Կամո Մանուկյանի 465 էջանոց «Եվգենիկան» այս օրերին դարձել է իրավաբանների սեղանի գիրքը: Այն պատճենահանված է:
Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավաբան Կ. Մանուկյանը փաստագրական հարուստ նյութերի հիման վրա նկարագրում է Հայաստանի իրականությունը 1960-70թթ.՝ մինչեւ մեր օրերը: Խոսքը Հայաստանի քաղաքական վերնախավի կոռումպացվածության, իրավական աշխարհի ներքին դավերի մասին է: Այս գրքի հերոսները նախկին ժողդատավորներ են, դատախազներ, կուսակցական չինովնիկներ՝ հանցավոր կապերով, իրավաբանականի ռեկտորներ, հեռուստատեսային խամաճիկներ, հետապնդված փաստաբաններ: Առանձնակի հետաքրքրությամբ են ընթերցվում այդ տարիներին կատարված՝ պատվիրված սպանությունների մասին գլուխները: Մասնավորապես, 1988թ. հուլիսի 5-ին՝ Երեւանում Սանասար Կուրղինյանի, հուլիսի 9-ին՝ Քաջիկ Թորոսյանի սպանությունները: Նրանք, ըստ ՍՄԿԿ կենտկոմի, դատապարտվել էին պրովոկացիայի արդյունքում եւ ՍՍՀՄ գլխավոր դատախազությունը պահանջել էր Հայաստանի դատախազությունից՝ արդարացնել նրանց: «ՀՀ գլխավոր դատախազ Օսիպյանն իրազեկվել էր այդ մասին, իսկ դա իր համար մահ էր: Որպեսզի այդ մահը կանխվեր, անհրաժեշտ եղավ երկու սպանություն: Մինչեւ հուլիսի 12-ը, այսինքն՝ Քաջիկի թաղման օրը, լուրեր տարածվեցին այն մասին, որ Քաջիկին սպանել է Սանասարը եւ փախել Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Սանասարի դիակը պատահաբար հայտնաբերեցին ձկնորսները՝ Սեւանա լճից: Եթե չհայտնաբերվեր դիակը, ապա դատախազությունը (ինչպիսի՜ տրագիկոմեդիա. սպանության գործի նախաքննությունը ղեկավարում էր հանրապետության դատախազ Սուրեն Օսիպյանը) կհիմնավորեր այդ վարկածը եւ քրեական գործը կփակեր»,- գրում է գրքի հեղինակը:
1989-ին Հայաստան է գալիս խորհրդային ՊԱԿ-ի օպերատիվ խումբը, որը խուզարկում է գլխավոր դատախազ Ս. Օսիպյանի բնակարանը եւ կալանավորում նրա որդուն՝ Կուրղինյանի եւ Թորոսյանի սպանությունները կազմակերպելու մեղադրանքով: Խուզարկությանը ականատես է եղել Պուշկին Սերոբյանը:
Ի դեպ, Կ. Մանուկյանը խոսում է նաեւ այն մասին, թե ինչպես էր խախտվում տարածքային ընդդատյա լինելու սկզբունքը, եւ դատավարությունն ընթանում ոչ թե Երեւանում, ուր տեղի էր ունեցել իրավաբանների սպանությունը, այլ՝ Կիեւում:
Տեղեկացնենք, որ գրքի հեղինակը նախկին կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի հորեղբոր որդին է: