Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փետրվար 11,2009 00:00

Խոպանչիների վիճակը վիճակ չի

Ռուսաստանում աշխատանքային միգրանտների իրավունքները ոտնահարվում են ամեն քայլափոխի՝ փաստում է Human Rights Watch-ը՝ Ռուսաստանում շինարարության ոլորտում աշխատող միգրանտների եւ նրանց իրավունքների պաշտպանության մասին երեկ հրապարակված 130 էջանոց զեկույցում: Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը Ռուսաստանին կոչ է անում շտապ միջոցներ ձեռնարկել իրավիճակը շտկելու համար: «Գո՞հ եք, որ խաբում եք մեզ»,- ըստ Human Rights Watch-ի՝ սա մի հարց է, որը Ռուսաստանում շինարարության ոլորտում աշխատող միգրանտները ամենից հաճախ են տալիս իրենց գործատուներին: Մոսկվայում Հայաստանի դեսպանատան պաշտոնյաներից մեկը Human Rights Watch-ին ասել է, որ դեսպանատունը եւս հաճախ է բողոքներ ստանում անձնագրերի առգրավման, աշխատավարձերի չվճարման, գործատուների կամ ոստիկանների կողմից ստորացուցիչ վերաբերմունքի մասին: Տեղում աշխատող հայ շինարարներից մեկն էլ խոսել է գործատուների կողմից կիրառվող մեկ այլ անօրինական մեթոդի մասին: «Նրանք աշխատանք են առաջարկում, սակայն վճարում են աշխատավարձիդ կեսը, հաջորդ կեսը տեղափոխում են մյուս ամիս, որպեսզի չհեռանաս եւ աշխատես մինչեւ կառույցի ավարտը»,- պատմել է Հայաստանի քաղաքացին: «Մարդկանց այսօրինակ շահագործումը այնքան տարածված երեւույթ է, որ շատերը չեն էլ մտածում աշխատանքը փոխելու մասին, քաջ գիտակցելով, որ հարեւան շինհրապարակում նույն իրավիճակն է»,- ասում է զեկույցի հեղինակ Ջեյն Բուքենոնը:

Թալիբները գլխատել են լեհ երկրաբանին

\"\"Երեկ հայտնի է դարձել, որ թալիբները գլխատել են Լեհաստանի քաղաքացի Պետր Ստենչակին եւ իրականացված ոճրագործությունը տարածել տեսագրության միջոցով: Ինչպես գրում է «Վրեմյա նովոստեյ» թերթը՝ 42-ամյա երկրաբան Ստենչակը Պակիստան է ուղեւորվել պայմանագրային աշխատանքի: Նրան առեւանգել են 2008 թվականի սեպտեմբերի 28-ին՝ սպանելով 2 պակիստանցի ուղեկցորդի եւ թիկնապահին: Թալիբները որպես փրկագին պահանջում էին ազատել պակիստանյան բանտերում գտնվող իրենց 60 զինակիցներին, հեռացնել կառավարական զորքերը առճակատման գծից եւ վճարել փոխհատուցում պատերազմից տուժած քաղաքացիական անձերին: Հունվարի 30-ին թալիբները իշխանություններին վերջնագիր էին ներկայացրել. եթե իրենց պահանջները չկատարվեն, ապա պատանդը փետրվարի 4-ին պիտի սպանվեր: Այնուհետեւ նրանք երկարացրին վերջնագրի ժամկետը եւս մի քանի օրով եւ շաբաթ օրը գլխատեցին Ստենչակին: Լեհական կողմը հավաստիացնում էր հայրենակիցներին, որ փրկագին վճարելու մասին որեւէ բանակցություն չի վարվում, սակայն պակիստանյան աղբյուրները խոսում են $1,25 միլիոնի մասին, որը, սակայն, առեւանգողները հրաժարվում էին վերցնել՝ ասելով, որ այդպիսով դավաճանելու են բանտերում գտնվող իրենց մարտական ընկերներին:

Լեհական ընդդիմությունը պատրաստվում է օգտագործել այդ ողբերգությունը՝ քաղաքական նպատակներով: Ընդդիմության ներկայացուցիչներից մեկը հայտարարել էր, որ իր երկիրը պարտություն է կրել ահաբեկչության դեմ պայքարում, եւ արտգործնախարարը պետք է հրաժարական տա: Իրավիճակի սրումը Աֆղանստանում անհանգստացրել է նաեւ Միացյալ Նահանգներին: Երկուշաբթի օրը Իսլամաբադ է այցելել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Հոլբրուքը՝ խոստանալով, որ նոր ամերիկյան վարչակազմը լրջորեն է զբաղվելու Պակիստանի հարցով:

Ահաբեկիչը կվերադառնա՞ թատրոն

\"\"Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն առաջարկել է Լոնդոնում բնակվող չեչենական անջատողականների առաջնորդ Ահմեդ Զաքաեւին վերադառնալ հայրենիք եւ զբաղվել մշակույթով: «Նա շատ լավ դերասան է եւ կրթված մարդ: Մենք Գրոզնիում թատրոն ունենք, եւ նա նորից կարող է բեմ բարձրանալ կամ դառնալ պետական համերգասրահի վարիչ»,- հայտարարել է Կադիրովը: Միեւնույն ժամանակ, BBC-ին հայտնում է, որ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հեռակա կարգով մեղադրում է Զաքաեւին մի քանի հոդվածով, այդ թվում՝ ահաբեկչության համար, սակայն Չեչնիայի պաշտոնյաները գտնում են, որ Զաքաեւը մերժում է ահաբեկչական մեթոդները եւ չի կատարել ծանր հանցագործություններ: Սա առաջին դեպքն է, երբ Մոսկվային հավատարիմ Կադիրովը ինքնուրույն կեցվածք է ընդունում եւ հակադրվում դաշնային իշխանություններին:

50-ամյա Ահմեդ Զաքաեւը անցյալում Գրոզնիի դրամատիկական թատրոնի դերասան էր, պատերազմի ժամանակ դարձավ դաշտային հրամանատար, այնուհետեւ՝ մշակույթի նախարար եւ փոխվարչապետ: Նա Մեծ Բրիտանիա է տեղափոխվել 2000 թվականին: 2002-ին Մոսկվան պահանջեց Լոնդոնից՝ Զաքաեւին հանձնել Ռուսաստանի իրավապահներին, սակայն Մեծ Բրիտանիան մոտ մեկ տարի տեւող դատաքննությունից հետո մերժեց ՌԴ-ի պահանջը: Բրիտանական դատարանի կարծիքով, ռուսաստանյան կողմը չներկայացրեց Զաքաեւի մեղքի բավարար ապացույցներ: Բացի այդ, Լոնդոնում նշում են, որ առաջին չեչենական պատերազմից հետո Զաքաեւը բազմիցս եկել է Մոսկվա, շփվել ռուսաստանյան պաշտոնական անձանց հետ, եւ այդ ժամանակ նրան ոչ ոք չէր փորձում ձերբակալել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել