Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՔԸ 300 ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐՆԱԳԻՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԷՐ

Փետրվար 12,2009 00:00

ՔՕ 225-րդ եւ 300-րդ հոդվածներում փոփոխությունների մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամ Արծվիկ Մինասյանն արձագանքեց մեր թերթում Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության ղեկավար Արմեն Խաչատրյանի մեկնաբանությանն իր առաջարկին՝ ընդհանրապես հրաժարվել «պետական իշխանության յուրացում» արտահայտությունից: Արմեն Խաչատրյանը դեմ էր դրան. «Ենթադրում ենք, թե հետայսու Հայաստանում չի՞ լինի մի մարդ կամ մարդկանց խումբ, որոնք կկարողանան պետական իշխանությունն ապօրինի զավթել ու բռնությամբ պահել»: Արծվիկ Մինասյանը պարզաբանեց. «Այս առաջարկը վերաբերվել է հոդվածի վերնագրին: Ես առաջարկել եմ, որ 300 հոդվածն այդպես չկոչվի: Եթե օգտագործվում է «պետական իշխանության յուրացում» արտահայտությունը, ապա այն օգտագործվի որպես «իշխանության յուրացում» ու՝ բաժնի կամ գլխի վերնագրում եւ ոչ թե կոնկրետ հոդվածի: Ինչու՝ որովհետեւ տվյալ դեպքում մենք խոսելու ենք յուրացման երկու ձեւի՝ մասնավորապես, իշխանությունը բռնությամբ պահպանելու եւ իշխանությունը բռնությամբ զավթելու մասին: Մինչդեռ «Քրեական օրենսգրքի»՝ կառավարման դեմ ուղղված հանցագործությունների կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների մասերում մենք տեսնում ենք շատ հոդվածներ, որոնք նույնպես վերաբերվում են իշխանության յուրացման երեւույթին՝ տարբեր դրսեւորումներով: Օրինակ՝ պաշտոնական դիրքը չարաշահել, լիազորությունները վերազանցել եւ այլն: Այսինքն՝ այդ տեսանկյունից շատ կարեւոր է, որպեսզի հստակություն մտնի ՔՕ այդ հոդվածներում»:

Հ. Գ. Աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկվա նիստում առաջարկել է ՔՕ-ն համալրել նոր՝ 301/1 հոդվածով, որով  տարանջատվում են իշխանությունը յուրացնելուն ուղղված եւ չուղղված գործողությունները եւ դրանց համար նախատեսվում տարբեր պատժաչափեր: Նոր հոդվածով որպես առանձին հանցատեսակ է ամրագրվում  «ՀՀ նախագահին, ԱԺ-ին, կառավարությանը, ՍԴ-ին, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու կամ դա գործադրելու սպառնալիքի միջոցով որեւէ իշխանական գործողություն կատարելը կամ չկատարելը պարտադրելը, որն ուղղված չէ իշխանությունը յուրացնելուն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել