Մինչդեռ անհատական թոշակառուները՝ անկախ նրանից, հարազատների խնամքին են, թե՝ ոչ, արտոնություններ
ունեն՝ ՀՀ նախագահին ուղղված բաց նամակում գրում է անհատական թոշակառուն:
Հայաստանում ժամանակ առ ժամանակ նկատվող ապօրինի եւ անարդար դրսեւորումները բնակչության սոցիալապես ամենախոցելի խավերի հանդեպ համալրվեցին հերթական նմանօրինակ քայլով՝ այս անգամ կենսաթոշակառուների նկատմամբ: ՀՀ կառավարության N251 որոշմամբ՝ անհատական կենսաթոշակառուներն օգտվում են խմելու ջրի սակագնի 50%-ը վճարելու արտոնությունից: Այդ արտոնությունը գործում էր շուրջ 20 տարի՝ անկախ տվյալ բնակարանում գրանցված ընտանիքի անդամների թվից: Սակայն «Երեւան Ջուր» ընկերությունը 2006-ի հունիսի 1-ից սկսել է հաշվարկել խմելու ջրի համար վճարի չափը յուրօրինակ կերպով՝ հաշվի առնելով տվյալ բնակարանում հաշվառված բնակիչների թիվը: Մասնավորապես, եթե բնակարանում ապրում է 2 անձ, ապա նշված ընկերությունը հաստատված սակագնի 100%-ով է հաշվարկում խմելու ջրի վարձը, այնուհետեւ այն բաժանում է 2-ի եւ նոր միայն ստացված գումարի նկատմամբ կիրառում 50%-ի արտոնությունը: Այլ կերպ ասած, տվյալ դեպքում անհատական կենսաթոշակառուն ազատվում է ջրի վարձի ամբողջ գումարի՝ ոչ թե 50, այլ ընդամենը 25%-ը վճարելուց: Այսինքն, կառավարության վերոհիշյալ որոշմամբ, անհատական կենսաթոշակառուների համար սահմանված արտոնության չափը իրականում կրճատվում է առնվազն 2 անգամ:
Այս նոր կարգով հաշվարկը «Երեւան Ջուր» ընկերությունը պատճառաբանում է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար Վարդան Խաչատրյանի N4/4-Ե-2-1273 պաշտոնական պարզաբանմամբ, որում նախարարը, հղում կատարելով կառավարության N1353-Ն որոշմանը, «Երեւան Ջուր» ՓԲԸ-ին անօրինաբար ուղղորդում է անհատական կենսաթոշակառուների համար խմելու ջրի վարձը զեղչով հաշվարկել՝ ելնելով տվյալ հասցեում հաշվառված անձանց թվից: Հետեւապես, նախկին նախարարը կոպտորեն խախտել է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի նորմը, ըստ որի՝ «Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով»: Իսկ նշված պարզաբանման հիման վրա «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի ընդունած որոշումը միայնակ չապրող անհատական կենսաթոշակառուների վրա լրացուցիչ գումար վճարելու պարտականություն է դնում: Բացի այդ, ինչպես հայտնի է, որեւէ օրենքով խնդրո առարկան չի կարգավորվել եւ ինձ վրա որեւէ օրենքով 2006թ.-ից լրացուցիչ գումար վճարելու պարտականություն չի դրվել: Այսպիսով, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարարը, խախտելով ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները, իր «պարզաբանմամբ» իրեն իրավունք է վերապահել լրացուցիչ գումար վճարելու պարտականություն դնել ՀՀ քաղաքացիների վրա:
Իմ դիմումին ի պատասխան, ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն պարզաբանել է, որ խմելու ջրի վարձի զեղչով վճարման արտոնությունից կարող են օգտվել անհատական կենսաթոշակառուները, այլ ոչ թե նրանց սեփականությունը հանդիսացող բնակարանում հաշվառված անձինք: Կոմիտեի ղեկավարությունը բացարձակապես անտեղյակ է, որ դեռեւս 1980-ական թվականներից սկսած, անհատական կենսաթոշակառուներին տրված էր խմելու ջրի սակագնի 50%-ի չափով վճարելու իրավունք՝ անկախ նրանց պատկանող բնակարանում հաշվառված անձանց թվից:
Պարոն նախագահ, խնդրում եմ Ձեր միջամտությունը, քանի որ «Երեւան Ջուր»-ն ինձ գրավոր սպառնացել է՝ 3-օրյա ժամկետում իր ապօրինաբար ավելի հաշվարկված գումարը չվճարելու դեպքում այն բռնագանձել դատական կարգով: Այսինքն, լկտիությունը հասել է այնտեղ, որ այդ ՓԲԸ-ն ի սկզբանե՝ առանց դատարանի որոշման, արդեն վստահ է, որ նշված գումարը ինձանից միանշանակորեն կբռնագանձվի: Եվ, վերջապես, պարոն նախագահ, այս հարցն ունի նաեւ բարոյական կողմ: Նախկին նախարարի եւ նշված պետական մարմնի պարզաբանումներով ու ընկերության որոշման կիրառմամբ ստացվում է, որ խմելու ջրի սակագնի 50%-ը վճարելու արտոնությունից միայն կարող են օգտվել միայնակ ապրող անհատական կենսաթոշակառուները: Սակայն վերջիններս ճնշող մեծամասնությամբ 75-90 տարեկան մարդիկ են, որոնք, բնականաբար, չեն կարող ապրել առանց իրենց հարազատների, մասնավորապես՝ խնամողների, կերակրողների: Հետեւապես, անբարոյականություն է այդպես պատժել այն անհատական կենսաթոշակառուներին, որոնք միայնակ չեն կարող ապրել, այն անհատական կենսաթոշակառուներին, որոնք իրենց պատվավոր կոչումներին արժանացել եւ «անհատական» կարգավիճակը ստացել են հենց նրա համար, որ ունեն լուրջ վաստակ եւ ծառայություններ մեր պետության առջեւ: