Ծառայողական քննությունն ինչ պարզեց
«Առավոտն» անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին հրապարակեց ԱՄՆ-ում բնակվող լրագրող Գայանե Մանուկյանի «Նոտարի հերթական «առեղծվածը» հոդվածը: Այն հանգուցյալ Պերճ Պետրոսյանի երկրորդ կնոջ՝ Գ. Խաչատրյանի նկատմամբ Երեւանի «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի գործունեության, նոտարական մի ձեւակերպման մասին էր:
Հրապարակումից հետո արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը «Առավոտին» տեղեկացրել էր, որ սկսվել է ծառայողական քննություն: Երեկ ՀՀ նոտարիատի բաժնի պետ, ՀՀ վաստակավոր իրավաբան Մարիամ Գաբոյանի ստորագրությամբ ուղարկվեց քննության արդյունքները:
Նախ, տեղեկացնենք, որ հոդվածում վեճը գնում էր հանգուցյալի առաջին կնոջ երեխաների եւ երկրորդ կնոջ միջեւ: «Բնական է, որ երեխաները նորմալ չեն համարում իրենց հոր՝ 22 տարով փոքր կնոջ հետ ամուսնանալը, իսկ երկրորդ կինն էլ՝ երեխաների այդ վերաբերմունքը: Սակայն այդ փաստը քիչ է հետաքրքրում նոտարին, քանի որ նա պարտավոր է կատարել օրենքի պահանջը, ուստի անդրադառնանք ժառանգության խնդրին»,- նշում է գլխավոր նոտարը: Ըստ տեղեկանքի, ժառանգատու Պ. Պետրոսյանը մահացել է 2008թ. մայիսի 5-ին: Առաջինը՝ 2008թ. սեպտեմբերի 24-ին նոտարական գրասենյակի ժառանգական գործերով խորհրդատուին են դիմել հանգուցյալի 2 որդիները՝ չխախտելով ժառանգության ընդունման 6-ամսյա ժամկետը: Ժառանգական գործերի մուտքագրումը կատարվում է խորհրդատուի մոտ, որտեղ էլ նշվում է ժառանգական գործի մուտքի համարը:
Այնուհետեւ, դարձյալ ժառանգության ընդունման 6-ամսյա ժամկետում, նույն ձեւով 2008 թ. նոյեբերի 17-ին ժառանգական գործը մուտքագրում է Գ. Խաչատրյանի լիազորված անձը:
Գ. Խաչատրյանը հրապարակման մեջ տեղեկացրել էր, որ հեռախոսով պարբերաբար կապ է հաստատել նոտարի հետ: Այդ կապակցությամբ արդարադատության նախարարությունը պարզել է. «Ինչ վերաբերում է Գ. Խաչատրյանի կողմից իբրեւ թե Ամերիկայից արված խոսակցություններին եւ այն հանգամանքին, որ այլ ժառանգներ չեն դիմել, չի համապատասխանում իրականությանը, քանի որ նոտարը հեռախոսով չէր կարող իմանալ, որ զանգողն իրոք Գ. Խաչատրյանն է եւ, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 5 հոդվածի համաձայն, չէր կարող նոտարական գաղտնիքը հայտնել»:
Ծառայողական քննությամբ հաստատվել էր, որ «Տղաներից առաջինը գրանցված է այդ բնակարանում, հետեւաբար՝ տիրապետել է գույքը, վճարել դրա գույքահարկը եւ այլ վճարները, ուստի հանդիսանում է տիրապետող ժառանգ եւ եղբոր հետ դիմել եւ գրանցել է ժառանգություն ստանալու իր իրավունքը: Բացի այդ, եղբայրները Երեւանի մեկ այլ նոտարի մոտ սեպտեմբերի 22-ին լիազորագիր են տվել փաստաբան Ա. Դավթյանին՝ իրենց ժառանգական իրավունքները ձեւակերպելու եւ անշարժ գույքի կադաստրում հանդես գալու համար: Ինչպես երեւում է, փաստաբան Ա. Դավթյանը վերջին օրը ի հայտ չի եկել, ինչպես նշված է հոդվածում, այլ՝ ժառանգությունը ձեւակերպելուց 2 ամիս առաջ»: Նոտարը հավելում է նաեւ, որ «Լիազորագիր տալու հանգամանքը նույնպես ապացուցում է, որ տղաները ժամանակին ընդունել են ժառանգությունը»:
Ժառանգության իրավունքի վկայագրում նշված է եւ՛ ժառանգական գործի համարը (այսինքն՝ ժառանգական գործի մուտքի համարը), եւ՛ ելքի համարը, այսինքն՝ սեղանամատյանի համարը: Գ. Խաչատրյանի անգրագետ պնդումները հիմք չեն նոտարի համար՝ խախտելու նոտարական գործողություններ կատարելու գործավարության կանոնները:
«Ինչ վերաբերում է նոտարի ուղարկած գրությանը՝ Ա. Պետրոսյանին, ապա դա ժառանգական գույքի ամբողջ բաժինը տալու նպատակ է հետապնդել, քանի որ, եթե ժառանգությունը տրվի համապատասխան մասով՝ միայն Գ. Խաչատրյանին, իսկ մյուս ժառանգները որոշեն որոշ ժամանակ անց ստանալ իրենց ժառանգությունը, ապա ժառանգության իրավունքի վկայականը կադաստրը չի գրանցի, մինչեւ ամբողջ գույքի նկատմամբ չներկայացվեն ժառանգության իրավունքի վկայագրերը»,- նշում է հանրապետության գլխավոր նոտարը: Ըստ վերջինի, «Բնական է, որ ընդհանրապես ժառանգատուների երկրորդ կանայք չեն ուզում, որպեսզի իրենց հանգուցյալ ամուսինների երեխաներն իրենց հորից ժառանգություն ստանան, բայց այդ ցանկությունը բավարար չէ զրպարտելու եւ մրոտելու թե հանգուցյալի որդիներին եւ թե նոտարին, որը ղեկավարվել է գործող օրենքի պահանջներով եւ ժառանգությունը բաժանել է օրենքով նախատեսված բոլոր ժառանգների միջեւ՝ հավասար բաժիններով»: