Լրահոս
Օրվա լրահոսը

Ասեք խախտում թույլ տված դատախազների տվյալները

Փետրվար 12,2009 00:00

Գլխավոր դատախազության խոսնակն անդրադառնում է Մարդու իրավունքների պաշտպանի հունվարի 9-ի գրությանը՝ ուղղված գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:

Մարդու իրավունքների պաշտպանի բարձրացրած խնդիրը՝ ձերբակալվածներին պահելու վայրերում անձանց պահելու կարգի խախտումների վերաբերյալ, միգուցե իրենց համար հայտնագործություն է, սակայն դա մի քանի անգամ քննարկվել է դատախազությունում, եւ նման դեպքերը բացառելու ուղղությամբ դատախազության մարմիններն, իրենց լիազորությունների շրջանակներում, իրականացնում են օրենքով սահմանված գործողություններ: Շնորհակալ ենք պաշտպանին եւս մեկ անգամ այդ խնդիրը բարձրաձայնելու համար:

Ձերբակալված եւ կալանավորված անձանց, ընդհանրապես դատապարտյալների իրավունքների պահպանության վիճակը ՀՀ դատախազության 2008 թվականի առաջին կիսամյակի աշխատանքային ծրագրի 6-րդ կետի համաձայն, ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության կողմից վերջին անգամ ուսումնասիրվել է 2008 թվականին, որի արդյունքներով արձանագրվել են ինչպես կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումից հետո կալանավորված անձին օրենքով սահմանված ժամկետից ավելի երկար ՁՊՎ-ում պահելու դեպքեր, այնպես էլ խախտումներ ձերբակալված անձանց գտնվելու վայրի մասին նրանց հարազատներին օրենքով սահմանված կարգով իրազեկելու ընթացակարգում: Խախտումներ են հայտնաբերվել նաեւ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց, դատապարտյալներին տեսակցությունների տրամադրման եւ ձեւակերպման, դատապարտյալների նկատմամբ կիրառվող տույժի միջոցների եւ դրանց կիրառելու կարգի, դատապարտյալների դիմումները, բողոքները, առաջարկությունները հասցեատերերին ուղարկելու գործընթացներում:

Կատարված ուսումնասիրության արդյունքները քննարկվել են ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում, ապա նաեւ տեղադրվել ՀՀ դատախազության ինտերնետային էջում (https://www.genproc.am/main /am/47/4261/), տպագրվել մամուլում, տարածքային ստորաբաժանումները ղեկավարող դատախազներին ուղարկվել է տեղեկատվական նամակ:

Բարձրացված հարցը դատախազության ամենօրյա ուշադրության կենտրոնում է, եւ խախտումներ հայտնաբերվելու դեպքում աշխատանքային կարգով ձեռնարկվում են դատախազական ներգործության՝ օրենքով սահմանված միջոցներ, որոնց արդյունքում արդեն իսկ գրանցվել են որոշակի դրական տեղաշարժեր:

Ինչ վերաբերում է Պաշտպանի այն դիտարկմանը, թե կալանավորված անձինք օրենքով սահմանված ժամկետից երկար ձերբակալված անձանց պահելու վայրերում երբեմն պահվում են դատախազների գրավոր ցուցումների հիման վրա, ապա գլխավոր դատախազությունը շնորհակալ կլինի մարդու իրավունքների պաշտպանին, եթե փոխշահավետ համագործակցության նպատակով տրամադրվեն կոնկրետ փաստեր, թե ո՛ր քրեական գործով ո՛ր կալանավորված անձը ո՛ր դատախազի գրավոր ցուցումի հիման վրա է անօրինական կարգով պահվել ՁՊՎ-ում՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու եւ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: Եվ ընդհանրապես՝ արատավոր երեւույթն արձանագրելուց բացի, դրանց կրկնությունը հետագայում բացառելու, նվազագույնի հասցնելու նպատակով անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել իրավախախտման կոնկրետ դեպքերը եւ պատասխանատվության միջոցներ ձեռնարկել խախտումներ կատարած կոնկրետ անձանց նկատմամբ, ինչում, կարծում ենք, շահագրգռված է նաեւ մարդու իրավունքների պաշտպանը: Եվ դատախազությունը ակնկալում է պաշտպանից ստանալ ոչ թե դիմումատուների, այլ իրավախախտում թույլ տված պաշտոնատար անձանց տվյալները եւ համապատասխան փաստերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել