Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆԸ «ՍԱՆՐԵԼ» Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԸ

Փետրվար 12,2009 00:00

Նոր Նորքը, Շենգավիթը, Շիրակն ու Արմավիրը «սոցիալական» մի շարք խախտումներ են թույլ տվել

Անցյալ տարեվերջին ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը ներկայացրեց 2008 թ. երկրորդ կիսամյակի ուսումնասիրությունների արդյունքները, որոնք վերաբերում էին բնապահպանության, առողջապահության, կրթության եւ գիտության նախարարություններին, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, Երեւանի քաղաքապետարանին, ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի բացահայտումներին եւ այլն: Այժմ «Առավոտի» տրամադրության տակ են վերահսկողականի ուսումնասիրության արդյունքները՝ սոցիալական ոլորտի «մասով»:

Ուսումնասիրություններ են իրականացրել ինչպես Երեւան քաղաքի Նոր Նորք, Շենգավիթ համայնքների, այնպես էլ Շիրակի եւ Արմավիրի մարզերի՝ սոցիալական ծառայություններ տրամադրող (ՍԾՏՄ) 7 տարածքային մարմիններում: Պարզվել է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության ու սոցիալական ծառայություն տրամադրող տարածքային մարմինների տվյալները բացարձակապես չեն համապատասխանում իրար: Խոսքը ընտանեկան նպաստի եւ միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցներին ու ընտանեկան նպաստի ծրագրում փաստագրված ընտանիքներին է վերաբերում: Տարբերությունների իմաստով ռեկորդակիր է եղել հատկապես Նորքը: Աշխատանքային խումբը փաստում է, որ որոշ նպաստառու ընտանիքների չափահաս անդամներ թաքցրել են զբաղվածության փաստը եւ չեն ներկայացրել աշխատավարձի չափի մասին տեղեկանք, իսկ ՏԻՄ մարմինների (համատիրություն, թաղային լիազոր եւ այլն) կողմից տրված տեղեկանքներում էլ զբաղվածության դաշտում նշված է եղել՝ «չի աշխատում»: Որոշ նպաստառու ընտանիքի անդամներ ներկայացրել են տեղեկանքներ՝ ցածր աշխատավարձի մասին: Պատահել են դեպքեր, երբ նպաստառու ընտանիքների հաշմանդամ անդամների բժշկասոցիալական փորձաքննության որոշմամբ տրված հաշմանդամության խումբը ընտանիքի անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում մուտքագրվել է ոչ ճիշտ եւ այլն: 878 ընտանիքի գործերի ուսումնասիրության ժամանակ արձանագրվել է 64 խախտում եւ պետությանը պատճառվել է մոտ 3 մլն 387 հազար դրամ գումարի վնաս: Ըստ վերահսկողականի ուսումնասիրության ադյունքների, ՍԾՏՄ-ներում ընտանեկան նպաստի եւ միանվագ դրամական օգնության սկզբնական հաշվառման փաստաթղթերը լրացված են եղել բազմաթիվ թերություններով, որոշ դեպքերում բացակայել է անգամ դիմողի ստորագրությունը, լրացման ամսաթիվը, իսկ կոնկրետ Գյումրիում, Արթիկում եւ Արմավիրում՝ ընտանեկան նպաստի եւ դրամական օգնության վճարման կարգադրությունները:

Նշենք, որ կառավարության որոշմամբ, ընտանիքների անապահովության գնահատման կարգի համաձայն, օգտագործվում է տարբեր գերատեսչություններից եւ կազմակերպություններից ստացվող տեղեկատվություն: Ըստ վերահսկողականի, օրինակ, ՀՀ ոստիկանության ՊԱՏ-ից ստացված տեղեկատվությունը՝ քաղաքացիների անձնական օգտագործման ավտոմեքենայի առակայության վերաբերյալ, չի համապատասխանել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվական բազայի չափորոշիչներին, եւ համադրման արդյունքում ստացվել խառնիխուռն, օգտագործման համար ոչ պիտանի տեղեկատվություն: Ինչ վերաբերում է Մաքսային պետական կոմիտեից եւ ՀՀ արդարադատության նախարարության պետռեգիստրից ստացված տեղեկատվությանը, դրանք էլ ՍԾՏՄ-ներին տրամադրվել են բավական ուշացումով: Օրինակ, 2008-ի հունիսի 16-ի դրությամբ տեղերում տիրապետում էին 2007-ի երրորդ եռամսյակի տվյալներին:

Աշխատանքային խումբը ընտրանքային կարգով ուսումնասիրել է երեխայի ծննդյան միանվագ, մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի համար տրվող նպաստների, երրորդ եւ հաջորդ երեխայի համար տրվող միանվագ դրամական օգնության գործերի նշանակման եւ վճարման օրինականությունը: Մոտ 250 գործի ուսումնասիրությունից պարզվել է, որ որոշ թերություններ են արձանագրվել հատկապես Նոր Նորքի, Շենգավիթի, Արմավիրի եւ Գյումրի-2 ՍԾՏՄ-ում: Դիմումների գրանցամատյանները վարվել են ոչ լիարժեք, եղել են կրկնակի գրանցումներ եւ այլն: Նախագահի վերահսկողականը պարզել է նաեւ, որ ՍԾՏՄ-ները, բացառությամբ Արմավիրի, գտնվում են շենքային, աշխատանքային վատթար պայմաններում, ապահովված չեն տարրական անհրաժեշտ պարագաներով, տեխնիկան հնաոճ է եւ անբավարար աշխատանքի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել