Երկու օր առաջ ձեւավորվեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմը: Ընտրվեցին ֆեդերացիայի նախագահի տեղակալները, պատասխանատու քարտուղարը, նախագահության անդամները, ինչպես նաեւ ՀԱՕԿ-ի անդամության թեկնածուները:
Ընտրվելու հաջորդ իսկ օրվանից նրանք զբաղված են նախկինում արվածն ի մի բերելով: Եվ, ըստ ամենայնի, մինչեւ վերջնական կարգուկանոն հաստատելը՝ բավականին ժամանակ կպահանջվի:
Երեկ «Առավոտը» հանդիպեց ֆեդերացիայի նախագահի նորընտիր առաջին տեղակալ եւ գործադիր տնօրեն Հովհաննես Սոֆոյանին: Շնորհավորանքից անմիջապես հետո գործնական զրույց ծավալվեց:
– 2008-ի վերջին ֆեդերացիայի նախագահ ընտրվելուց հետո ունեցած իր առաջին իսկ ելույթում հայտնի գործարար Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ մինչեւ այժմ մարզաձեւում եղած նվաճումները սրանից հետո ընդունվելու են որպես ելակետ, եւ այսուհետեւ նույն ցուցանիշներն արձանագրվելն ինքը համարելու է անհաջողություն: Պարոն Կարապետյանը նաեւ հստակ ասաց, որ նպատակ ունի ըմբշամարտը դարձնել հանրապետության առաջատար մարզաձեւը, ինչի համար ոչինչ չի խնայելու: Արդեն շուրջ երկու ամիս է անցել: Որեւէ կոնկրետ բան արվե՞լ է:
– Այս ընթացքում նախապատրաստական աշխատանքներ են կատարվել: Ֆեդերացիայի ղեկավար կազմն ընդամենը երկու օրվա կյանք ունի: Մոտ օրերս հրավիրվելիք նախագահության նիստում աշխատանքի բաժանում կանենք, յուրաքանչյուրը կստանձնի պատասխանատվության իր կոնկրետ շրջանակները:
– Լավագույն ըմբիշների, մարզիչների համար, բացի պետության եւ ՀԱՕԿ-ի ամսավճարներից եւ պարգեւավճարներից, ֆեդերացիայի նախագահն իր կողմից է՞լ է թոշակներ եւ դրամական խրախուսանքներ սահմանել:
– Այո: Մեր առաջնային նպատակը Եվրոպայի, աշխարհի առաջնություններում եւ հատկապես Լոնդոնի օլիմպիական խաղերում հնարավորին չափ շատ եւ ավելի մաքուր ձուլվածքի մեդալներ նվաճելն է: Դրան տանող ճանապարհներից մեկն էլ առաջատար մարզիկների եւ մարզիչների համար պայմաններ ապահովելն է՝ սկսած նյութատեխնիկական բազայից, բարձր կալորիականությամբ սննդից, վերջացրած սոցիալական պայմանների բարելավմամբ: Բայց նախագահը Հայաստանի առաջնությունների եւ միջազգային մրցումների մրցանակակիրների համար սահմանել է տարբեր չափորոշիչներ: Մի կարեւոր նորամուծություն էլ. մեր մարզաձեւում Սամվել Կարապետյանն առաջին անգամ նախատեսել է կիրառել հետեւյալ սկզբունքը՝ բոլոր տարիքային խմբերի Հայաստանի առաջնությունների հաղթողներին (նաեւ նրանց մարզիչներին), ինչպես նաեւ մրցանակակիրներին, մինչեւ հաջորդ առաջնությունը, թոշակի տեսքով նշանակել ամենամսյա հավելավճար: Սա կխթանի ըմբշամարտի ընդհանուր զարգացմանը հանրապետությունում:
– Մարզերում ի՞նչ քաղաքականություն է վարվելու:
– Ասացի, որ ֆեդերացիայի գործկոմի ամեն մի անդամ պատասխանատվություն է կրելու իրեն հանձնարարված շրջանակի համար: Նրանք շրջելու են քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ, ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրելու են տեղերում մարզաձեւի դրվածքը, վիճակը եւ ներկայացնելու են ծրագրեր: Նախագահությունը դրանք կքննարկի եւ համապատասխան որոշումներ կկայացնի ամեն մի ճիշտ առաջարկության վերաբերյալ:
– Շատ հաճախ մեր հավաքականները միջազգային մրցումների մեկնում են թերի կազմերով, որովհետեւ այս կամ այն քաշային կարգում պահանջվող մակարդակի ըմբիշ չունենք: Այդ խնդրին լուծում գտնել հնարավո՞ր է:
– Դա ժամանակի խնդիր է: Ծրագիրը, որ դեռ մշակման փուլում է, հետեւյալն է: Եթե ներքին առաջնություններում մեր թույլ քաշային կարգերում տեսնենք այնպիսի մարզիկների, որոնք հույս են ներշնչում, կգործուղենք միջազգային մրցաշարերի: Թող փորձ ձեռք բերեն, իրենց դրսեւորեն: Տա Աստված, որ նրանք ցույց տան իրենց իսկական կարողությունները: Այդ դեպքերում նրանց անպայման տեր կկանգնենք, ընդհուպ մինչեւ ազգային հավաքական ընդգրկելը: Ֆեդերացիայի նախագահը, համոզված եմ, սրան միանշանակ կողմ է:
– Իսկ եթե ակնկալիքները չարդարացնեն, դրսից ըմբիշներ կհրավիրվե՞ն:
– Բացառված չէ:
– Բայց մեր մասնագետներից ոմանք այն համոզման են, որ լեգեոներականներ հրավիրելը արգելակում է կադրերի աճը: Տեղացի ըմբիշները, ասես, թեւաթափ են լինում:
– Համաձայն չեմ: Թեեւ դա ֆեդերացիայի նախագահին հետաքրքրող ամենալուրջ հարցերից մեկն է եւ կոնկրետ որոշում կայացնելու անհրաժեշտության դեպքում ենթակա է լուրջ քննարկման: Նախապատվությունը, միանշանակ, պետք է տալ տեղի կադրին, իհարկե, եթե այդպիսիք կան: Բայց այդպես մտածողները թող բերեն մի օրինակ, երբ մինչեւ հիմա տեղի ու հրավիրվածի մարզական վարպետության աստիճանի տարբերությունը, ինչպես ասում են, առնվազն մեկ գլխից պակաս է եղել: Օրինակ, Յուրի Պատրիկեեւը: Այդ քաշային կարգում նրան մոտեցող ըմբիշ ունե՞նք: Ոչ: Կամ այնպիսի մեկը, որը դրսում կարողանա շատ, թե քիչ արժանապատիվ ներկայացնել մեր երկիրը: Ինքներդ էլ գիտեք, որ չկա: Հրավերներ լինում են (դա աշխարհում լայնորեն ընդունված է բոլոր մարզաձեւերում), ու պահանջն առաջանալու դեպքում բացառված չէ, որ էլի կարող են լինել, բայց այն քաշային կարգերում, որոնցում մեր մարզիկները տվյալ ժամանակահատվածում պատվո պատվանդանին մոտենալու հեռանկարներ գրեթե չունեն: Կարծում եմ՝ նման դեպքերում լեգեոներականի ներկայությունը մեր մարզիկների մեջ խանդ, առնվազն նրան գերազանցելու պահանջ պիտի առաջացնի: Դրանից նախ եւ առաջ կշահեն ըմբիշները, ապա նաեւ՝ ըմբշամարտը:
– Տեղի կադրի եւ լեգեոներականի խառնաշփոթում հավաքականի կազմը համալրելիս ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվելու:
– Դա մարզչի խնդիր է: Եթե տվյալ քաշում կա լեգեոներական, առաջին, երկրորդ, երրորդ համարներ, մինչեւ կոնկրետ պաշտոնական առաջնությունը՝ մարզիչը նրանց տարբեր մրցաշարերում փորձարկելու հնարավորություն ունի: Ինքը պետք է ֆեդերացիային առաջադրի, թե, ի վերջո, ո՞ւմ է ընտրում: Ու ինքն էլ արդյունքի համար պատասխանատու է լինելու:
– Հայաստանում նոր միջազգային մրցումներ, վարկանիշային մրցաշարեր կազմակերպելու նպատակներ կա՞ն:
– Կարծում եմ, որ դրանք պետք է լինեն մեր առաջնային ծրագրերի շարքում: Հատկապես, վարկանիշային մրցումները: Դրա համար անհրաժեշտ նախապայմաններ գոյություն ունեն: Տվյալ ազգային ֆեդերացիան պետք է ունենա այդ մակարդակի մրցումներին համապատասխանող անհրաժեշտ քանակությամբ ըմբիշներ: Այդպիսի խնդիր մենք չունենք: Երկրում կամ քաղաքում պիտի լինեն միջազգային պահանջները բավարարող ինչպես գլխավոր մրցասպարեզ, այնպես էլ մարզումային դահլիճներ, հյուրանոցային ցանց եւ այլն: Մարզահամերգային համալիրը լավագույններից մեկն է աշխարհում, վերջին տարիներին կատարված մարզական շինարարության արդյունքում այդ հարցը հիմնականում լուծված է, հարմարավետ հյուրանոցների պակաս նույնպես չկա: Այնպես որ, Երեւանը միանգամայն ի վիճակի է նման մրցումներ հյուրընկալել: Մնում է այդ ուղղությամբ աշխատել, իսկ ֆեդերացիան, կարծում եմ, անպայման կաշխատի: