Մի՞թե օրենքի այս դրույթին անտեղյակ են «Օրինաց երկրում»
Ինչո՞ւ է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն իր ղեկավարած կուսակցությանը հարող կառույցներ ստեղծում արտերկրում:
Փետրվարի 6-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ պարզաբանելով, թե ինչու են Ամանորին ՕԵԿ-ական պատգամավորները մեկնել Դուբայ՝ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարել էր. «Գնացել էինք մեր հերթական կառույցը բացելու»: Եվ լրագրողների տարակուսանքին ի պատասխան, թե Դուբայում «Օրինաց երկիր» կուսակցությո՞ւն եք ստեղծում՝ ասածը խմբագրել էր. «Մեր քաղաքական ուժին հարող հասարակական կազմակերպություն, որն այնտեղ կրում է մեր գաղափարախոսությունը»: Պարզվել էր նաեւ, թե մինչ Արաբական Միացյալ Էմիրություններում կառույց ստեղծելը՝ ՕԵԿ-ի գաղափարակիրներն արդեն համախմբվել էին Գերմանիայում եւ Ֆրանսիայում:
Կարծում ենք, այս հայտարարությունը պիտի առնվազն հետաքրքրի արդարադատության նախարարությանը, քանի որ այսպիսով թերեւս խախտվել են «Կուսակցությունների մասին» օրենքի մի շարք դրույթներ: Նախ՝ 3-րդ հոդվածի 3-րդ կետը, ըստ որի՝ «Կուսակցություն չի կարող ճանաչվել այն միավորումը, որի կանոնադրությունը թույլատրում է նրանում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, ինչպես նաեւ օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունների անդամակցությունը»: Իսկ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Կուսակցության ղեկավար մարմիններն ու նրա կառուցվածքային ստորաբաժանումները կարող են գտնվել միայն Հայաստանի Հանրապետության տարածքում: Այլ պետություններում կուսակցությունը կարող է ունենալ միայն ներկայացուցչություն»։
Սակայն դարձյալ հիշեցնենք, որ Հովհաննես Մարգարյանը հետո խմբագրել էր իր պնդումը եւ խոսել արդեն ՕԵԿ-ին հարող հասարակական կազմակերպության մասին: Արդյոք այդպիսի կառույցների ստեղծումը օրենսդրության շրջանակո՞ւմ է՝ հետաքրքրվեցինք սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանից. «Սահմանադրության հետ որեւէ հակասություն չկա: Քանի որ Սահմանադրությունն ընդամենը սահմանում է, որ կուսակցությունները կազմավորվում են ազատորեն, նպաստում ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորմանն ու արտահայտմանը, նաեւ, որ նրանց գործունեությունը չի կարող հակասել ժողովրդավարության սկզբունքներին ու Սահմանադրությանը, եւ կուսակցությունների ֆինանսական գործունեությունն էլ պիտի լինի հրապարակային»:
Սակայն մեր հարցին, թե «Կուսակցությունների մասին» օրենքի շրջանակներո՞ւմ է արտերկրում քաղաքական ուժին հարող հասարակական կազմակերպություն ստեղծելը՝ Վարդան Պողոսյանը պատասխանեց. «Ո՛չ: Օրենքի շրջանակներում դա չկա: Ըստ էության, եթե իրենք ասում են, որ այնտեղ գաղափարակիրների, համակիրների ինչ-որ կառույց են ստեղծել՝ նախ պիտի այդ երկրում ինչ-որ ներկայացուցչություն ունենային, որպեսզի կարողանային նրանց հետ աշխատել. սա՝ մեկ: Երկրորդը՝ գաղափարակիրներ, հարողներ եւ այլն՝ նման կազմակերպչական, իրավական ձեւ «Կուսակցությունների մասին» օրենքը չի նախատեսում: Հետեւաբար, նման կառույցներ կարող են լինել միայն, այսպես ասած, ոչ ֆորմալիզացված: Պարզապես նրանք գնում են արտասահման, ասենք թե՝ Դուբայ, հայերի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ հանդիպում, որոնք հայտարարում են, թե այդ կուսակցության համակիրն են: Բայց նրանք ֆորմալիզացված որեւէ կառույց՝ «Կուսակցությունների մասին» օրենքի առումով, չեն կարող ունենալ»:
Այն, որ Հովհաննես Մարգարյանը հետո ճշտել էր, որ ոչ թե ՕԵԿ հերթական կառույցն են ստեղծել, այլ իրենց գաղափարախոսությունը կրող հասարակական կազմակերպություն՝ ըստ իրավագետի, վկայում է, թե այդ կուսակցությունում հասկացել են. «Այնպիսի բան են ասել, որը հակասում է օրենքին ու փորձել են դեմքը փրկելու համար նման վերապահումներ անել»:
Մենք անդրադարձանք այս խնդրի զուտ իրավական կողմին: Սակայն կան նաեւ քաղաքական հարցադրումներ, որոնց մամուլն ավելի կամ պակաս չափով արդեն անդրադարձել է: Այն է, թե ինչի՞ համար են այդ հասարակական կառույցները, որոնք ստեղծվում են արտասահմանում, ի՞նչ են անելու դրանք: Արդյոք արտառոց չէ՞, որ դրանք ստեղծում է մի կուսակցություն, որի նախագահը Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է: Եվ արդյոք նման կառույցների ստեղծումն արտասահմանում չի՞ կարող ուղղակի կապ ունենալ Հայաստանի ազգային անվտանգության հետ:
Հ. Գ. Նշենք, որ ՀՅԴ-ն էլ վերջերս խախտեց «Կուսակցությունների մասին» օրենքի մեկ այլ դրույթ: Հիշեցնենք, որ հունվարի 31-ին դարձյալ Դուբայում կայացել էր հանգանակային ճաշկերույթ, որտեղ տրվել էր 5 միլիոն դոլարի խոստում: Ըստ ՀՅԴ հայտարարության՝ այդ գումարը պիտի ծառայեցվի Հայ Դատի աշխատանքներին, եւ 250 նվիրատուների մեջ են անձինք Եվրոպայից, Մերձավոր Արեւելքից, Ռուսաստանից եւ այլն: Մինչդեռ վերոհիշյալ օրենքի 25 հոդվածի համաձայն, որը վերաբերում է կուսակցություններին կատարվող նվիրատվություններին՝ չի թույլատրվում նվիրատվություններ «օտարերկրյա պետություններից, օտարերկրյա քաղաքացիներից ու իրավաբանական անձանցից, ինչպես նաեւ օտարերկրյա մասնակցությամբ իրավաբանական անձանցից, եթե օտարերկրյա մասնակցի բաժնետոմսերը, փայը, բաժնեմասը տվյալ իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում 25 տոկոսից ավելի է»: Եվ նման նվիրատվությունների ստացման դեպքում, ըստ օրենքի, կուսակցությունը պարտավոր է ստացման օրվանից երկու շաբաթվա ընթացքում դրանք վերադարձնել նվիրատուին: Խիստ կասկածում ենք, որ կկատարվի օրենքի այս պահանջը: Հիշեցնենք, որ այդ հավաքին ողջույնի ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: