Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» տաքսիստներին պաշտպանում է

Փետրվար 12,2009 00:00

Հանուն տաքսիստների, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը հանդես է եկել օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ:

Տաքսիների լիցենզիայի համար պահանջվող գումարի չափը 200 հազարից 25 հազար դարձնելուց հետո, տաքսու վարորդներն ու նրանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունները հիմա էլ մեկ այլ խնդիր են առաջ քաշել:

Նրանք պահանջում են, որ Ազգային ժողովը «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարի եւ տաքսիների թույլատրելի առավելագույն տարիքը 10 տարուց երկարաձգի մինչեւ 15 տարի: Նրանց է միացել նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը, որն օրերս հանդես է եկել նման նախաձեռնությամբ: Երեկ «Առավոտը» Ա. Մարտիրոսյանին խնդրեց պարզաբանել, թե ինչով է պայմանավորված մեքենաների թույլատրելի առավելագույն տարիքի ավելացումը եւ հաշվի առե՞լ է նա, արդյոք, տաքսիներից օգտվող քաղաքացիների կարծիքները: «Չգիտեմ, տաքսիներից հաճախակի օգտվողների համար 10 տարվա վաղեմության մեքենան բավական է, թե՝ ոչ, բայց քանի որ հիմա սոցիալական վիճակը բավականին բարդ է, գործազուրկների քանակն էլ ավելանալու է, հանդես եմ եկել այդ նախաձեռնությամբ: Հանդիպել եմ տաքսիների վարորդների հետ, որպեսզի նրանք հիմնավոր պատճառաբանություններ ներկայացնեն: Ես այն կարծիքին եմ, որ 10 տարուց ավելի տարիք ունեցող մեքենաները, որոնք նորմալ վիճակում են եւ տեխզննումն էլ անցել են, պետք է իրավունք ունենան որպես տաքսիներ աշխատելու: Բոլորովին կապ չունի մեքենայի թարմությունը: Ռուսական արտադրության վերջին «07»-երը 2 ամիս հետո դառնում են այնպիսին, ինչպիսին 17-18 տարվա արտասահմանյան մեքենաները: Ուստի, նման մեղադրանքով եւ ձեւական վարչարարությամբ մարդկանց օրվա հացը վաստակելուց զրկելը, կարծում եմ, սխալ է: Բացի այդ, դեղին համարանիշը խոչընդոտում է, որ նրանք, ասենք, Վրաստան կամ այլ հարեւան երկրներ ուղեւորափոխադրումներ կատարեն: Ի՞նչ է, այդ երկրների հետ մենք պետք է առանձին պայմանավորվենք, որպեսզի թույլ տան մեր վարորդներին դեղին համարանիշներով մտնել իրենց պետություն»: Ըստ Ա. Մարտիրոսյանի, սա տնտեսական դաշտի ձեւափոխմանն ուղղված քայլ է. «Ուզում են մանր տնտեսվարողների ձեռքից առնել ամեն ինչ եւ տալ խոշորներին, այն, ինչ եղավ մի քանի տարի առաջ երթուղային տաքսիների դաշտում: Մարդիկ տեսան, որ երթուղային տաքսի ունենալը եկամտաբեր է, ուստի տարատեսակ որոշումներ կայացրին, որի արդյունքում դաշտը կենտրոնացավ մի քանի խոշոր ձեռնարկատերերի ձեռքում: Հիմա նրանք վարում են՝ ինչ մեքենա ցանկանում են, անգամ աշխատում են օրենքի խախտումներով, վերցնում են ավելի ուղեւորներ, որը օրենքը խիստ արգելում է»:

Մեր այն հարցին, թե պարոն Մարտիրոսյանն օգտվո՞ւմ է հնամաշ տեսք ունեցող տաքսիներից, նա պատասխանեց. «Անկախ մեքենայի հնությունից, եթե այն համապատասխան տեսք չունի, ես այդ մեքենան չեմ նստում: Ազատ մրցակցությունը կբերի նրան, որ վատ մեքենաները դուրս կգան դաշտից»: Ըստ «Ժառանգության» ղեկավարի. «Հիմնավորումներն ու դրդապատճառները շատ են, ու եթե իսկապես ցանկանում են ազատ մրցակցություն ապահովել այդ դաշտում ու տաքսու վարորդներին էլ թույլ տալ հանապազօրյա հացի գումար աշխատել, նախագիծը պետք է ընդունեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել