Առաջիկա ամիսներին Հայաստանը կզրկվի արտերկրից ուղարկվող միլիարդավոր տրանսֆերտներից
Ռուսաստանում աշխատող բազմաթիվ հայ «խոպանչիներ» ստիպված են հավաքել ճամպրուկներն ու վերադառնալ հայրենիք, քանի որ նրանք զրկվել են այնտեղ ունեցած իրենց աշխատանքից: Առեւտրի եւ շինարարության բնագավառներում, որտեղ սովորաբար աշխատում են հայերը, նրանց այլեւս գրկաբաց չեն ընդունում: Բանն այն է, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությունից հետո, թե երկրում գործազրկության աճը կանխելու նպատակով՝ աշխատանքով առաջնահերթ պետք է ապահովվեն իրենց երկրի քաղաքացիները, շատ ռուս գործարարներ հայերի կամ այլազգի «խոպանչիների» հետ գործ չեն «բռնում»: Նկատի ունենալով, որ, ոչ պաշտոնական տվյալներով, միայն Ռուսաստանում աշխատում է մոտ 600 հազար հայ, որոնք ամեն ամիս միլիոնավոր տրանսֆերտներ են ուղարկում Հայաստան, կարելի է եզրակացնել, թե այդ գումարների նվազումը ինչ բացասական հետեւանքներ կարող է ունենալ հազարավոր հայ ընտանիքների վրա: «Առավոտը» զրուցեց մի քանի միգրանտների հետ, որոնք տարիներ շարունակ աշխատել են Ռուսաստանում, սակայն այս տարի վերադարձել են գործազուրկ եւ դատարկաձեռն:
Գեղարքունիքի մարզից Սուրեն Պետրոսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ արդեն 10 տարի սեզոնային աշխատանքի է մեկնում Մոսկվա, սակայն Ամանորին տուն է վերադարձել ու հիմա մտավախություն ունի, որ Ռուսաստանում աշխատանք արդեն չի գտնի. «Ես դզող-փչող եմ աշխատել: Ամեն տարի էլ գործ ունեցել եմ, հիմա չգիտեմ՝ ինչ կլինի: Չնայած լավ մասնագետը միշտ էլ գործ կունենա, բայց եթե իրենց նախագահն է հրամայել, որ մենակ ռուսներին գործ տան, ուրեմն դժվար էլ արդեն մեզ վերցնեն, կամ էլ վերցնելուց հետո կարող ա էլ առաջվա նման նորմալ փող չտան: Ախր գյուղում մնալն էլ մի բան չի: Որ մնամ՝ ի՞նչ պիտի անեմ, որ կարենամ ընտանիք պահել, հո մենակ հացի փող աշխատելով չի, էրեխեքս մեծանում են, ծախսերն էլ են մեծանում: Համ էլ գյուղում դզող-փչող աշխատելով՝ կարգին փող չես առնի, իմ նման վարպետներ շատ կան: Հող մշակելով ու անասուն պահելով էլ չես կարող մարդավարի ապրել: Որ հող մշակելով հնարավոր լիներ ապրել, էլ խի՞ էի գնում դուրս: Մեր գյուղի տղամարդկանց 90%-ը խոպանչի է, գյուղում ոչ գործ կա, ոչ էլ գործի հույս»:
Մոսկվայի գեղեցկության սրահներից մեկում 3 տարի վարսահարդար աշխատած Հայկուհի Մուրադյանն արդեն գործազուրկ է: Հայկուհու ներկայացմամբ, տնօրենն իրեն գործից ազատելը մեկնաբանել է այսպես. «Եթե փաստաթղթերը ստուգեն եւ պարզեն, որ այլազգի եմ վերցրել աշխատանքի, գուցե պատասխանատվության ենթարկեն, իսկ ինձ գլխացավանք պետք չէ»:
Մտահոգ են նաեւ «խոպանչիների» ընտանիքի անդամները: Մայրաքաղաքի բնակիչ Կարինե Սարիբեկյանի ամուսինը աշխատում է Պերմում: Վերջերս նրա ամուսինը հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ գործերը լավ չեն, հնարավոր է շուտով տուն վերադառնա, այն էլ՝ առանց գումարի. «Ես հաշմանդամ եմ, չեմ կարող աշխատել, 2 երեխաներս էլ անչափահաս են: Ամուսնուս վրա է մեր հույսը: Չեմ պատկերացնում, թե ոնց ենք յոլա գնալու, եթե ամուսինս անգործ մնա: Երկար տարիներ Պերմում շինարարություն է անում: Ամիսը գոնե մի քանի հարյուր դոլար փող էր ուղարկում: Եթե հանկարծ գործ չճարի ու գա Երեւան՝ կորած ենք: Մեզ մոտ էլ շատ դժվար է գործ գտնելը: Հիմա ես ծանոթներիս միջոցով հետաքրքրվում եմ, որ գոնե ամուսնուս համար մի գործ ճարեմ, որ հետ գա՝ պարապ չմնա»:
Նշենք, որ մեր պաշտոնյաները ամեն պատեհ առիթի հայտարարում են, որ տնտեսական ճգնաժամը Հայաստանի վրա լրջորեն չի անդրադառնա, բացի այդ, իրենց հակաճգնաժամային ծրագրերով պատրաստ են ճգնաժամի դեմն առնելու: