Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒ ԵՆ

Փետրվար 12,2009 00:00

Երեկ «Տեսակետ» ակումբում, անդրադառնալով ԵԽԽՎ-ի՝ Հայաստանին ձայնից չզրկելու քայլին, քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարծիք է հայտնել, որ Եվրոպան թերեւս զգուշացավ Հայաստանն իր ձեռքով Ռուսաստանին հանձնելու հեռանկարից: Նա հիշեցրել է, որ ԵԽԽՎ քննարկումից առաջ Հայաստանը տարբեր գործիչների շուրթերով պատրաստակամություն հայտնեց՝ ընդհուպ իսլամական ուղղությամբ գնալ, եթե զրկվի ձայնից:

Ուստի քաղաքագետը համամիտ չէ, որ ԵԽԽՎ որոշումը գործարք էր Ղարաբաղի հարցով: Ըստ նրա, գուցե ԵԽԽՎ ուղղությամբ Հայաստանի դժվարություններն Արեւմուտքը փորձի օգտագործել իր շահից ելնելով, բայց նա նաեւ հիշեցնում է, որ Ղարաբաղի հարցի լուծման համար անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ կողմերի փոխհամաձայնությունը, որն առայժմ բացակայում է: Ըստ Մանվել Սարգսյանի, նոյեմբերի 2-ի մայնդորֆյան հռչակագրով Ռուսաստանը, մեծ հաշվով, ինքն իր ձեռքով ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացը կրկին վերադարձրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատ, եւ ռուսական ավանտյուրայի գոնե այդ փուլը Հարավային Կովկասում այդպիսով ավարտվեց: Անդրադառնալով ներքաղաքական հարցերին՝ բանախոսը նկատել է, որ հիմնական խնդիրը «7-ի» գործի դատավարությունն է, որի պատճառով էլ իշխանությունը նախաձեռնել է Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների փոփոխությունը՝ հույս ունենալով թեթեւացնել իր համար բարդ վիճակը: «Այդ իրավիճակին ավելանում է ԵԽԽՎ պահանջը՝ հանել մեղադրանքը ընդդիմության ձերբակալված ներկայացուցիչների վրայից եւ բացահայտել մարտի 1-ի սպանությունների կոնկրետ մեղավորներին»,- հավելել է Մանվել Սարգսյանը, ով համոզված է, որ դա իշխանության վիճակն էլ ավելի է բարդացնում, քանի որ ընդդիմության վրայից մեղադրանքը հանելը իշխանության համար կնշանակի ընդունել, որ մարտի 1-ից հետո իշխանության բոլոր գործողությունները, սկսած արտակարգ դրության հայտարարումից, եղել են անօրինական: Ուստի՝ «դատարանն, ամեն դեպքում, ինչ-որ մեղադրանք «ապացուցելու» է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել