռելու իր լուրջ պատճառներն ունի: Նախ Մեծ Այրումը հայտնվել է տնտեսական ծանր վիճակում, իսկ համայնքի բյուջեից կախված՝ գյուղի կենսական հիմնախնդիրներն օրեցօր մեծանում են՝ առաջացնելով բնակիչների վրդովմունքը: Սաշիկ Առուշանյանը Քոչինյանների համայնքի բյուջեին պարտքերի վճարման անհրաժեշտությունը բացատրեց նաեւ նրանով, որ ՀՀ կառավարությունը, դրամաշնորհներ վճարելիս, արդեն կարեւորում է նաեւ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը:
Բյուջեի նեղ հնարավորությունների հետեւանքով 1999 թվականից չի գործում գյուղի մանկապարտեզը, եւ խորհրդային տարիներին կառուցված տիպային շենքը ավերակույտի է վերածվում: Ձախողման շեմին է գյուղի գազիֆիկացումը: «Դեռ 2008թ. գազիֆիկացման նպատակով գյուղին հատկացրել են 29 մլն դրամ, այս գումարները ծախսվել են, համայնքապետարանը չի կարողացել կատարել իր 10% ներդրումը, որի պատճառով էլ շինարարական աշխատանքները դադարեցվել են: Գյուղի 300-ից ավելի ընտանիքներ իրենց բնակարանները ջեռուցում են փայտով, շրջակա անտառներին մեծ վնաս է պատճառվում: Խնդրել եմ ՀՀ կառավարությանը, ներկայումս 3 միլիոն դրամով օգնել է համայնքի ներդրումը կատարելու համար»,- հայտնեց գյուղապետը:
Անմխիթար վիճակում է Մեծ Այրումի միջնակարգ դպրոցը: Դպրոցի ուսմասվար Արաքսյա Օսիպյանը հայտնեց, որ դպրոցում սովորում է 114 աշակերտ, աշխատում՝ 18 մանկավարժ, որոնց մեծ մասն ունի բարձրագույն կրթություն: Դպրոցի շենքը թեեւ տարիներ առաջ ենթարկվել է ընթացիկ նորոգման, սակայն հիմնանորոգման խիստ կարիք ունի: Անմխիթար վիճակում են միջանցքները, սանհանգույցները, մարզադահլիճն ու ճաշարանը: Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Գեւորգ Անդրեասյանն էլ հայտնեց, որ դպրոցի մարզագույքը ֆուտբոլի միակ գնդակն է: Մեծ Այրումում մեզ կրնկակոխ հետեւում էր Արտյոմ Բաղրամյանը, նա կրկին մոտեցավ մեզ նոր ասելիքով: «Չորս անգամ պետությունը փող է բաց թողել էս գյուղի համար, որ ջուր բերեն, 20 տարի է՝ մենք մաքուր ջուր չենք խմում: Առվի ջուր ենք խմում, առվի, էն, որ կովերը թրքում են մեջը, էդ ջրերն ենք խմում: Ես, որ սուտ ասեմ, թող գան ստուգեն: Չորս անգամ միլիոններ ա բաց թողել, ուր ա էդ միլիոնները, ուր ա էդ ջուրը, ասա, տեսնեմ, այ քեզ մատաղ: Պետություն չկա, խաբեություն ա, ուրիշ ոչ մի բան»,- եզրափակեց այրումցի Արտյոմը: Իսկ գյուղապետ Սաշիկ Առուշանյանն իր ղեկավարած համայնքը ոտքի կանգնեցնելու համար թերթի միջոցով ՀՀ կառավարությունից խնդրում է. «Դոտացիան մի քիչ ավելացնել, գյուղին հատկացնել կոմբայն ու տրակտոր»: