Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱԺԱՆ «ՈՐԲԵՐԸ»

Փետրվար 11,2009 00:00

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հայաստանյան հեռուստաընկերությունների կողմից եթեր հեռարձակվող սերիալների, գովազդների վերաբերյալ երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Խորին մտահոգությունս եմ հայտնում ներկայումս ՀՀ-ում Հանրային եւ մասնավոր հեռուստաընկերությունների կողմից եթեր հեռարձակվող սերիալների եւ գովազդների որակի ու բովանդակության եւ հատկապես ձեւավորման փուլում գտնվող անչափահասների վրա դրանց բացասական ազդեցության կապակցությամբ: Վերջերս հայաստանյան տարբեր հեռուստաալիքներ ցուցադրում են ցածրորակ սերիալներ, որոնք փողոցային ժարգոնով ու հայհոյանքներով են համեմված եւ գովազդում են հանցագործ աշխարհի օրենքներով ապրելը: Չի պահպանվում եթերի գրագիտությունը եւ բարոյականությունը, մեր հասարակությունը եւ հատկապես նրա խոցելի խումբ հանդիսացող մեր երեխաները ստիպված են այսօր դիտել գռեհիկ, ապադաստիարակչական հեռուստաարտադրանք, ցինիկ հեռուստագովազդներ: Պակաս մտահոգիչ չէ, որ եթերում ցուցադրվում են նաեւ դաժան տեսարաններով եւ բռնություններով լի հեռուստաֆիլմեր, որոնք զուգորդվում են հոգեբանական տեռորով, արժանապատվության վրա հիմնված արժեհամակարգի խարխլումով: Այս ամենը, բնականաբար, ծանր հոգեբանական ազդեցություն են ունենում հատկապես երեխաների վրա, նրանց մեջ սերմանում ընկճվածություն, անելանելիության զգացողություն, անհանդուրժողականություն, ագրեսիվություն եւ այլ բացասական որակներ: Փաստորեն, բարոյադաստիարակչական ազդեցություն ունենալու, մարդու իրավունքները որպես բարձրագույն արժեք սերունդների մեջ արմատավորելու փոխարեն, նմանատիպ ֆիլմերը, գովազդները ըստ էության հակառակ ազդեցությունն են ունենում: Չկենտրոնանալով որեւէ հեռուստաընկերության վրա՝ որպես օրինակ ցանկանում եմ նշել մամուլում բազմիցս քննարկված «Որբերը» հեռուստասերիալը:

Կոչ եմ անում բոլոր հեռուստաընկերություններին եւ նրանց գործունեությունը վերահսկող ՀՌԱՀ-ին՝ միջոցներ ձեռնարկել իրավիճակը շտկելու ուղղությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել