Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉՀԱՂԹԵԼՈՒ ԵԼՔ ՉՈՒՆԻ»

Փետրվար 12,2009 00:00

\"\"ՀՀՇ վարչության անդամ Կարեն Կարապետյանը կարծում է, որ մարտի 1-ին նախատեսված հանրահավաքը կկայանա՝ անկախ իշխանությունների ցանկություններից:

«Վստահ եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ինքնամաքրման խնդիր չունի, ինչը ապացուցվեց նախագահի վերջին ընտրություններում նրա տարած համոզիչ հաղթանակով: Եթե նույնիսկ 2008-ին առաջին նախագահը չմտներ նախագահական ընտրապայքարի մեջ, միեւնույն է, նա պատմության մեջ մնալու էր որպես ՀՀ հիմնադիր եւ արցախյան պատերազմում հաղթանակած նախագահ»,- «Առավոտի» հետ զրույցում երեկ կարծիք հայտնեց ՀՀՇ վարչության անդամ Կարեն Կարապետյանը: Առիթը՝ «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» հասարակական նախաձեռնության նախկին քարտուղար Արմեն Աղայանի՝ մեր թերթում հրապարակված տեսակետն էր, որ 2008-ին մտնելով նախագահական ընտրապայքարի մեջ՝ առաջին նախագահը բարեհաջող լուծեց իր առջեւ դրած ինքնամաքրման խնդիրները: Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ Տեր-Պետրոսյանն իր ելույթներում հստակ նշել է այն պատճառները, որոնց արդյունքում ինքը նման որոշում էր կայացրել, անգամ ընդդիմադիր դաշտի ամբողջական միավորման դեպքում նա պատրաստ էր երեք տարուց հեռանալ՝ փոխանցելով արդար, ժողովրդավարական հիմքերի վրա դրված պետություն: «Տեր-Պետրոսյանն ապացուցեց, որ ինքն առաջնորդվում է բացառապես Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի շահերից եւ չունի որեւէ անձնական նպատակ, որը կարող է հետապնդել»,- կարծում է Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին՝ ՀՀՇ վարչության անդամը տեղեկացնում է, որ ոստիկանության աշխատակիցներն այցելում են քաղաքացիների բնակարաններ եւ սպառնալով հորդորում, որ մարդիկ չմասնակցեն այդ հանրահավաքին, ինչպես նաեւ դատավարական պրոցեսներին, հատկապես «7-ի» գործին: «Դա եւս մեկ անգամ ցույց է տալիս իշխանության անհանգստությունը: Միաժամանակ, ուրախությամբ կարելի է արձանագրել, որ ոստիկանների այցերը հաջողություններ չեն գրանցել: Մեզ հայտնի չէ որեւէ դեպք, որ ոստիկանության այցից քաղաքացիները վախենան, ընկրկեն եւ խոստանան հանրահավաքներին կամ դատավարություններին չմասնակցել: Բացի այդ, քաղաքական ակտիվությունը չի պայմանավորվում միայն հրապարակային հավաքներով: Այսօր ՀՀ բոլոր շրջաններում բացվում են ՀԱԿ-ի գրասենյակներ, անդամագրման տեմպը բավականին մեծ է, մարդիկ անընդհատ տեղեկություններ են փոխանակում. դա եւս մի գործընթաց է, որը փաստում է ակտիվության մասին: Իսկ հանրահավաքն ավելի շատ կվերաբերվի հետագա քայլերին եւ ռազմավարությանը»: Հանրահավաքի մասին ՀԱԿ-ն արդեն իրազեկել է պատկան մարմնին: Անկախ նրանից՝ այն կարտոնվի, թե՝ ոչ, Կարեն Կարապետյանն ասում է, որ «հանրահավաքը կկայանա, քանի որ հիմա Հայաստանում ստեղծված է մի իրավիճակ, որ ոչ միայն կուսակցություններն են ընդդիմադիր, այլեւ հասարակության գրեթե 80%-ը: Եվ հասարակության ակտիվությունն ու վճռականությունն այն աստիճանի են հասել, անգամ եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը չփորձեն էլ որեւէ զանգվածային միջոցառում իրականացնել, ապա հասարակությունը ոտքի կկանգնի եւ կշարունակի իր պայքարը: Ուստի, այս հանրահավաքն ավելի շատ հասարակական պահանջ է»: Մտավախություն չկա՞, որ ողբերգական իրադարձությունների տարելիցի օրը նոր ողբերգություններ տեղի կունենան «Ոչ: Եվ ոչ թե նրա համար, որ լավ կարծիք ունեմ այս իշխանությունների մասին, այլ՝ նրանք դեռ չեն մարսել մարտի 1-ը: Դեռ կան պատասխաններ պահանջող շատ հարցեր՝ ո՞վ հրամայեց կրակել խաղաղ ցուցարարների վրա, ովքե՞ր ի կատար ածեցին հրամանները: Բանտերում դեռեւս քաղբանտարկյալներ կան, եւ իշխանությունը որեւէ քայլ չի ձեռնարկում իրավիճակը փոքր-ինչ մեղմելու համար: Գոնե սեփական շահից ելնելով՝ իշխանությունը նոր բռնությունների չի գնա»,- կարծում է Կ. Կարապետյանը:

Քանի որ, մեր զրուցակցի համոզմամբ, «ազատագրական շարժումը» սկսվել է շատ ավելի վաղուց, երբ իշխանության գալով, այս վարչախումբը սկսեց կեղծել ընտրությունները, ուստի նա հարցերի լուծումը չի պայմանավորում ի հայտ եկող սոցիալական դժգոհություններով. «Դրանք, անշուշտ, հարուցում են մարդկանց արդարացի վրդովմունքը, հատկապես, երբ աշխարհում բոլոր իշխանությունները գնում են մարդկանց օգնելու ճանապարհով, իսկ ՀՀ-ում՝ ճիշտ հակառակը, բայց խնդիրն ավելի խորն է»: ՀՀՇ վարչության անդամը չի բացառում, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը հանդիսանա իշխանության՝ ներսից քայքայման պայման, բայց՝ «Մեր պայքարը երբեւէ իր հույսը չի դրել ոչ արտաքին աշխարհի, ոչ էլ ներքին մանիպուլյացիաների եւ իշխանությունների ներսում տեղի ունեցող ճեղքերի վրա: Այսօր, երբ իր իրավունքների համար հասարակայնության մեծամասնությունն է կանգնած պայքարի, իշխանական բուրգի ներսում առաջացող ճաքերն արդեն իշխանության խնդիրն է: Երբ իշխանությունը դուրս է գալիս պայքարի՝ սեփական ժողովրդի դեմ, նրա հաղթանակը հակաբնական է, եւ նման իշխանությունը դատապարտված է»: Հղում անելով հնդկական հեղափոխության դասերին եւ այդ ժամանակ ձեւավորված թեւավոր խոսքերին՝ «Մենք կհաղթենք նաեւ բանտերում լինելով», Կարեն Կարապետյանն ասում է. «Հայ հասարակությունը չհաղթելու ելք չունի, եւ դրա արդյունքում պարտադիր չէ, որ ՀԱԿ-ը գա իշխանության, այլ՝ այն ուժը, որը կստանա ժողովրդի քվեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել