«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կոալիցիայի մեկ տարվա աշխատանքը գնահատում է բավարար:
2008-ի մարտի 21-ին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը ստորագրեցին քաղաքական կոալիցիայի ստեղծման հուշագիրը: Երեկ «Հայացք» ակումբում գնահատելով կոալիցիոն ուժերի համատեղ գործունեության մեկ տարին՝ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանն ասաց. «Կոալիցիան գործում է միասնական, լուրջ: Էական տարաձայնություններ երբեք չեն առաջացել անդամ կուսակցությունների միջեւ»:
Ըստ նրա՝ շատ կարեւոր էր այն հանգամանքը, որ ՕԵԿ-ի առաջնորդ Արթուր Բաղդասարյանի նախընտրական ծրագրի դրույթների գրեթե 90%-ը ներգրավվեց կառավարության քառամյա ծրագրում: Դրանք իրականացնելու շնորհիվ, ըստ պրն Մարգարյանի, էական տեղաշարժեր եղան՝ որոշում ընդունվեց յուրաքանչյուր երրորդ եւ հաջորդ երեխայի ծննդյան դեպքում ընտանիքին հատկացնել 430 հազար դրամ միանվագ նպաստ, ծննդօգնությունը դարձավ անվճար, որոշվեց աղետի գոտու շինարարությանը առաջիկա 3 տարում հատկացնել 77 մլրդ դրամ եւ այլն:
Հովհաննես Մարգարյանը նաեւ հայտնեց, որ «Օրինաց երկիրն» ակտիվորեն մասնակցելու է Երեւանի քաղաքապետի ընտրություններին: Հիշեցնենք, որ ըստ «Երեւանի մասին» օրենքի՝ ընտրությունները պետք է տեղի ունենան ապրիլի 1-ից ոչ շուտ եւ դեկտեմբերի 6-ից ոչ ուշ: Երեւանի քաղաքապետի ընտրությունների օրը հրապարակելու է Հայաստանի կառավարությունը՝ քվեարկության օրվանից 75-90 օր առաջ: Ըստ ՕԵԿ պատգամավորի՝ իրենք արդեն պատրաստվում են կազմել համամասնական ցուցակ: Իսկ հարցին, թե կուսակցությունը կունենա՞ Երեւանի քաղաքապետի իր թեկնածուն, թե՞ ոչ՝ պրն Մարգարյանը պատասխանեց, թե այդ հարցը դեռեւս չի քննարկվել կուսակցությունում: Չի քննարկվել նաեւ կոալիցիոն գործընկերների հետ դաշինքով ընտրությունների գնալու հնարավորությունը: Ըստ նրա՝ այս հարցերը կքննարկվեն միայն այն ժամանակ, երբ կառավարությունը կհայտարարի ընտրությունների օրը:
Հովհաննես Մարգարյանը նաեւ Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ է: Եվ երեկ տեղեկացրեց, որ հանձնաժողովը դիմելու է Ազգային ժողովին՝ իրենց կողմից կատարվող ուսումնասիրությունների եզրակացությունը ներկայացնելու համար հատկացված ժամկետը մինչեւ հունիս կամ սեպտեմբեր երկարաձգելու խնդրանքով: Նա նշեց, թե հանձնաժողովն արդեն հաջորդ քառօրյայում այդ առաջարկը կներկայացնի քննարկման: