Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻ ՓՈՔՐԻԿ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆՔ»

Փետրվար 11,2009 00:00

Հալեպի ազգային թեմական ժողովի ատենապետ Տարոն Ավետիսյանը՝ սիրիահայ գաղութի մասին

\"\"
Ըստ Տարոն Ավետիսյանի, չպետք է հակադրել ծագումն
ու քաղաքացիությունը:

Հալեպի (Բերիո) ազգային թեմական ժողովի ատենապետ Տարոն Ավետիսյանն ասում է, որ սիրիահայ գաղութը 100 000 է հաշվվում: «Այդքան մարդ է ապրում ողջ Սիրիայում, իսկ դրա 70-75 հազարը՝ Հալեպում, որտեղ նաեւ մեր առաջնորդարանն է գտնվում: Հայկական եկեղեցիները Սիրիայում 22-ն են, դպրոցների թիվն էլ 23 է: Ընդհանուր առմամբ, հայկական դպրոցներում սովորում է 12 000 աշակերտ: Սա Սփյուռքում աշակերտների ամենամեծ թիվն է՝ ըստ բնակչության թվի: Օրինակ, ԱՄՆ-ում 1 մլն հայ է ապրում, բայց հազիվ 5000-ն է հաճախում հայկական դպրոց: Ազգային առաջնորդարանը հսկում է հայեցի դաստիարակության, կրոնագիտության գործը Սիրիայում: Մի խոսքով՝ այնտեղ ունենք մի փոքրիկ Հայաստան»,- գաղութն այսպես է ներկայացնում մեր զրուցակիցը: Նաեւ հավելում է, որ հայերն ապրում են իբրեւ այդ երկրի լիիրավ քաղաքացիներ. «Ոչ մի դժվարություն չունենք: Հաճոյախոսություն չեմ անում, բայց մենք Սիրիայում ապրում ենք որպես հայեր եւ դասավանդում մեր լեզուն ու կրոնը, ունենք քաղաքական ներկայացուցիչ Ազգային ժողովում՝ իրավաբան Սմբուլ Սմբուլյանը: Սկսած երկրի նախագահից ու ամենավերին ատյաններից, հայերս բոլորի հետ լավ հարաբերությունների մեջ ենք: Մեզ միշտ վկայակոչում են իբրեւ պարտաճանաչ, օրինակելի քաղաքացիներ, հայրենասերներ, ասում են՝ հայերը չեն դավաճանում: Ունենք ներկայացուցիչներ՝ ինչպես տեղական կառավարման մարմիններում, այնպես էլ՝ Հալեպի վաճառականական գրասենյակում, որը համագործակցում է հայաստանյան համարժեք կառույցի հետ: Վերջերս Հալեպում մի ցուցահանդես անցկացվեց Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի եւ Հալեպի վաճառականական գրասենյակի հետ միասին, որի արդյունքում մեկ շաբաթ շարունակ մշակութային եւ տնտեսական միջոցառումներ կայացան»:

Պարոն Ավետիսյանը փաստում է, որ ցանկացած գաղութ էլ ունի ինչ-ինչ դժվարություններ, բայց քանի որ սիրիահայ համայնքը կազմակերպված է, ամեն ինչ հեշտ են հաղթահարում: «Մենք չպետք է մոռանանք, որ նախեւառաջ քաղաքացին ենք տվյալ երկրի: Մեզ այդտեղի ժողովուրդը շատ է հարգում… Չենք կարող ասել, որ նախ հայ ենք, ապա սիրիացի, ծագումն ու քաղաքացիությունը չպետք է հակադրել: Նաեւ գիտակցում ենք, որ մայր հայրենիքի հզորությունը մեզ համար կարեւոր է»,- նշում է Տ. Ավետիսյանը:

Ինչպես Սփյուռքի մյուս համայնքների ներկայացուցիչներից, այնպես էլ նրանից հետաքրքրվեցինք՝ շա՞տ են խառն ամուսնությունների դեպքերը: «Խառն ամուսնություններ համարյա չունենք: Փոքր է դրանց հավանականությունը, որովհետեւ հայերը շփվում են իրար հետ, արդեն ասացի, որ Սիրիայում ստեղծել ենք մեր փոքրիկ Հայաստանը: Օրինակ, Լիբանանում ունենք քաղաքական ավելի ուժեղ, բացահայտ ներկայություն, բայց, միեւնույն է՝ մայր գաղութ եղել եւ մնում է սիրիահայ գաղութը, որովհետեւ Սփյուռքում բոլորն այստեղով են անցել: Ի դեպ, խառն ամուսնություն ասելով՝ նկատի ունեի հայ քրիստոնյայի ամուսնությունը արաբ քրիստոնյայի հետ»,- հայտնեց թեմական ժողովի ատենապետը:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ երբեմն Սիրիա մեկնող հայ մարմնավաճառուհիներին: Պարոն Ավետիսյանն այս մասին ասաց. «Պետք է մի բան ընդունենք, ամեն երկրում էլ կան տեսակավոր մարդիկ՝ լավն ու բարին, վատն ու մերժելին: Մենք որպես հայեր, բնականաբար, վատ ենք վերաբերվում նման երեւույթներին: Մյուս կողմից էլ՝ 5 միլիոնանոց Հալեպում հատուկենտ դեպքերը չեն կարող բացասական ազդեցություն ունենալ բարձր վարկանիշ ունեցող հայկական գաղութի վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել