Լրահոս
Օրվա լրահոսը

«2008 X»-ը մեկնարկում է

Փետրվար 11,2009 00:00

Փետրվարի 16-ից մարտի 2-ը Երեւանում երկրորդ անգամ կանցկացվի Ազգային թատերական ստեղծագործական միավորման «X» փառատոնը: Այս մասին երեկ տեղեկացրին փառատոնի նախագահ Ռուբեն Բաբայանն ու գեղարվեստական ղեկավար Արա Խզմալյանը: Նախորդ փառատոնը կայացել է անցյալ տարի եւ կոչվել է «2007X»: Մասնակցել է 7 թատրոն՝ 8 ներկայացմամբ: Այս տարի մասնակցում է 18 թատրոն, որից 2-ը՝ մարզային՝ Գյումրիից եւ Վանաձորից: Փառատոնի անունը որոշել է Ռ. Բաբայանը, իսկ բացատրությունը տվեց գեղարվեստական ղեկավար Ա. Խզմալյանը. «Մեզ թվում է, որ արվեստներից ամենաանկանխատեսելին մնում է թատրոնը: Կարող ես անել շատ արժեքավոր մի բեմադրություն, բայց դա տապալվի, քանի որ հանդիսականի սպասումներն այլ էին: Անկանխատեսելիության համար էլ փառատոնը կոչել ենք «X»: Պարոն Խզմալյանը ավելացրեց, որ, նախաձեռնելով այս փառատոնը, իրենք խնդիր ունեն կրթված հանդիսականին ու հասարակության կրթված խավին ներգրավելու թատրոն: Սա այսօրվա ամենալուրջ խնդիրներից մեկն է, որը կլուծվի միայն նրանց անմիջական մասնակիցը դարձնելով: «Փառատոնը նպատակ ունի նաեւ լուծելու հետեւյալ հարցը. տարիներ շարունակ՝ անկախացումից հետո, մարդիկ բեմադրություններ են արել, մեղմ ասած, անպատասխանատու ստեղծագործական հոգեբանությամբ: Ներկայացումները մի քանի անգամ խաղացել են, եւ շատ ներկայացումներ անցել են անարձագանք: Մենք անցյալ տարվա փորձից հասկացանք, որ նման քննարկումները՝ ե՛ւ բաց հրապարակային, ե՛ւ մասնագիտական, բարձրացնում են ստեղծագործողների պատասխանատվության զգացումը: Այսինքն՝ գիտեն, որ տարվա մեջ կա գոնե մեկ օր, երբ իրենց բեմադրությունները պիտի դառնան հրապարակային քննարկման նյութ, դրանց մասին պետք է խոսեն ոչ միայն քննարկման ժամանակ, այլեւ դրանից հետո: Սա նկատելիորեն աշխուժացնում է թատերական մթնոլորտը»,- հավելեց Ա. Խզմալյանը: Փառատոնի նախագահ Ռ. Բաբայանի խոսքերով՝ «X»-ն ունի մի քանի չափանիշ, որոնց անպայման պետք է համապատասխանեն բոլոր թատրոններն ու ներկայացումները: Ներկայացումն անպայման պետք է բեմադրված լինի 2008-ին: Թատրոնն ինքն է որոշելու, թե որ ներկայացումն է մասնակցելու փառատոնին եւ յուրաքանչյուր ներկայացումից հետո տեղի է ունենալու ներկայացման քննարկում: Դա արվում էր նաեւ անցյալ տարի, սակայն մի քիչ ավելի լայն շրջանակներում: Քննարկումներին ներկա կլինեն թատերագետներ, թատերական նկարիչներ, կոմպոզիտորներ, դրամատուրգներ եւ, միանշանակ, նաեւ լրագրողներ: Եվ այս ամենն այն պատճառով է, որպեսզի խոսակցությունը լինի ավելի մասնագիտական: «Երկար ժամանակ Հայաստանում թատերագիտություն-թատերական վերլուծություն-թատերական պրակտիկ գործունեություն կապը իրարից անջատված էին: Այդ կամուրջը պետք է անպայման գործի, քանի որ դա մի ճանապարհ է, որը կզարգացնի այդ ոլորտը: Թատերագիտությունը միշտ շարժվում է թատրոնի հետ միասին: Այդ պատճառով այս քննարկումներին ակտիվորեն մասնակցելու են ոչ միայն պրոֆեսիոնալ, այլեւ երիտասարդ թատերագետները, Թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետի ուսանողները եւ ԳԱԱ թատերագիտության եւ կերպարվեստի բաժինների աշխատակիցները»,- ասաց Ռ. Բաբայանը: Փառատոնը լինելու է ոչ մրցութային, քանի որ, տնօրենի խոսքերով, դա առողջացնում է ներքին մթնոլորտը: Փառատոնը երբեք չի դառնա միջազգային, քանի որ Հայաստանում արդեն կա մի քանի այդպիսի փառատոն՝ «ՀայՖեստ», «Արմմոնո» կամ «Շեքսպիրյան»…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել